Այսպես է բացատրում իր հեղինակած օրինագիծը շրջանառությունից հանելու որոշումը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
– Ի՞նչն էր պատճառը, որ ետ վերցրիք «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրինագիծը, որով պետք է բարձրացվեին դատավորների եւ պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերը: Արդյոք մտածեցիք, թե սոցիալական բո՞ւմ կառաջանա, եւ հասարակությունը կընդվզի ղեկավար աշխատողների աշխատավարձերի բարձրացման դեմ, երբ մեծամասնության աշխատավարձերն այսքան չնչին են:
– Դեռ 2008-ի մայիսին է այս նախագիծը շրջանառության մեջ դրվել: Օրինագծի հեղինակներս այն ժամանակ ներկայացնում էինք կոալիցիոն ուժերը: Համաձայնեցնելով այս գործողությունը կառավարության եւ իշխանության բարձրագույն ղեկավարության հետ՝ նպատակն էր հունավորել 2003-2004-ին սկսված բարեփոխումները: Իսկ այդ թվերին որդեգրվել էր հանրային ծառայության ոլորտում բարեփոխումների հայեցակարգ, որով նախատեսվում էր, որ աստիճանաբար բարձրացնելով՝ հանրային ծառայության մեջ ներգրավված անձինք պետք է ունենային բավարար եւ արժանապատիվ վարձատրություն (այն երեք սյուների համախումբ է՝ բազային դրույքաչափ, հավելումներ եւ սոցիալական ապահովագրություն): Սկսվեց բազային աշխատավարձի գաղափարախոսությամբ: Ինչպես գիտեք, քաղաքացիական ծառայողներին տրվում էր բազային աշխատավարձ, եւ, ըստ պաշտոնների եւ դասային աստիճանների, նաեւ հավելումներ էին կիրառվում նրանց բազային աշխատավարձի նկատմամբ: Այն ժամանակ քաղաքացիական աշխատողների բազային աշխատավարձը սահմանվել էր 20 հազար դրամ: Նաեւ սահմանվեց ղեկավարների պաշտոնական դրույքաչափեր այն չափով, ինչ գործում էր նաեւ ներկայումս: Նախատեսվում էր, որ աստիճանաբար անցում պետք է կատարվի. նվազագույն աշխատավարձը եւ բազային դրույքաչափը բարձրացնելով՝ հասնել արժանապատիվ վարձատրության: Ցավոք, ընթացքում բարեփոխման գաղափարը խեղաթյուրվեց, եւ, բացի ղեկավարների աշխատավարձերի պաշտոնական դրույքաչափերից, բացառությամբ դատավորների, մնացած բոլորի մոտ տեղի ունեցան բարձրացումներ, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության ոլորտում 100 տոկոս աճ է գրանցվել, 20 հազարը դարձավ 40 հազար: Թեեւ այս 40 հազարը եւս ոչ մի ձեւով չի կարող երաշխավորել արժանապատիվ վարձատրություն: Մինչեւ 2009 թվականը տեղի էր ունեցել նաեւ ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի առանձին դեպքերում բարձրացումներ, օրինակ՝ դատավորների եւ Վերահսկիչ պալատի մասով, եւ ընդունվել էին առանձին օրենքներ, որոնք կապվում էին դատավորների աշխատավարձերի հետ: Ակնհայտ էին համակարգի խեղաթյուրումները, երբ, օրինակ, ՀՀ նախագահի պաշտոնային դրույքաչափը (400 հազ. դրամ), էլ չասած վարչապետի (350 հազ.), նախարարի (300 հազ.) կամ պատգամավորի աշխատավարձերը ավելի քիչ են, քան Վերահսկիչ պալատի անդամի կամ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափերը, իսկ որ ավելի զավեշտալի է՝ այն ավելի ցածր է, քան, օրինակ, ՀՀ ԿԲ բաժնի պետի աշխատավարձը: Եվ որպեսզի սա չդառնա քաղաքական շահարկումների առարկա, կառավարությունը, նաեւ մեզ հետ քննարկումների արդյունքում, առաջարկեց, եւ մենք էլ ընդունեցինք, որ այսպիսի մի առաջարկ ներկայացնի խորհրդարանը: Մանավանդ, խոսքը համեմատաբար նոր կազմավորված խորհրդարանի մասին էր, եւ սա հնարավորություն կտար, որպեսզի կառավարությունն այս ուղղությամբ ավելի արդյունավետ աշխատեր: Սակայն կառավարությունը հետագայում գնաց այլ ճանապարհով եւ հարցը տեղափոխեց քաղաքական շոուի դաշտ ու փորձեց ներկայացնել, թե իբր ինքը շատ է մտածում մեր քաղաքացիների թոշակների, նպաստների մասին՝ բացասական եզրակացություն տալով այս նախաձեռնությանը: Ակնհայտ է, որ ողջամիտ տրամաբանությունը չի կարող հակասություն տեսնել բարձր աշխատավարձերի եւ նպաստների ու թոշակների միջեւ:
– Գուցե այն խնդիրը, որ դրել էիք այդ նախաձեռնությամբ, պարզապես անհնարին է իրականացնել այսօր՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:
– Ամենեւին, մեր խնդիրն էր կրկնակի բարձրացման միջոցով հասնել 2003-2004-ի ելակետային դրությանը եւ այնուհետեւ անցում կատարել փոփոխությունների ամբողջ համակարգում՝ ներառյալ հանրային ծառայության բոլոր աստիճանները, այդ թվում նաեւ՝ հասնելով տնտեսության մեջ նվազագույն աշխատավարձի միասնական ռազմավարությանը: