Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահականի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալին եւ դադարեցնել նրա նկատմամբ բռնությունները: Ակցիայի նախաձեռնողները սկզբում մտադիր են եղել միջոցառումն անցկացնել նախագահական շենքի պարիսպների մոտ, սակայն ոստիկանությունն արգելել է, եւ նրանք ստիպված դիրքավորվել են մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ, ապա ուղղվել դեպի Հայաստանում ԵԽ ներկայացուցչություն: Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից մեկը՝ Տիգրան Առաքելյանը, «Ա1+»-ին վստահեցրել է, թե «Կոշ» ՔԿՀ-ում Փաշինյանի ու նրա խցակիցների միջեւ օրերս տեղի ունեցած միջադեպը, որը ընդդիմադիրների ձեւակերպմամբ՝ հարձակում է եղել, իսկ պաշտոնական մատուցմամբ՝ խցակիցների հետ ծագած վեճ, հրահրված էր իշխանությունների կողմից եւ ուղղված է խոսքի ազատության դեմ: