Նիգերի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի ծառայություններով եւ անվանի ֆուտբոլիստն ու մասնագետը մոտ ժամանակներս կարող է գլխավորել ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման վերջին ցուցակի առաջին հարյուրյակը եզրափակող աֆրիկյան այդ երկրի ազգային հավաքականը: Հենվելով Բելգիայի իր աշխատակցի փոխանցած տեղեկատվության վրա՝ այս մասին տեղեկացնում է «Armfootball.am»-ը եւ ավելացնում, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ներկայիս փոխնախագահ Անդրեասյանն իր թղթակցի հետ ունեցած զրույցում հաստատել է, որ այս պահին, իրոք, Նիգերի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններ են վարվում:
Մի փոքր նահանջել է
Սանկտ Պետերբուրգում շարունակվող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական պայքարի յոթերորդ տուրից առաջ, որ կայացավ երեկ, Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունեցող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը մրցաշարային աղյուսակում մի փոքր նահանջել է: Նախորդ օրը հայ շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի էր արել ռուսաստանցի Բորիս Գրաչովի հետ եւ 4,5 միավորով տեղափոխվել 14-րդ հորիզոնական: Նա միանձնյա առաջատար Իվան Սոկոլովին (Ռուսաստան) զիջում էր 1,5 միավորով: