Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Բելառուսում նախագահական ընտրությունների շեմին Եվրոպան Մինսկին բաց տեքստով գործարք է առաջարկել, ազնիվ ընտրություններ՝ Եվրամիության հետ հարաբերությունների նորմալացման եւ «տարբեր աղբյուրներից» երեք միլիարդ եվրոյի դիմաց: Newsru-ի մատուցմամբ, գումարի չափը նախօրեին Մինսկում, Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին (աջից): Նա իր գերմանացի գործընկերոջ՝ Գիդո Վեստերվելլեի (ձախից) հետ այցելել է Բելառուսի մայրաքաղաք, ուր, բացի Բելառուսի նախագահից, հանդիպել է նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի (կենտրոնում), նախագահի ընդդիմադիր թեկնածուների հետ:
Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն, որը երկիրը 16 տարի կառավարելուց հետո կրկին իր թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում, եվրոպացի դիվանագետներին վստահեցրել է, թե ընտրությունները կանցնեն «առանց խորդուբորդերի ու շատ հարթ» եւ «ամենաժողովրդավարական չափանիշներին համապատասխան»: Նա նաեւ ասել է, թե Բելառուսը շահագրգիռ է, որ ընտրությունները ճանաչվեն միջազգային հանրության կողմից եւ Բելառուսին ուղղված «որեւէ հարցադրում չլինի»:
Սիկորսկին հույս է հայտնել, թե ընտրությունները կանցնեն հենց այնպես, ինչպես խոստացել է Լուկաշենկոն, իսկ Վեստերվելլեն՝ որ միջազգային դիտորդները անարգել մուտք կունենան ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության գործընթացներին, իսկ ընդդիմությունը հնարավորություն կունենա ԶԼՄ-ներում հրապարակել իր նախընտրական ծրագրերը: «Այդ դեպքում մենք ընտրությունները կդիտարկենք որպես՝ ազատ եւ թափանցիկ»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Այդուհանդերձ, Լուկաշենկոյի եւ Եվրամիության կարծիքները նախորդ ընտրությունների վերաբերյալ տրամագծորեն տարբեր են: Բելառուսի «բատկան» հանդիպմանը հայտարարել է, որ այդ երկրում երբեւէ խորհրդարանի պատգամավորները ու հատկապես նախագահը՝ ոչ ժողովրդավարական ճանապարհով չեն ընտրվել: Մինչդեռ 2001 եւ 2006թթ. ընտրությունները Արեւմուտքը որակել էր որպես՝ միջազգային չափանիշներին չհամապատասխանող: Հենց 2006թ. ընտրություններից հետո էր, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն վիզային եւ ֆինանսական պատժամիջոցներ կիրառեցին բելառուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Եվրոպացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն չի շրջանցել նաեւ Բրյուսելի կողմից իր երկրի նկատմամբ շարունակվող պատժամիջոցների հարցը: «Ինձ թվում էր, թե այդ մեթոդները պետք է դուրս վանվեին մեր հարաբերություններից»,- ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ հույսերը չի արդարացնում նաեւ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որը, նրա դիտարկմամբ, «դոփում է տեղում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել