Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս ժամ՝ սահմանին

Նոյեմբեր 04,2010 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը՝ սահմանային-մաքսային անցակետեր

Նոյեմբերի 3- ին Նոյեմբերյանի տարածաշրջան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ժամը 11.45- ին նրա ուղղաթիռը վայրէջք կատարեց Պտղավան գյուղի մարզադաշտում, Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական Թազաքենդ գյուղի դեմ- դիմաց, մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Աչքի էին զարնում նախագահի անվտանգության ապահովման համար գործադրված մեծ ջանքերը. նախագահի այցի ժամը հայտնի չէր, մեծ թվով անվտանգության աշխատակիցները երկրի ղեկավարի շուրջ վազքի մեջ էին: Անվտանգության նկատառումներով, լրագրողներին արգելեցին մտնել «Այրում» կայարանի շենք:
Նախագահը Պտղավանում շատ կարճ ողջունեց միջպետական ճանապարհի եզրին կանգնած գյուղի դպրոցականներին եւ ուղեւորվեց «Այրում» կայարան: Նրան ուղեկցում էին տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլք:
Երկրի ղեկավարի ավտոշարասյունը «Այրում» կայարան մտավ այն «մեծ աշխարհի» հետ կապող միակ, կիսաքանդ, վթարային կամրջով: Սերժ Սարգսյանը ծանոթացավ նորակառույց «Այրում- Ջիլիզա» մաքսակետի աշխատանքային պայմաններին: Նախկին միահարկ, անցյալ դարի կեսերին կառուցված շինության տեղում հիմա մաքսակետի երկհարկանի, հիմնանորոգված շենքն է՝ 555 քառակուսի մետր մակերեսով: Սերժ Սարգսյանը ծանոթացավ նաեւ երկաթուղային «Այրում» կայարանի շենքային պայմաններին: Նրան անհրաժեշտ պարզաբանումներ էր տալիս «Հարավ- կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Այնուհետեւ Սերժ Սարգսյանի եւ նրան ուղեկցող պաշտոնատարների երկար ավտոշարասյունն ուղեւորվեց Բագրատաշեն, ուր նախագահը ծանոթացավ սահմանը հատող մեծ մեքենաների բեռների ռենտգեն զննման համակարգի աշխատանքներին, Բագրատաշենի մաքսակետի աշխատանքային պայմաններին:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ հայացքը դեպի հայ- վրացական սահման հառած, երկրի ղեկավարին բացատրություններ էր տալիս մաքսակետի կառուցման ծրագրերի, այդ ոլորտում եվրոպական առաջավոր փորձի կիրառման մասին: Հայաստան- Եվրամիություն Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրով Հայաստանը պարտավորվել է սահմանային անցման կետերում գործող գերատեսչությունների միջեւ համագործակցությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: 2009թ. հոկտեմբերին մեկնարկել է ՄԱԿ- ի Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից իրականացվող եւ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրը»: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ իրականացվելիք բարեփոխումները նպատակ ունեն սահմանային անցման կետերում ներդնել կառավարման միասնական համակարգ, որպեսզի թե բեռների, թե մարդկանց համար սահմանի հատումը դյուրին լինի: Սահմանային կետերի կառուցապատման, դրանց աշխատանքների արդիականացման համար արդեն հայտարարված է միջազգային մրցույթ, սահմանային անցման նոր կետերի շինարարությունը կսկսվի երկու տարուց: Սերժ Սարգսյանը Բագրատաշենի մաքսակետում մաքսային ոլորտին եւ սահմանային անցակետերին վերաբերող խորհրդակցություն անցկացրեց, իսկ ժամը 15.30- ի սահմաններում նախագահը նույն ուղղաթիռով վերադարձավ Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել