Նախորդ շաբաթ «Առավոտն» անդրադարձել էր Արթիկի թիվ 5 դպրոցում սկիզբ առած վեճ ու կռվին: Հիշեցնենք, որ մի քանի ուսուցիչներ, այդ թվում նաեւ փոխտնօրեն Արեւիկ Արշակյանը, բողոքում էին տնօրեն Գոհար Ղուլիջօղլյանից՝ դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը փչացնելու, բանսարկությունը աշխատաոճ դարձնելու, սխալ կադրային քաղաքականություն վարելու, իրենց անարգելու եւ այլնի մեջ: Տնօրենն էլ իր հերթին մեղադրանքներ էր ներկայացնում բողոքավորների դեմ, ովքեր, ըստ նրա, աթոռակռիվ են տալիս, աչք ունեն իր պաշտոնին, հետեւաբար եւ զբաղվում են զրպարտանքներով: Անհաշտ մթնոլորտին վերջ դնելու, պաշտոնատար անձին կարգի հրավիրելու նպատակով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը նկատողություն էր տվել տնօրեն Ղուլիջօղլյանին: Իսկ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը «Առավոտի» հրապարակումից անմիջապես հետո հանձնարարել էր ուսումնասիրություններ կատարել ու նյութեր նախապատրաստել: Մեր տեղեկություններով, դատախազությունը ինտենսիվորեն աշխատում է, քննում է դպրոցի աշխատակիցներին, ճշտում նրանց ներկայացրած փաստերը: Բանն այն է, որ ուսուցիչները «Առավոտին» հասցեագրված բողոքում տնօրենին լուրջ մեղադրանքներ են ներկայացրել՝ կապված ապօրինի հաստիքներ պահելու, իր ազգուտակին՝ Ռուսաստանում գտնվող հորաքրոջ որդուն, մորը, եղբորը որպես աշխատակիցներ ձեւակերպելու, ու նրանց միջոցով փողեր մսխելու մեջ: