Վաղը՝ նոյեմբերի հինգին, Երեւանի պետական համալսարանում կնշվի ԵՊՀ- ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմադրման 45- ամյակը:
Երեւանի հանրահայտ ֆիզմաթ դպրոցը 45 տարեկան է: Այս ընթացքում հազարներով շրջանավարտներ է ունեցել, որոնք այսօր հաջողակ եւ երեւացող մասնագետներ ու գործիչներ են ինչպես կրթության, գիտության, արտադրության մեջ, այնպես էլ՝ քաղաքական, տնտեսական կյանքում: ԵՊՀ- ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ներկայիս տնօրեն Հայկազ Նավասարդյանն էլ այդ դպրոցի սան է, որ ԵՊՀ- ն ավարտել, դպրոց է վերադարձել նախ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 2002- ից այսկողմ՝ տնօրեն: Դպրոցի տնօրենը միակը չէ, որ ֆիզմաթից սկսելով ֆիզմաթում է շարունակում մասնագիտական ճանապարհը: Նաիրի Սեդրակյան, Դոնարա Նավասարդյան, Գեւորգ Թամարյան ու էլի ուրիշներ այսօր նորից ֆիզմաթում են, բայց արդեն դասասեղանի հակառակ կողմում՝ ուսուցիչ ու դաստիարակ:
Ֆիզմաթի տնօրեն Հայկազ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցի 45- ամյակի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված: Նոյեմբերի 2- ին, 3- ին անցկացվել է ֆիզիկայի եւ մաթեմատիկայի օլիմպիադա, որին, բացի ֆիզմաթից եւ ֆիզմաթի Ստեփանակերտի մասնաճյուղից, մասնակցել են նաեւ «Ֆոտոն», «Քվանտ», «Էվրիկա» վարժարանների եւ Ղազախստանի պատանի մաթեմատիկոս- ֆիզիկոսները՝ 75 աշակերտ:
Բացի սրանից, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 45- ամյակին հանրությանը կներկայացվի դպրոցի պատմությունը ամփոփող գիրք: Սա աննախադեպ քայլ է, իսկ ֆիզմաթը պատմություն ունի, հանրությանը ներկայացնելու ու ասելու բան ունի: «1960- 70- ականների մեր դպրոցը հանրապետությունում միակն էր, եւ շրջանավարտները լավ երեւում էին, բայց, ցավոք, այդ ժամանակներից դպրոցի վերաբերյալ շատ փաստաթղթեր կամ տեսանյութեր չկան:
Մի ժամանակ դպրոցի համար չափանիշ էր շրջանավարտների բուհ ընդունվելը, այսօր՝ ոչ, որովհետեւ այսօր շատերն են բուհ ընդունվում՝ նաեւ մասնավոր: Այսօր չափանիշ է միջազգային ասպարեզներում երեւալը եւ Հայաստանում հանրակրթությանը, այլ դպրոցների օգտակար լինելը: Ֆիզմաթի ուսուցիչները ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից ավելի քան 30 ուսումնաօժանդակ ձեռնարկ են մշակել- հեղինակել, որ Հայաստանի շատ դպրոցներում են օգտագործվում՝ հատկապես այս առարկաների խորացված ուսուցմամբ դպրոցներում: Միջազգային օլիմպիադաներում մեր սաները հաջողություններ ունեն: Վերջին 17 տարում միջազգային օլիմպիադաներից 55 մեդալ եւ դիպլոմ ունենք: Հայաստանում ֆիզմաթը բազմաթիվ օլիմպիադաներ, գիտաժողովներ ու սեմինարներ է կազմակերպել եւ կազմակերպում: Գիտաժողովների եւ սեմինարների մասնակցող մարզերի ուսուցիչների գիշերակացի եւ սննդի հարցերը մենք ենք հոգում»,- ասաց Հայկազ Նավասարդյանը:
Նոյեմբերի 5- ին, ժամը 15- ին Երեւանի պետական համալսարանում հանդիսավորությամբ նշվելու է ԵՊՀ- ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 45- ամյակը, որի ժամանակ էլ կկազմակերպվի ֆիզմաթ դպրոցի պատմության գրքի շնորհանդեսը: