Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Վերլուծություններ՝ Վահրամ Միրաքյանի  գրքում

Լույս է տեսել Վահրամ Միրաքյանի «Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները» գիրքը: Ըստ հեղինակի, գիրքը պատմում է տեղեկատվական-հոգեբանական պատերազմների եւ դրանց կարեւորության մասին. «Գիրքը հետազոտությունների շարք է, որը ներկայացնում է հեռուստատեսության, ռադիոյի եւ մամուլի միջոցով մանիպուլյացիոն ազդեցության հնարավորությունները՝ ինչպես խաղաղ իրավիճակներում, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ: Ուսումնասիրված է միջազգային փորձը՝ հեռուստատեսության եւ ռադիոյի ծագումից սկսած, ինչպես է կիրառվել: Անդրադարձել եմ նաեւ տպագիր մամուլին, այսինքն, թե ինչ մակարդակի հնարքներ են կիրառում տպագիր ԶԼՄ-ները»: Գրքի վրա հեղինակն աշխատել է 3 տարի, իսկ ուսումնասիրությունների մեծ մասը, նախքան գրքի մեջ ընդգրկվելը, տպագրել  գիտական ամսագրերում: 
Հեղինակը առանձնացրեց ադրբեջանական տեղեկատվական քաղաքականության վերաբերյալ իր ուսումնասիրությունները. «Այդտեղ ներկայացվում է, թե Ադրբեջանն ինչ տեխնոլոգիայով է գործում: Այս մասում օգտագործել եմ Հայաստանում առկա ադրբեջանական տեղեկատվության քաղաքականության մասին ողջ գրականությունը, ուսումնասիրությունները: Օրինակ, անցյալ տարի Euronews հեռուստաալիքը նյութ ցուցադրեց Արցախի խնդրի վերաբերյալ, որից հետո Ադրբեջանը որոշակի տեղեկատվական գործողություն իրականացրեց, ինչի արդյունքում Euronews-ը հանեց մի ադրբեջանամետ ֆիլմ: Մի հատված էլ կա ռազմական գործողությունների ժամանակ տեղեկատվական գործողությունների մասին: Տեղեկատվական հոգեբանական պայքարի ոլորտը հնարավորություն է տալիս փոքր ռեսուրսներով հասնել առավել մեծ արդյունքների: Փաստ է, որ հոգեբանական պատերազմների արդյունքում ավելանում է մահացության թիվը, այսինքն՝ հստակ մարդկային զոհերի է բերում հոգեբանական պատերազմը»:
Գրքի խմբագիր, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն էլ ասաց, որ Վ. Միրաքյանի գիրքը կօգնի շատերին հասկանալ՝ մեր երկրում այս կամ այն զարգացումները ինքնաբո՞ւխ բնույթ ունեն, թե՞ ուղղորդված են դրսից. «եթե ուղղորդված եւ համակարգված են, ապա ում կողմից եւ ինչ վտանգներ են պարունակում դրանք: Այստեղ հստակ խնդիր կա դրված՝ գնահատել այս կամ այն գործընթացը, հասարակական զարգացումների պոտենցիալ վտանգները մեր երկրի համար: Չէ՞ որ մենք հրադադարի պայմաններում ենք ապրում եւ այս առումով պետք է գիտակցենք, որ մեր երկրի խոցելի կողմերը հակառակորդի համար կդառնան մեզ թուլացնելու միջոց: Հետեւաբար՝ գրագետ վերլուծությունների կարիք ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել