Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԵԶ ՏԵՍՆԵՆՔ՝ ՎԵՑԵՐՈՐԴ ԽԱՂԱՑՈՂ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Այսօր «Միկա» մարզական ակումբի դահլիճում Երեւանի «Հատիս» աղջիկների բասկետբոլային թիմը Եվրագավաթի 2010/11 թթ. խաղարկության շրջանակների երկրորդ տուրում («F» խումբ) հյուրընկալելու է Իսրայելի «Էլիտզուր Ռամլային»:

Եթե ֆուտբոլում ստադիոնի տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականն իր ներկայությամբ համարվում է 11-րդ խաղացողը, բասկետբոլում երկրպագուներին վերապահված է 6-րդ խաղացողի պատասխանատու դերը: «Հատիսն» իր նոր կենսագրության մեկ տարվա ընթացքում «N 6 մարզաշապիկի» հետ կապված խնդիր չի ունեցել: Ավելին, վստահ կարելի է ասել, որ ակումբի երկրպագուներն իրենց ակտիվությամբ ու ջերմ աջակցություններով հաղթանակների գործում պակաս դերակատարություն չեն ունեցել, քան խաղադաշտում անմիջականորեն գործող մարզուհիները: Եվ եթե անցած տարի 1/16 եզրափակչում նպատակը կիսատ մնաց, այս մրցաշրջանում ոչ միայն պետք է նույն ճանապարհն անցնել, այլեւ պիտի միասնական ջանքերով անել ամեն բան՝ նույն ճանապարհը հաղթահարելու եւ ավելի առաջ գնալու համար: Մանավանդ որ, մեկնարկային խաղում Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ»-ից նրա դաշտում կրած պարտությունը դեռ ոչինչ չի ասում:
Դրանում համոզված է նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ում հետ երեկ «Առավոտը» կարճ զրույց ունեցավ:
– Պարոն Ռոստոմյան: Նովոսիբիրսկի «Դինամոն» խաղամակարդակով «Հատիսին» մոտավորապես հավասար թիմ է: Բայց՝ պարտվեցինք: Ինչո՞ւ:
– Պատճառներ, օբյեկտիվորեն, կային, որոնցից գլխավորը, թերեւս, մրցափորձի պակասն է, քանի որ մենք այս կազմով առաջնությունների, մրցաշարերի, այն էլ՝ նման կարգի, չենք մասնակցել: Ես, իհարկե, չեմ անտեսում Հայաստանի առաջնությունը: Անկախ ամեն բանից, այն կարեւոր է ու պարտադիր: Սակայն համաձայնեք, որ դա բավարար չէ:
– Այդ բացը լրացնել հնարավոր չէ՞: Որքան տեղյակ ենք, համապատասխան քայլեր արվում են:
– Այո, արվում է հնարավորը: Բայց ցանկություններն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են: Օրինակ, այս տարի մասնակցեցինք Կուրսկի գավաթի խաղարկությանը, բայց դրանից առաջ թիմը 25 օր խաղային փորձ չուներ:
– Նովոսիբիրսկում կրած պարտության պատճառների շարքում նշվում են նաեւ ժամային գոտիների տարբերությունը, թիմի նոր խաղացողների եւ հների միջեւ խաղակցվածության բացակայությունը:
– Դրանք, անշուշտ, նշանակություն ունեցան: Բայց եկեք խոսենք այն բանի մասին, որ մեր թիմի՝ մրցակցի՝ զամբյուղ կատարած 73 նետումներից նպատակակետին հասավ միայն 17-ը: Դա շատ վատ ցուցանիշ է:
– Ի՞նչն էր պատճառը:
– Դա մարզիչների խնդիրն է: Նրանք այդ ամենը վերլուծել են, արել համապատասխան հետեւություններ:
– Մարզասերը «Էլիտզուրի» հետ խաղում ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ:
– «Հատիսն» ավելի լավ կխաղա: Չնայած Իսրայելի թիմն իր կազմով ավելի ուժեղ է, քան «Դինամոն»: Բավական է ասել, որ «Էլիտզուրում» հանդես է գալիս կանանց բասկետբոլի ասոցիացիայի (NBA) հիմնական երեք խաղացող: Այդուհանդերձ, մեր մարզասերներին ուզում եմ ասել, որ մեկնարկային խաղում կրած պարտությունից հուսահատվել պետք չէ: Ամեն բան լավ է լինելու:
– Այսինքն, հաջորդ փուլ կանցնե՞նք:
– Սպորտում նախապես խոստումներ տալն անշնորհակալ զբաղմունք է: Բայց արվելու է ամեն բան, որպեսզի «Հատիսին» հայ մարզասերը երկրպագելու հնարավորություն ունենա նաեւ Եվրագավաթի խաղարկության հաջորդ փուլում: Հատկապես որ, խմբից պայքարը շարունակելու իրավունք ստանալու է երկու թիմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել