Դատարանի միակողմանի որոշման ծանր հետեւանքները
1989թ. իմ ընտանիքով, որպես փախստականներ, տեղափոխվել ենք Բաքվից Երեւան: Երեւանում 1989թ. տան առուծախի պայմանագրի հիման վրա Առաքել Ալեքսանյանից գնել եմ Վարշավյան փ. 55/57 հասցեում գտնվող սեփական տունը: Այդ գործարքը գրանցվել է Երեւանի 1-ին նոտարական գրասենյակում: Տնից բացի, գնել եմ նաեւ Ա. Առաքելյանին պատկանող ավտոտնակը: Ավտոտնակի հետ կապված գործարքը չի ձեւակերպվել նոտարական գրասենյակում, քանի որ այդ տարիներին ավտոտնակը որպես սեփականություն չէր ձեւակերպվում: 1989թ.-ից ես եւ իմ ընտանիքն օգտվում ենք այդ ավտոտնակից: Նշեմ, որ տան հետ կա 4,6մ ճանապարհ դեպի ավտոտնակը: Իսկ իմ հարեւանը՝ թիվ 55 տան բնակչուհի Ա. Մարսուբյանը, որն ունի ավտոտնակ եւ 5,5մ ճանապարհ, պնդում է, որ այդ 2 տան լայնությունը եւս պատկանում է իրեն:
Այդ հարցերը պարզելու հետ կապված դատական գործընթացի մեջ ենք՝ 1996թ.-ից: Բայց իրար հաջորդող դատավորների մոտեցումն այս խնդրին օբյեկտիվ չէր, այլ միակողմանի՝ հօգուտ թիվ 55 տանը: Դատական նիստերի ձգձգման պատճառով 2005թ.-ին ես լիազորեցի 2 փաստաբանների՝ Ալեքսանդր Վռամի եւ նրա որդի Վռամ Ալեքսանդրի Հարությունյաններին:
Հարությունյանները ներկայացան ոչ միայն որպես փաստաբաններ, այլ նաեւ հայրը՝ նախագահ, ՀՀ իրավաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր, իսկ տղան՝ Վռամ Հարությունյանը, որպես տնօրեն:
Առանց ինձ տեղյակ պահելու նրանք փոխեցին հայցը, միայն թողնելով հողատարածքի բաժանման հայցը: 2005թ. հոկտեմբերի 19-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Ա. Առաքելյանի, քննեց քաղաքացիական գործն առանց գլխավոր հայցի (ինչպես նշել էի)՝ մուտքերի առանձնացման: Իսկ հողատարածքի առանձնացման պահանջի մասին հայցը մերժեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ տարածքը կազմում է 904,94 քմ, որից 132,59 քմ-ն կառուցապատված է եւ հողը գտնվում է հայցվորի եւ պատասխանողի ընդհանուր սեփականության ներքո եւ ունեն միահավասար իրավաբանական իրավունքներ:
Ալեքսանդր եւ Վռամ Հարությունյաններն առանց առաջին ատյանի դատարանի որոշման բողոք են ներկայացնում վերաքննիչ դատարան: Նիստի ժամանակ քննարկվեց մուտքերի առանձնացման վերաբերյալ հարցը: Նշվեց, որ ինչպես յուրաքանչյուր հարեւան, հայցվոր կողմն էլ նույնպես պետք է ունենա մուտք եւ գործող ճանապարհ դեպի իր տունը, սակայն պարզվեց, որ հայցադիմումի մեջ հանվել է մուտքերի առանձնացման պահանջը: Ես փաստաբան Ալեքսանդր Հարությունյանից պահանջեցի բողոք ներկայացնել վճռաբեկ դատարան:
Այնուհետեւ պատասխան եմ ստանում, որ կրկին առանց իմ գիտության, փաստաբան Ալեքսանդր Հարությունյանը հետ է վերցրել դիմումը վճռաբեկ դատարանից:
2007թ. հոկտեմբերի 15-ին կայացավ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նիստը (նախագահությամբ դատավոր Ս. Արամյանի): Որոշման մեջ դատավորը նշեց. Ալեքսանդր Միրզոյանին (տուն 57) թողնել Վարշավյան փողոցի կողմից «ա» մուտքը, ոտքի ճանապարհը եւ հողամասի վերջից «բ» մուտքը, իսկ Ա. Մարսուբյանին թողնել փողոցի կողմում գտնվող նախկին մուտքերն ամբողջությամբ: Եթե 2 տան լայնությունը կազմում է 18 մետր (ներկայումս՝ 20մ), որից որպես ճանապարհ ծառայում է 9 մ, այդ 9 մ-ից Ա. Մարսուբյանը զբաղեցնում է 5,5մ-ը, ներառյալ դարպասը, իսկ ճանապարհը՝ 4,6 մ: Ներկայում ո՞րն է լինելու իմ տան մուտքը, եթե հողամասի վերջից «բ» մուտքը ճանապարհ չունի, այդ տեղով անցնում է երկաթգիծը: Բացի այդ, ես եւ իմ տան անդամները գրանցված ենք Վարշավյան 57 տանը եւ օգտվում ենք այդ մուտքից, որը 1947թ.-ից եղել է եւ կա: Այժմ ինչպես կարող է 2 տան ճանապարհն ամբողջությամբ պատկանի 55 տանը: Որոշման մեջ նշված է. պարտավորեցնել Ա. Միրզոյանին՝ քանդել Ա. Մարսուբյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող աստիճանավանդակը (որը 1947թ.-ից եղել է եւ հանդիսանում է միակ մուտքը 2-րդ հարկի համար):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատական նիստն ընթացավ առաջին ատյանի դատարանի սցենարով: Ստացվեց, որ թիվ 57 տան ճանապարհն ամբողջությամբ խզվեց: Իրավիճակն այնքան օրհասական է, որ կարելի է ասել մենք մեր սեփական տուն ենք մուտք գործում ուղղաթիռով՝ պատշգամբից:
Հարգելի պարոնայք կադաստրի ներկայացուցիչներ եւ դատավորներ՝ Դ. Խաչատրյան, Ս. Արամյան եւ Տ. Սահակյան, դիմում եմ ձեզ հետեւյալ հարցով: Ես եւ իմ ընտանիքի բոլոր անդամները գրանցված ենք Վարշավյան 55/57 հասցեում, հետեւաբար իմ սեփականություն հանդիսացող 57 տունը գտնվում է Վարշավյան փողոցում: Բայց, ըստ դատարանների որոշման, Վարշավյան փողոցից մուտք չի թողնվել (չնայած ունեցել եմ այն 1989 թվից, եւ մինչեւ իմ բնակվելը՝ 1947 թվից), իսկ ինձ տրված մուտքը երկաթգիծն է: Կարելի՞ է, արդյոք, երկու տան երկայնքով 1947 թվից ընդհանուր օգտագործման հանդիսացող օրինական տարածքը տալ մեկ տան բնակչին, իսկ մյուսին՝ զրկել լիովին: Խնդրում եմ ցույց տվեք, թե ո՞ր ճանապարհով թիվ 57 տան բնակիչները պետք է մուտք գործեն իրենց բնակատեղին: