«Անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ինչի մասին են բանակցում, ԼՂՀ-ն պահողն այսօր իր հողից կառչած ղարաբաղցին է»,- ըստ «Ա1+»-ի՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Վերջինս ասել է, թե ԼՂ հարցում հայկական կողմի համար թիվ մեկ խնդիրը արցախյան պատերազմից հետո Հայաստանում հայտնված ազդեցիկ ղարաբաղցիներին իրենց ծննդավայր վերադարձնելն է. «Խոսվում է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը պետք է դառնա ԵՊՀ ռեկտոր: Նա պետք է դառնար Շուշիի համալսարանի ռեկտորը: Սաշիկ Սարգսյանը պետք է լիներ ողջ Ղարաբաղի ավտոբուսների պարկի պետը, ոչ թե այստեղ լիներ: Ռոբերտ Քոչարյանը պետք է ներողություն խնդրի ժողովրդից, իր տղաներից, հետո «Ստեֆանո Րիչի» գնա բացի Ստեփանակերտում: Բոլոր պաշտոնյաները պետք է գնան Ղարաբաղ՝ Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, «Միկան», «Ֆլեշը», «Ֆրեշը»: Հողը պահվում է այնտեղ ապրող մարդկանցով»:
ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանը խորհուրդ տվեց մյուսների փոխարեն չորոշել, թե ով որտեղ պետք է ապրի՝ ասելով. «Հողի վրա ապրելը ոչ թե միայն պատվաբեր պետք է լինի, այլեւ շահութաբեր»:
Բանավեճի մասնակիցները համամիտ էին միայն մեկ հարցում՝ առաջիկայում Աստանայում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ընթացքում կողմերին ճանապարհային քարտեզ չի ներկայացվի. «Գլուխները պատին կտան, կներկայացնեն»,- ասաց պարոն Աբրահամյանը, որին շտապեց լրացնել ընդդիմախոսը. «Ես համաձայն եմ»: