Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԵՐՈՒՄ Է

Նոյեմբեր 04,2010 00:00

Մեր երկիրը 230 երկրների շարքում կարողացավ առաջատար դիրք զբաղեցնել միայն «Եհովայի վկաների» քանակով

Հայաստան- 3 մլն 240 հազար բնակչության մեջ՝ 10 հազար 586 վկա:
Մոնղոլիա- 3 մլն 41 հազար բնակչության մեջ՝ 233 վկա:
Սա մի հատված է «Եհովայի վկաներ» կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված 2009 թվականի հաշվետվությունից, որն ամեն տարի «Եհովայի վկաներն» ուղարկում են իրենց համաշխարհային գլխավոր վարչություն: Նյու Յորքում գտնվող այդ կառավարիչ մարմինն աշխարհի 230 երկրներից ցուցանիշներ է ստանում, թե որ երկրում քարոզչությունն ինչպես է ընթանում, քանի նոր անդամ է գրանցվել, քանիսն են մկրտվել եւ այլն: Ըստ այդ հաշվետվության, մեր երկրում, փաստորեն, բավականին մեծ հաջողություններ են գրանցվում եւ նույնիսկ սենսացիոն թվով անդամներ են ընդգրկվում: Համեմատության համար նշենք, որ 7 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Բուլղարիայում ընդամենը 1707 «Եհովայի վկա» կա, 9 մլն 671 հազար բնակչություն ունեցող Բելառուսում՝ 4669, նույնիսկ Բուրկինա Ֆասոյում, որտեղ բնակչությունը 15,5 միլիոնից ավելի է՝ վկաների թիվը ընդամենը 1375 է: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Հայաստանն աշխարհի շատ երկրների շարքում ոչ թե վերջին, այլ առաջին տեղերում է:
Թե ինչով է պայմանավորված Հայաստանում 10 հազարից ավելի «Եհովայի վկաների» առկայությունը եւ ովքեր են այդ կրոնական կազմակերպության շարքերում՝ ըստ կայքի, այն մարդիկ են, որոնք այս չար աշխարհից չեն, նրանք չեն ներգրավվում քաղաքական գործերի եւ հասարակական բանավեճերի մեջ, ապրում են Աստվածաշնչի բարոյական չափանիշներով, ծնունդ, Նոր տարի չեն նշում, մատաղ չեն անում, խաչին ու նրա զորությանը չեն հավատում, բանակ չեն գնում: Թե ինչպես է շատանում բանակ չգնացողների, Նոր տարվա ծախսից խուսափողների այդ շարքերը, դա լինում է մեր բոլորի աչքի առաջ, որովհետեւ երեւի չկա տուն, որի դուռը թակած չլինեն գրքերը թեւի տակ դրած մարդիկ ու չփորձեն մարդկանց դարձնել «վկա»: Փողոցում, երթուղայինում, ամենուրեք «Եհովայի վկաները» մոտենում են ու հարցնում՝ «Կարո՞ղ եք ասել՝ որն է այս կյանքի իմաստը», կամ՝ «Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը», եթե որեւէ մեկը պատասխանի, ասենք՝ «կյանքի իմաստը երեխաներն են» կամ «աշխարհի վերջը 2025 թվականին է լինելու», դա նշանակում է, որ մոտակա մեկուկես ժամը վկաների ձեռքից պրծում չի լինի, նրանք ամեն կերպ կառչում են, իրենց հարցադրումներով մարդկանց միտքը շեղում ու վերջում մի 3 տոպրակ դիտարաններ, գրքեր ու բրոշյուրներ տալով՝ ճանապարհում տուն: Եթե տասը մարդ չհավատա ու չկարդա այդ գրքերը, մեկը կկարդա:
Հարավ-արեւմտյան թաղամասում, թիվ 17 եւ 77 մանկապարտեզների ու դպրոցների շրջակայքում մի այգի կա, որտեղով ամեն օր հարյուրավոր ծնողներ են անցուդարձ անում՝ իրենց երեխաների հետ: Հաշվի առնելով, որ լիքը պարապ ծնողներ կան, որոնք իրենց երեխաներին մանկապարտեզում կամ դպրոցում թողնելուց հետո առանձնապես անելիք չունեն, «Եհովայի վկանը» հենց նրանց թիրախ ունենալով՝ ամեն օր վաղ առավոտյան «ծառայության» են դուրս գալիս: Որքան էլ չուզենաս խոսել նրանց հետ, այնպես են մոտենում ու այնպիսի հարց են տալիս, որ ստիպված ես լինում պատասխանել՝ թեկուզ քաղաքավարությունից ելնելով: Վերջին 1 շաբաթվա ընթացքում ինձ էլ մի ամբողջ գրադարանի գիրք են տվել: Արդյունքում՝ անկախ նրանից, թե այդ գրքերն ուր են նետվում կամ ինչի համար են օգտագործվում, «Եհովայի վկաներն» իրենց գլխավոր վարչությանը զեկուցում են, որ դիտարանի, բրոշյուրների տպաքանակը մեծացել է, որ մի քանի միլիարդ գիրք են բաժանել ու հասել են մեծ հաջողությունների, կոպիտ ասած՝ գլխաքանակ ապահովելով:
Եթե նրանց նման ջանասիրաբար մի քանի քահանաներ դուրս գան, շրջեն փողոցներում, մարդկանց օգնեն ու քարոզեն՝ այսօր մեր 3 միլիոնանոց բնակչության կրոնական համոզմունքներն ավելի հստակ կլինեն եւ ուղղված կլինեն եկեղեցուն:
Փաստն այն է, որ ներկայումս մեր երկրում ամեն 306-րդ մարդը «Եհովայի վկա» է, իսկ Ադրբեջանում վկա է դարձել ամեն 10 հազարերորդ մարդը, որովհետեւ 8 մլն-ից ավելի բնակչություն ունեցող այդ երկրում ընդամենը 871 վկա կա:
Պաշտոնական հաշվետվության մեջ նաեւ նշված է, որ Հայաստանում 612 մարդ արդեն մկրտվել է՝ որպես «Եհովայի վկա», այսինքն՝ իրեն նվիրել է Եհովային եւ այդ կազմակերպությանը: Իսկ դա մեր փոքր պետության համար բավականին լուրջ ցուցանիշ է եւ այդ կազմակերպության անդամների ակտիվ աշխատանքի արդյունքը: Նրանք ամեն օր ամեն անցորդի ականջը լցնում են, որ հրաժարվեն կեղծ կրոններից եւ այցելեն «Թագավորության սրահ» կոչվող իրենց հավաքատեղի՝ մասնակցելու իրենց ժողովներին: Կեղծ կրոն ասելով՝ նրանք նկատի ունեն նաեւ առաքելական եկեղեցին:
Ինչո՞ւ են շատերը վատ տրամադրված «Եհովայի վկաների» հանդեպ եւ փորձում են համոզել, որ մարդիկ դադարեցնեն իրենց ուսումնասիրությունը նրանց հետ։ Այս հարցին ի պատասխան՝ «Եհովայի վկաներն» իրենց պաշտոնական կայքում եկեղեցու հակաքարոզչությունն իրենց նկատմամբ բացատրում են Հիսուսի օրինակով. «Ժամանակին շատերը թշնամությամբ արձագանքեցին Հիսուսի քարոզչությանը, ուստի նա ասաց, որ իր հետեւորդներն էլ հակառակության կհանդիպեն։ Երբ ոմանք հիանում էին Հիսուսի ուսուցանելու վարպետությամբ, կրոնական հակառակորդները նրանց խայթելով ասում էին՝ «մի՞թէ դուք էլ մոլորուեցիք»։ Նրանք, ովքեր խորհուրդ են տալիս ձեզ Աստվածաշունչ չուսումնասիրել «Եհովայի վկաների» հետ, կամ թյուր տեղեկություններ ունեն նրանց մասին, կամ էլ՝ վատ նախատրամադրվածություն»: Հասկանալի է, որ խոսքը այս դեպքում հենց առաքելական եկեղեցու մասին է, որովհետեւ հիմնական հակաքարոզչությունը հենց նրանց կողմից է:
Ի դեպ, «Եհովայի վկաները» համոզված են, որ հոմոսեքսուալներն ու լեսբուհիները Աստծո արքայություն չեն մտնելու, քանի որ, Աստվածաշնչի համաձայն՝ «Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արուագէտները…. Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ (Ա Կորնթացիս, 6։9, 10)»։ Հաշվի առնելով, թե հատկապես վերջին շրջանում որքան մեծ թիվ են կազմում այդ կատեգորիայի մարդիկ, կարելի է ասել՝ դրախտի այցելուները խիստ սակավաթիվ են լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել