Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր տան միջից մեր հետքը վերացնում են»

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Վրացականացվում է հայկական եկեղեցին

Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին հայտնվել է վրացականացման վտանգի առջեւ, վրաց իշխանությունները մտադիր են այն վերածել վրացական կաթոլիկ կենտրոնի եւ այդ նպատակով եկեղեցում այժմ տեղի են ունենում բարեկարգման աշխատանքներ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մտահոգությամբ հանդես եկավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա, վկայակոչելով պատմական փաստերը, հայտնեց, որ մինչեւ 18-րդ դարի սկիզբը Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին ծառայել է Հայ առաքելական եկեղեցուն, այնուհետեւ փոխանցվել Վրաստանի կաթողիկե հայ համայնքին: Ըստ հուշարձանագետի, վրացականացման փաստը պետք է մտահոգեր նաեւ Հայ առաքելական եկեղեցուն: Ս. Կարապետյանն ասաց, որ նախորդ տարի եկեղեցում տեղի ունեցած մաքրման աշխատանքների ժամանակ հայկականությունն ապացուցող նոր խաչքարեր են հայտնաբերվել, բայց այդ ամենը վրացական կողմին չի ստիպել իր քայլերից ձեռնպահ մնալ: Նրա խոսքով՝ Ախալցխայում վրաց կաթողիկե համայնքի գոյությունը հորինված է, եւ վրացախոս հայ կաթողիկները պիտի հռչակվեն վրացի կաթողիկներ: Հուշարձանագետը նշեց, որ վրացիները միայն այս ճանապարհով կարող էին սեփականել հայկական եկեղեցին:
Նրա փոխանցմամբ, վերջին տարիներին վրաց եկեղեցու հովվապետ Իլյա 2-րդը Ախալցխայի շրջանում հայ կաթողիկե եկեղեցիները յուրացնելու միտք է հղացել. «Մինչ այս եկեղեցին, Ախալցխայի շրջանում հովվապետ Իլյա Երկրորդը վերջին տարիներին երկու հայ եկեղեցիները արդեն օծել է ուղղափառ վրաց եկեղեցու ծեսով, ինչը փաստում է, որ հայկական եկեղեցիները օծելով ուղղափառ վրաց եկեղեցու ծեսով, ուղղակիորեն այդ եկեղեցիները խլում են տեղի համայնքներից, որտեղ չեն ապրում ուղղափառ հավատքին պատկանող մարդիկ: Այս ձեւով հովվապետն այս համայնքների բնակիչներին զրկում է իրենց աղոթատեղիներից»: Ինչ վերաբերում է Վրաստանի ամենահին հայկական եկեղեցուն օրինական գրանցում չտալուն, բանախոսը կարծում է. «Վան Բայբուրդի եւ նրա նմանների վախը հասկանալի է, որովհետեւ վրաց խորհրդարանում այնպիսի մթնոլորտ կա հայերի նկատմամբ, որ չէր կարող մուտք գործեր հայ ազգի շահերը պաշտպանող մեկը, այսինքն՝ բոլոր ժամանակներում ունենք խամաճիկներ, դրածոներ»: Հուշարձանագետը գտնում է, որ այս իրավիճակից դուրս գալու ելք կա, իներտ, ձեռնպահ վիճակում մեր արժեքներին տեր մնալ չենք կարող՝ արժեքները կորցնում ենք մեր պասիվության, չեզոքության պատճառով. «Կյանքը հարատեւ պայքար է եւ այդ պայքարի մեջ մինչեւ դանակը ոսկորին չհասնի, տեղից չենք շարժվում: Չեմ իմանում՝ էլ քանի՞ եկեղեցի պիտի վրացիները զավթեն, յուրացնեն… արդեն սողոսկել են Գուգարքի անտառներ, գյուղատեղիների եկեղեցիները, գերեզմանոցներն են անհետացնում, մեր տան միջից մեր հետքն են վերացնում: Ազգային արժեքների նկատմամբ նախանձախնդիր չե՛նք եղել եւ չե՛նք, բայց ժամանակները տանում են նրան, որ ստիպված ենք լինել, որովհետեւ շրջապատված ենք գերազգային պետություններով: Բոլոր հարեւանները, բացառությամբ Իրանի, երախները բացած, ախորժակ ունեն մեր մշակութային արժեքների նկատմամբ: Վրացիները քանդում են կամ յուրացնում, ադրբեջանցիներն աղվանական են հայտարարում ու քանդում, ինչպես Ջուղայի գերեզմանոցի դեպքում: Վերջին 10-15 տարիների ընթացքում Թբիլիսիում քանդվեցին, վերանորոգման անվան տակ յուրացվեցին հայկական եկեղեցիներ»:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, Ս. Կարապետյանը նշեց. «Էդ ո՞ր մի անգամ մեր խնդիրը հասցրինք Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, որ արդյունք չտվեց ու հուսահատվեցինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել