«Երկու կողմում էլ մեր անցյալը գողացողներից պետք է փրկենք մեր ապագան»,- երեկ հայտարարել է հայ-թուրքական սահմանի բացումը պահանջող «Հզոր Թուրքիա» կուսակցությունը:
«Հզոր Թուրքիա» (GTP) կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի եւ նույն կուսակցության փոխնախագահ ու «Ժողովրդավարություն» ընկերակցության նախագահ Բայբարս Օրսեքի անունը հայ հանրությանը հայտնի չէր այնքան ժամանակ, քանի դեռ նրանք այս տարվա հոկտեմբերի առաջին կեսին չէին հայտարարել, որ որպես հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեմ բողոքի նշան, իրենք՝ Թունա Բեքլեւիչը, Բայբարս Օրսեքը եւ նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինն ու նրանց ուղեկցող պատվիրակությունը խախտել են սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Իբրեւ դրա ապացույց՝ ԶԼՄ-ներում հրապարակվեց սահմանախախտ թուրքերի լուսանկարը՝ «հանցագործության պահին»: Հայաստանում այդ հայտարարության առնչությամբ առժամանակ լռություն էր: Ավելի ուշ ի պատասխան news.am-ի հարցին՝ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հայտարարել էր, թե «Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի հատման որեւէ դեպք չի արձանագրվել»: Նրա հավաստմամբ՝ «եթե նման փորձ ձեռնարկվեր, այն անմիջապես կկանխվեր»: Ավելին, Գուզեեւն ասել էր, թե իրավիճակը հայ-թուրքական սահմանին վերահսկվում է: Բեքլեւիչի պատասխանն այս պնդմանը չուշացավ. «Իհարկե, մենք անցել ենք սահմանը, եւ դրա լուսանկարները կան։ Հայկական մամուլում անհանգստություն նկատվեց մեր՝ սահմանն անցնելու կապակցությամբ, բայց դրա կարիքը չկա։ Մենք միայն խաղաղության եւ եղբայրության կողմնակից ենք»: Արդեն Երեւանում հրավիրած իրենց ասուլիսում կուսակցապետը նաեւ մանրամասնել էր. «Մեր անցած տեղում գետի խորությունը հազիվ 50 սմ էր։ Դա Անիի պատմական եռահարկ կամրջից 150 մ հյուսիս ընկած հատվածն է։ Գետի այդ հատվածը նեղ է եւ ծանծաղ։ Մեզ սուտ հանելու փոխարեն կարելի է ավելի լուրջ թեմաներ քննարկել։ Կարող ենք թեկուզ հաջորդ շաբաթ գնալ եւ գետի այդ մասում չափագրումներ անել»:
Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ն թուրք երկու գործիչներին բերման էր ենթարկել՝ զրուցելու նպատակով: Զրույցից հետո, ինչպես պարզվեց ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրությունից՝ «ՀՀ ԱԱԾ եւ Հայաստանում ՌԴ ԴԱԾ ՍՎ հետ համատեղ ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում օտարերկրացիների հայտարարությունները՝ հայ-թուրքական սահմանը անօրինական հատելու վերաբերյալ, չեն հաստատվել», եւ քանի որ «հայ-թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չկարողացան ներկայացնել», Թ. Բեքլեւիչը եւ Բ. Օրսեքը նախազգուշացվել են, «որ նման վարքագիծը եւ անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են, եւ նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը»:
ԱԱԾ-ի այս բովանդակությամբ հաղորդագրությունը այդ կառույցի նկատմամբ մի տեսակ խղճահարություն առաջացրեց. ի՜նչ մեղք են հա՛մ ԱԱԾ-ն, հա՛մ մենք՝ որպես այս պետության քաղաքացիներ, որ մեր անվտանգության հարցերով այդ կառույցն է զբաղվում: Տարել՝ տարել էր, ԱԱԾ-ն, գոնե, ինքն իրեն պիտի հարգեր ու մեղադրանք առաջադրեր սահմանախախտ թուրքերին, հետո գուցե կարելի կլիներ որպես բարի կամքի դրսեւորում նրանց ազատ արձակել: Դա անել ԱԱԾ-ն, թերեւս, չէր կարող այն պատճառով, որ այդ դեպքում խոստովանած կլիներ, որ ռուսների պաշտպանությանը հանձնված մեր սահմաններն այնքան էլ պաշտպանված չեն, իսկ դրանից կհետեւեր նաեւ՝ ռուսները չէ, որ մեզ թուրքերից եւ այլ սահմանախախտներից պաշտպանելու են: Այս առնչությամբ նաեւ այլ վարկած կա. ռուսներն են ստիպել կամ հորդորել հայկական կողմին՝ ԱԱԾ-ին, ռուս սահմանապահների պատիվը փրկելու համար պաշտոնական ընթացք տալ այդ գործին եւ հերքել սահմանը խախտելու փաստը: Բայց ԱԱԾ-ի հերքումը համոզիչ չէր. ի՞նչ ասել է՝ օրինական ճանապարհով (թուրք գործիչները Երեւան ժամանել էին օրինական ճանապարհով) Հայաստան եկած մարդուն երկրից վտարել միայն այն բանի համար, որ նա «անպատասխանատու հայտարարություն» է արել, կամ որ դա ԱԱԾ-ի կարծիքով՝ «անընդունելի» է: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, ապա Հայաստանից «անպատասխանատու հայտարարություն» անելու համար շատ-շատերին կարելի է վտարել՝ իշխանական համակարգի պաշտոնյաներից սկսած:
Այս խճողված պատմության շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Առավոտը» նոյեմբերի 1-ին դիմել էր «Հզոր Թուրքիա» կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքին՝ փորձելով ճշտել, թե այդ ի՞նչ հիմնավորումներ են իրենք ներկայացրել ԱԱԾ-ին, որ վերջիններս դա հիմնավոր չեն համարել, եւ ինչպե՞ս են գնահատում Հայաստանից իրենց արտաքսման փաստը: Պարոն Օրսեքը մեզ պատասխանել էր. «Մենք մի քանի հայտարարություն ենք պատրաստել այս թեմայի հետ կապված, որի մասին հարցնում եք, բայց բարի եղեք թույլ տալ մեզ այլեւս չնշել այս թեմայի մասին։ Սահմանը հատելու թեման փակված է մեզ համար, այն պահից, երբ մեզ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ դա անօրինական է: Այդուհանդերձ, մենք կշարունակենք մեր ջանքերը մեր երկրների հարաբերությունները նորմալացնելու գործընթացում»:
Սահմանախախտ թուրք գործիչների գլխավորած կուսակցությունը երեկ հրապարակել է խոստացված հայտարարությունը: Դրանում մասնավորապես ասված է. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանների բացման համար իրականացրած պայքարով ուշադրություն գրավող «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը պաշտպանում է այն տեսակետը, որ սահմանների բացումը Կովկասյան տարածաշրջանին խաղաղություն եւ անդորր կբերի»:
Թուրքիայի Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում Հայաստանի դուրսբերումը արտաքին սպառնալիքների ցուցակից Բեքլեւիչը «շատ տեղին արված մի փոփոխություն» է գնահատում՝ նշելով, որ եթե ՀՀ-ն ավելի բաց լինի երկխոսության համար, այսօր Կովկասում անդորրն ու եղբայրությունը կգերիշխեն. «Այս պահին մենք շատ հստակ հաղորդագրություն ենք տալիս: Հասարակական կազմակերպությունների, գիտնականների, գործարարների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ ենք հանդիպում: Սահմանների բացման հարցում Թուրքիայում լուրջ համաձայնություն կա: Խաղաղության համար երկխոսություն է անհրաժեշտ»: «Երկու կողմերի անջատողականները երկու հասարակություններին էլ թունավորել են: Հիմա մեր պարտականությունն այս կատաղած փոքրամասնությանը հանգիստ ու անձայն մեծամասնությամբ լռեցնելն է: Երկու կողմում էլ մեր անցյալը գողացողներից պետք է փրկենք մեր ապագան»,- համոզմունք է հայտնել Թունա Բեքլեւիչը, ով ավելի վաղ՝ դեռ Թուրքիայում հայտարարել էր, որ եթե մինչեւ 2011թ.-ն հայ-թուրքական սահմանը չբացվի, նույն այդ ճանապարհով 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդ սահմանը կանցնեն: «Մենք երկու երկրների կառավարություններից պահանջում ենք սահմանների բացման համար դրական պատասխան»,- հայտարարել էր «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարը: