Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաստակած հանգիստը՝ այսքան արդյունավետ

Նոյեմբեր 04,2010 00:00

Մի մեղրեցու պատմություն

\"\"
Արտո Պետրոսյանը իր 6 թոռների եւ 2 ծոռների հետ:

Մեղրի կատարած վերջին այցիս ընթացքում պատահաբար փողոցում հանդիպեցի մեր՝ Գործարանային փողոցի հմուտ, բարեհամբույր եւ միշտ պատրաստակամ կոշկակար Արտոյին: Նա արդեն անցել էր վաստակած հանգստի, բայց իր  հանգիստը տեսնում էր աշխատանքի մեջ: Պարզվեց, որ վարպետ Արտոն Մեղրու կենտրոնական զբոսայգում տնկել է դեկորատիվ ծառեր (սեփական նախաձեռնությամբ) եւ շաբաթը 2-3 անգամ դույլը ձեռքին մոտ 1 կմ ճանապարհ է անցնում՝ իր տնկած ծառերը ջրելու:
Իմ հարցին, թե ինչո՞ւ չի հանձնարարում զբոսայգու մոտ ապրողներից որեւէ մեկին ջրելու ծառերը, վարպետը պատասխանեց.
– Ոչ մեկին չեմ վստահում, քանի ոտքերումս ուժ կա, ինքս կջրեմ, իմ չլինելուց հետո ուրիշ բարի մարդ երեւի կգտնվի եւ կշարունակի իմ գործը:
Մեր զրույցից տեղեկացա, որ նա  օգոստոսի 14-ին իր ողջ գերդաստանով նշել է իր 80-ամյակը, բայց դեռեւս առողջ է, ժպտադեմ եւ կենսասեր:  Արտո Պետրոսյանը սիրով է վերհիշում իր անցած կյանքի ճանապարհը:
Ծնվել է Մեղրու շրջանի Մալեւ գյուղում, որը վաղուց չկա քարտեզի վրա եւ լքյալ տարածք է, ուր բնակվում են գյուղի վերջին մոհիկանները՝ տարեց ամուսիններ:
Գյուղի դպրոցն ավարտելուց հետո նա մեկնել է զինվորական ծառայության, իսկ վերադարձին աշխատանքի է անցել Ագարակավանի նորակառույց պղնձամոլիբդենային կոմբինատում:  1956 թվականին Արտոն ամուսնանում է իր սիրած աղջկա՝ համագյուղացի Արուսի հետ եւ  նորաստեղծ ընտանիքը տեղափոխվում է Մեղրի, ուր Կառուցողների փողոցում սեփական տներ էին կառուցում նորաբնակները:
Սեփական ձեռքերով կառուցած տանը  ծնվում են նրա 3 զավակները՝ դուստրը եւ 2 որդիները: Իր տնամերձ այգում, արդեն կոշկակար աշխատող վարպետը աճեցնում է պտղատու ծառեր, պատվաստում նոր  ծառատեսակներ եւ ստանում այնպիսի մերգեր, որոնք որակով եւ համով անգերազանցելի են:
Այժմ վարպետ Արտոն եւ իր տիկինը ապրում են կրտսեր որդու ընտանիքի հետ եւ շատ գոհ են իրենց 6 թոռների եւ դեռեւս 2 ծոռների հաջողություններով:
Հավելենք, որ  ծերունազարդ մեր հերոսը ազատ ժամերին ընթերցում է պատմական գրքեր, օրաթերթեր, միշտ հետաքրքրվում աշխարհում կատարվող իրադարձություններով, բայց ամենից շատ մտահոգված է արցախյան հիմնահարցի խաղաղ եւ արդարացի լուծմամբ: Թերեւս ամենաուշագրավը նրա կյանքում այն 3 մատյաններն են, ուր Արտո պապը շուրջ 50 տարի բարեխղճորեն վավերագրում է ոչ միայն իր գերդաստանի, այլեւ  տարածաշրջանում կատարվող կարեւորագույն բոլոր դեպքերն ու փաստերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել