Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիացիները «ոչ» ասացին մարիխուանային

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի բնակիչները մասնակցել են միանգամից երկու՝ նահանգում մարիխուանայի արտադրությունն ու օգտագործումը օրինականացնելու հանրաքվեին եւ նահանգապետի ընտրությունների քվեարկությանը: Նահանգի բնակիչների 56 տոկոսը հանրաքվեի ընթացքում «ոչ» է ասել, այսպես կոչված՝ թիվ 19 ուղղումին: «Կողմ» արտահայտվել է կալիֆոռնիացիների 43 տոկոսը:
Իսկ նահանգապետի ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջերի Բրաունը: Նրա մրցակիցը հանրապետական Մեջ Ուիթմանն էր: Հիշեցենք, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հրաժեշտ տվեց այդ պաշտոնին՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանալու կապակցությամբ:
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում նաեւ միջանկյալ ընտրություններ են անցկացվել, որի արդյունքում հանրապետականները մեծամասնություն են ստացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ նախագահ Բարաք Օբամայի Դեմոկրատական կուսակցությունը պահպանել է իր վերահսկողությունը Սենատի նկատմամբ: Այդ տվյալները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով չորեքշաբթի առավոտյան:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, հանրապետականներին է բաժին հասել Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից 239-ը՝ մեծամասնություն կազմելու համար պահանջվող 218-ի փոխարեն, դեմոկրատներին՝ 183-ը: CNN-ը հանրապետականների եւ դեմոկրատների համար կանխատեսում է, համապատասխանաբար, 243 եւ 192 տեղ:
Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում դեմոկրատ Նենսի Փելոսիին կփոխարինի հանրապետական Ջոն Բյոհները:
Սենատում, այդուհանդերձ, դեմոկրատները պահպանում են իրենց վերահսկողությունը՝ զբաղեցնելով Կոնգրեսի վերին պալատի առնվազն 51 տեղերը: Գործող Սենատում դեմոկրատները ունեն 57 տեղ, եւս 2 սենատորներ ընդգրկված են Դեմոկրատական խմբակցությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել