Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ, փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանի գլխավորությամբ՝ ստեղծվել է հանձնաժողով, որը համակարգում է համայնքներում համընդհանուր սանիտարական օրերի կազմակերպումը:
Ըստ հաստատված ժամանակացույցի, նոյեմբերի 2- ին սանիտարական օր էր Թալինի, նոյեմբերի 3- ին՝ Արագածի եւ Ապարանի, իսկ այսօր՝ Աշտարակի տարածաշրջանների համայնքներում: Համայնքապետերի, դպրոցների տնօրենների, մարզային ենթակառուցվածքային կազմակերպությունների ղեկավարների պատասխանատվության տակ են դրված մարզային եւ տեղական նշանակության ճանապարհների եզրերի, համայքների փողոցների մաքրման աշխատանքները:
«Ճանապարհների եւ փողոցների սանիտարական պահպանությունը ոչ միայն նրանց, այլեւ բոլորի՝ համայնքների մեծ ու փոքր բնակիչների սուրբ պարտականությունն է»,- ազդարարում է Արագածոտնի մարզպետարանը: Անշուշտ, հարկ է մաքուր պահել տունն ու բակը: Սակայն զարմանալի է Արագածոտնի մարզպետարանի բնորոշումը: Ինչո՞ւ պետք է դպրոցական երեխայի սուրբ պարտքը լինի ոչ թե լավ սովորելը, այլ փողոց մաքրելը: Իսկ ո՞ւր են գնում ճանապարհների ու փողոցների ընթացիկ խնամքի համար պետական բյուջեից եկող գումարները: