Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՐԴԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԴԻՎԱԲՈՒՅՆԻ ՎԱՆՔԸ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Աղթամար կղզու Սբ. Խաչը նորոգված եւ գմբեթին խաչը տեղադրված տեսնելուց հետո մտքովդ չի էլ անցնի, որ ընդամենը մի քանի կմ այն կողմ եկեղեցի են քանդում: Հոկտեմբերի 26-ին պատմական Ռշտունիք գավառի Հիգեղ (հայաբնակ է եղել մինչեւ 1894թ. համիդյան ջարդերը) գյուղի նավակայանից շարժվեցինք Դիվաբույնի վանք: Վերջինիս կառուցման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, միայն գիտենք, որ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա 3-րդի հայրապետության օրոք 1447թ. հիմնանորոգվել է: Վանքն ունի երկու միանավ եկեղեցի (գլխավոր կառույցը Սբ. Հարությունն է), երկու ավանդատուն, գավիթ եւ կից շինություններ: Վանքից հարավ գերեզմանոցն է, որի խաչքարերը թվագրվում են սկսած 13-րդ դարից: Այս հոգեւոր կենտրոնը գործել է մինչեւ համիդյան ջարդերը՝ 1894-96թթ.: Սակայն մինչեւ մեր օրերը բավականին կանգուն է մնացել: Վանքի ամբողջական տեսքով հիանալու մեր հույսերը վերածվեց հիասթափության՝ դեռ կառույցին չմոտեցած: Արեւելյան պատի տակ՝ գավթի մեջ, մեծ հողակույտ կար: Հյուսիսային կողմում քրդերը խնջույք էին կազմակերպել՝ խաչքարի վրա խորովածի սեղան էին բացել: Հինգ գեւաշցի քուրդ էին, որոնց պարագլուխը տարեց մի մարդ էր՝ Վան քաղաքից: Նրանցից մեկը «վրիպելով» նշեց, որ իրենց այստեղ իշխանական մարմիններն են ուղարկել: Մեզ պատմեցին, որ իրենք Հինգեղից (այժմ՝ Ինքյոյ) են եւ մի շաբաթ է՝ վրաններով այստեղ են բնակվում՝ իբր մոտակա գեւվաշցի խուլիգաններից վանքը պաշտպանելու համար: Վստահեցրին, որ նրանք են եկեղեցին հիմքից քանդում: Այնինչ՝ իրենց հագուկապն ու հողակույտերի թարմությունը բավական էր եղելության իսկությունը հասկանալու համար: Գանձախույզները 12.5 մետր երկարությամբ եւ 6.7 մետր լայնությամբ եկեղեցու ներսից քանդելով՝ հիմքից մի քանի մետր էլ խորացել էին՝ հույսով, որ հայերի պահած կճուճներով ոսկին անպայման գտնելու են: Բավականին զրուցեցինք նրանց հետ՝ խնդրելով, որ հողն ու քարերը նորից ներս լցնեն, քանի որ իրենք որպես կառույցի պահապաններ էին ներկայանում: Բայց, կարծես թե, դա նման էր «գայլի գլխին ավետարան կարդալու» պատմությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել