Կարապետ-Ֆրիդրիխի ծրագրերից
Սիրելի աղջիկներ, եթե ԱՄՆ-ում հարազատ չունեք, չգիտեք այդ երկրի օրենքները, անգլերեն էլ չգիտեք, լաչառ ու խորամանկ չեք, չունեք կլորիկ գումար, որ կարողանաք ձեր իրավունքների պաշտպանության համար փաստաբան վարձել, չամուսնանաք ԱՄՆ քաղաքացի, Սիեթլի բնակիչ Կարապետ, անձնագրով՝ Ֆրիդրիխ Կարագաշյանի ու նրա նմանների հետ:
Նա, իհարկե, ձեզ սեր կխոստովանի, ինչպես խոստովանել էր իր առաջին կին Հիլդային, ապա ինձ, կասի, որ թեեւ ԱՄՆ քաղաքացի, բայց ավանդապաշտ, հայկական ընտանիք են, ապրում է ծնողների, տատի ու չամուսնացած եղբոր հետ, որ տանը հայերեն են խոսում, որ ձեզ բոլորը կսիրեն, կփայփայեն: Ուրիշ ճոխ ու սիրուն բաներ կասի, բայց չխաբվեք: Եթե խաբվեք՝ կամուսնանաք ու կհայտնվեք Սիեթլում: Սիեթլը Գլենդել, Հոլիվուդ չի, ուր հայերեն ու մի քանի անգլերեն բառով կարող եք յոլա գնալ: Հարազատներ չունեք, փող չունեք, հայերը շատ քիչ են, անգլերեն չգիտեք, եւ ձեր միակ հույսն ու ապավենը ձեր ամուսին Կարապետ-Ֆրիդրիխ Կարագաշյանն է: Հետո կպարզվի, որ հայկական ավանդը, սովորույթը միայն հարսի հնազանդությանը՝ ձեզ է վերաբերում, նրանց՝ ԱՄՆ քաղաքացիներին ամեն ինչ կարելի է: Կպարզվի, որ ձեզ Միացյալ Նահանգներ, իրենց պատկերացմամբ՝ աշխարհի «դրախտավայրը» բերելով, այնպիսի մեծ լավություն են արել, որ պարտավոր եք նրանց ճորտն ու ստրուկը լինել: Ինձ նման միամիտները դա կհասկանան վերջում, երբ արժանանան ստրուկ ու ճորտ դառնալ չցանկացողների համար նախապես մշակված ծրագրին: Մինչ այդ, իհարկե, կաշխատի ճորտացման ծրագիրը, որը հատկապես թափ կառնի երկրորդ երեխայի ծնվելուց հետո: Դուք պարտավոր կլինեք ոչ միայն խնամել երեխաներին, որոնցից մեկը կրծքից չի կտրվել, ոչ միայն մաքրել, պլպլացնել տունը, ճաշ եփել, լվանալ ամանները, այլեւ մի քանի ժամով գնալ աշխատանքի ու փող բերել տուն, այլեւ, գիշերը չքնելով, այնպես հսկել նորածնին, որ հանկարծ լացով ձեր ամուսնուն չարթնացնի:
Եթե հանկարծ սխալվել ու ամուսնացել եք Կարապետ-Ֆրիդրիխ Կարագաշյանի նման մեկի հետ, հիշեք՝ ձեր երեք տարեկան երեխայի վրա գոռալու իրավունք չունեք, իրավունք չունեք տնեցիներից որեւէ մեկին, որեւէ հարցում հակադրվելու, հակաճառելու: Եվ հանկարծ չհամարձակվեք Հայաստանը կարոտել ու այդ մասին արտահայտվել բարձրաձայն: Առավել եւս չսխալվեք ու ամուսնու եւ երեխաների հետ Հայաստան վերադառնալու ցանկություն չարտահայտեք, կդառնաք ձեր սկեսուրի թշնամին:
Հիշեք՝ եթե ձեր տեգրն, ասենք, մի նեգրուհու բերի տուն ու նրա հետ սեր անի, եթե նրա սենյակի դուռը ներսից կողպված չէ, չանհագստանաք, որ ձեր երեք տարեկան երեխան կարող է Հայաստանում մինչեւ 16 տարեկաններին արգելվող տեսարան տեսնել, չարգելեք երեխայի մուտքը հորեղբոր սենյակ՝ ձեր սկեսուրին դա կատաղության կհասցնի:
Եթե վերը նշված հարցերում թերանաք, երբեմն բողոքեք, դժգոհեք, վիճեք, ըմբոստանաք, արդեն կգործի ստրուկ ու ճորտ դառնալ չցանկացողների համար նախապես մշակված ծրագիրը: Ձեր ամուսին Ֆրիդրիխ- Կարապետը մեծահոգաբար կառաջարկի երկու շաբաթով այցելել Հայաստան, առնել հարազատների, երկրի կարոտն ու վերադառնալ: Սիրալիր դարձած սկեսուրն էլ արձակուրդ վերցնելու ու երեխաներին պահելու պատրաստակամություն կհայտնի:
Երեխաների հետ գնալ-գալը թանկ կնստի, իսկ փոքրն արդեն մեկուկես տարեկան է, կաթից կտրելու ժամանակն ու առիթ է, կպատճառաբանեն:
Դուք միամտաբար կմտածեք, որ 10-12 օրով երեխաներից բաժանվելն այնքան էլ սարսափելի չէ, եւ ձեր ամուսնու, սկեսուրի հանդեպ երախտագիտությամբ լցվելով՝ կհամաձայնեք:
Հայաստանում կպարզվի, որ ձեր ամուսինը որոշել է մենակ վերադառնալ կամ էլ կվերադառնա ու նոր կպարզվի, որ տոմսը փոխել ու վերադարձել է: Եվ ահա ԱՄՆ-ից զանգում եւ ասում է, որ իր տանը տեղ չունեք եւ երեխաներին էլ միտք չունի վերադարձնել: Երեխաները, հավանաբար գիտեք, ԱՄՆ-ում թոշակ են ստանում, այդ թոշակով մի ընտանիք կարող է ապրել: Որքան շատ երեխա, այնքան շատ փող:
Այնպես որ, սիրելի աղջիկներ, եթե ԱՄՆ-ում հարազատ չունեք, չգիտեք այդ երկրի օրենքները, անգլերեն չգիտեք, լաչառ ու խորամանկ չեք, չունեք կլորիկ գումար, որ կարողանաք ձեր իրավունքների պաշտպանության համար փաստաբան վարձել, չամուսնանաք ԱՄՆ քաղաքացի, Սիեթլի բնակիչ Կարապետ, անձնագրով՝ Ֆրիդրիխ Կարագաշյանի ու նրա նմանների հետ: Նրանք ձեզ նման անգլերեն չիմացող, անապահով, միամիտ աղջիկների հետ նախապես մշակված ծրագրով են ամուսնանում, որի նպատակը խաբեությամբ ձեր երեխաներին խլելն ու նրանց թոշակով ապրելն է: