Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթություն՝ ինչպես որ կա

Նոյեմբեր 04,2010 00:00

Ձեւական կառույցներից մինչեւ իշխանահաճոյություն

ՀՀ դպրոցներում գոյություն ունի կառավարման շատ հետաքրքիր համակարգ. դպրոցի կառավարման բարձրագույն մարմինը դպրոցի կառավարման խորհուրդն է, որի կազմի մեջ մտնում են 2-ական ներկայացուցիչ մանկավարժական, ծնողական խորհուրդներից եւ 3 ներկայացուցիչ վերադաս մարմնից. Երեւանում՝ քաղաքապետարանի ներկայացմամբ, մարզերում՝ մարզպետարանի: Կարծես թե ստացվում է լիարժեք հասարակական ներկայացուցչություն: Սակայն կա մի բայց: Ի սկզբանե դպրոցներում նման համակարգի ներդրմամբ ենթադրվում էր դպրոցներն ազատել տարբեր տեսակի վերադաս գերատեսչությունների անհարկի միջամտություններից ու կոռուպցիոն դրսեւորումներից, տնօրենների՝ վերեւից կատարվող նշանակումներից, իսկ դպրոցի աշխատանքը դարձնել հասարակության համար ավելի թափանցիկ ու հասարակության կողմից ավելի վերահսկելի: Սակայն ինչպես ամեն մի լավ բան, առաջադիմական գաղափար Հայաստանում երբ ներդնում են (իմիջիայլոց, մեր իշխանությունները շատ նոր բաներ են ներդնում մեր երկրում, բայց դրա դիմաց դրսից հնարավորինս շատ փող ստանալու ակնկալիքով), այն գլխիվայր շուռ են տալիս, հարմարեցնում իրենց շահերին ու իրենց իսկ ստեղծած կոռուպցիոն համակարգին: Այդ է պատճառը, որ ներդնելով կառավարման խորհուրդների եւ տնօրենների՝ նրանց կողմից ընտրելու գաղափարը, մեր հնարամիտ իշխանություններն այդ նույն խորհուրդների համար այնպիսի կարգ մշակեցին, որպեսզի նրանք որեւէ կերպ չկարողանան ազդել տնօրենների ու մանկավարժական կոլեկտիվի աշխատանքի, ինչպես նաեւ դպրոցի ինքնուրույնության աստիճանի բարձրացման վրա: Ըստ էության կառավարման խորհուրդն իր նպատակին ծառայում է միայն տնօրենի ընտրության ժամանակ, այն էլ՝ շատ վերապահումներով (քանզի հետագայում նախարարության ներկայացուցչին տվեցին ընտրության արդյունքների հետ չհամաձայնելու կամ այն չեղյալ հայտարարելու իրավասություն), մնացած բոլոր դեպքերում կառավարման խորհուրդը (չնչին ու ոչ կարեւոր բացառություններով) ոչ մի բանի իրավասու չէ, բացի ձեւական քննարկումներից: Պատկերացնո՞ւմ եք, հաստատության կառավարման բարձրագույն մարմինը ոչ մի բանի իրավասու չէ՝ ոչ նախահաշվի կազմման, ոչ հաստիքացուցակի հաստատման, ոչ տնօրենի ազատման, ոչ մանկավարժական խորհրդի գործունեության գնահատման, ոչ վերահսկողության, ոչ ծնողների ու մանկավարժների դիմումների ու բողոքների քննարկման ու լուծման եւ էլի շատ գործառույթների հետ կապված: Բայց, տեսեք, նախահաշիվն ըստ իր հայեցողության կազմում է նշված վերադասը, հաստիքացուցակը՝ նույնպես, վերահսկողությունն ու տնօրենների ազատման խնդիրը իրականացնում է կրկին վերադասը, մի խոսքով՝ ամեն ինչ ու ամեն հարց վերադասին է տրված լուծելու: Դպրոցի կառավարման մյուս, բայց արդեն իրական մարմինը դպրոցի գործադիր տնօրենն է: Բառը կամ պաշտոնն ինքնին հուշում է, որ այս հաստատության տնօրենը ենթակա է բարձրագույն մարմնին՝ կառավարման խորհրդին, սակայն, ինչպես ասում են, հուշելը չի անցնում: Քանի որ մեր երկրում ամեն ինչ խեղաթյուրված է, այստեղ էլ է այդպես: Իրականում գործադիր տնօրեն կոչվածն ունի անսահմանափակ իրավասություններ, նույնիսկ ավելի անսահմանափակ, քան հանրապետության նախագահը: Այդ իրավասությունները, որոնք ամրագրված են ինչպես օրենսդրորեն, այնպես էլ դպրոցի կանոնադրությունում, տնօրենին հնարավորություն են տալիս միահեծան կառավարելու եւ անպատիժ գործունեություն ծավալելու դպրոցում: Զավեշտալի, սակայն փաստ է, որ գործադիր տնօրեն կոչվածին գրեթե հնարավոր չէ աշխատանքից ազատել: Հետեւաբար, նման իշխանություն ունեցող պաշտոնյան ինչպե՞ս կարող է պատասխանատվության զգացումով մոտենալ իր պարտականությունների կատարմանը: Ահա թե ինչու է կոռումպացված համակարգ ճանաչվել կրթությունը, իսկ մեր մանկավարժները երբեմն նույնիսկ նեղանում են, երբ այդ մասին բարձրաձայնվում է, խեղճերը մտածում են, թե դա առաջին հերթին իրենց է վերաբերում:
Այո, մեր իշխանությունները չափազանց հնարամիտ են, աշխարհում հավասարը չունեն՝ մեկ հարվածով մի քանի նապաստակ են խփում. տնօրեններին իրենց բռի մեջ են պահում, քանզի ընտրությունների ժամանակ նրանք անգնահատելի ծառայություն են մատուցում իշխանություններին (ինչպես ընտրակեղծիքների, այնպես էլ ծնողներին ահաբեկելու իմաստով), մշտապես «ընդառաջում» են «հասկացող» տնօրենների բոլոր տեսակի անօրինական խնդրանքներին, սկսած երեխաների թվի հետ կապված, վերջացրած տնօրենի դեմ դուրս եկածներին ահաբեկելու եւ տեղները նստեցնելու առումով, տնօրեններին մղում են անօրինականությունների, հովանավորում նրանց, շատ լավ գիտակցելով, որ միայն այդպես կարող են հետագայում դրանք օգտագործել այդ նույն տնօրենների դեմ եւ այլն: Այսպիսի պայմաններում տնօրենները քաղում են հնարավոր առավելագույնը, օգտագործելով ամենաչնչին առիթն իսկ «խստություններ» անելու եւ դրանից օգուտներ քաղելու համար. սկսած երեխաների առաջին դասարան ընդունվելուց ու ավարտելուց, աշակերտների բացակայություններն ու վատ վարքի դրսեւորումները շահարկելուց, ուսման առաջադիմության ու վկայականների գնահատականների հետ կապված, ուսուցիչներին աշխատանքի ընդունելուց ու կրճատման մասին հիշեցում անելուց, ուսուցիչների վրա «հարկեր» դնելուց, իսկ կառավարման խորհրդի մանկավարժ եւ ծնող անդամների միջոցով բարձրացնում են իրենց աշխատավարձը, ծնողական խորհրդի միջոցով (տնօրենի կողմից «նշանակված») յուրացվում են աշակերտական (այլ կերպ ծնողական) ֆոնդի գումարները, գրադարանավարների միջոցով՝ գրքերի հավաքագրման գումարները եւ այլն:
Շատ տնօրեններ՝ գիտակցելով իրենց անխոցելիության բարձր մակարդակը, անցնում են կրթօջախի ղեկավարին հարիր վարքի ու պահվածքի չափն ու սահմանը, դրսեւորելով իրենց գրեթե անսահման ցինիկությունը:
Դպրոցական համակարգի կարեւոր օղակներից են մանկավարժական խորհուրդները եւ մեթոդական միավորումները:
Ինչպես գիտեք, ըստ դպրոցի կանոնադրության, տնօրենը նաեւ մանկավարժական խորհրդի ղեկավարն է (նախագահը): Սա դեռեւս խորհրդային ժամանակների բյուրոկրատական մնացուկ է, որում ոչ մի տրամաբանություն չկա, բացի նրանից, որ տնօրենը դրանով իսկ ամբողջ իշխանությունը կենտրոնացնում է իր ձեռքում եւ մանկավարժական խորհուրդը դարձնում բացարձակ վերահսկելի (այս խորհուրդը միակ մարմինն է, որտեղ ուսուցիչները զարմանալիորեն երբեմն-երբեմն փորձում են հարցեր բարձրացնել ու նույնիսկ քննադատել վերադասին): Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե տնօրենը չլիներ մանկավարժական խորհրդի ղեկավար եւ խորհուրդն էլ լիներ հակակշիռ տնօրինությանը: Սա, իհարկե, լրջորեն կնպաստեր մանկավարժական խորհրդի դերի ու նշանակության բարձրացմանը, դպրոցի ու դպրոցական կրթության հանդեպ վստահության վերականգնմանը, մանկավարժական գաղափարների ու բարոյական մոտեցումների հաստատմանը: Իսկ իրերի ներկայիս դասավորության պայմաններում մանկավարժական խորհուրդն ընդամենը տնօրինության կցորդն է եւ նրա ցանկություններն իրականացնողը: Մեթոդական միավորումների նիստերի մասին առավել եւս խոսք չի կարող լինել. պատկերացնո՞ւմ եք, ըստ նիստերի արձանագրությունների, ամեն նիստում առաջավոր մեթոդների հետ են ծանոթանում, քննարկումներ անում, դասալսումներ վերլուծում, փորձի փոխանակում կատարում. սա, իհարկե, մեծագույն զավեշտ է, ծաղր մանկավարժի պատվավոր աշխատանքի հանդեպ, ձեւականության ու թղթարարության հաղթանակ՝ մանկավարժի հոգու եւ խղճի հանդեպ: Եթե խորհրդային ժամանակների համար մեթոդմիավորումներն ինչ-որ չափով կարողանում էին կատարել իրենց վրա դրված պահանջները (սրանք խորհրդային համակարգի մասնիկներն էին, հետամնաց ու տոտալիտար երկիրը զարգացնելուն եւ մանկավարժների հսկայական բանակին որոշակի ստանդարտի մեջ պահելուն միտված), ապա այժմ ուղղակի անհասկանալի է դրանց գոյությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել