Կրկին մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հարձակման է ենթարկվել: Կասկածից դուրս է, որ քաղբանտարկյալ Փաշինյանի դեմ գործադրվող տարաբնույթ ճնշումներն ու բռնությունները միմիայն նրան լռեցնելու, նրա հրապարակախոսական գործունեությունը կասեցնելու նպատակ են հետապնդում: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտելով հայաստանյան իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ անընդհատ կիրառվող բռնություններն ու սադրանքները՝ կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, անկախ իրենց հայացքներից ու կողմնորոշումներից, իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Հայաստանյան լրագրողներին կոչ ենք անում տեղեկատվական շրջափակումը ճեղքելու նպատակով այցելություններ կազմակերպել «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Միայն մեր բոլորի աջակցությունը եւ բողոքի ձայնը կարող են կանխել քաղբանտարկյալի նկատմամբ ծրագրված իշխանական հաշվեհարդարը:
Հ. Գ. Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հայ ազգային կոնգրեսը:
«Առավոտը» դատապարտել է եւ շարունակում է դատապարտել Նիկոլ Փաշինյանի ապօրինի ազատազրկումը, ինչպես նաեւ պահանջում է իշխանություններից՝ ապահովել նրա անվտանգությունը եւ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը: