Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"    \"\"
Սպանված Դմիտրի Մաթեւոսյանը:      Կասկածյալ Վանիկ Արտեմյանը:

\"\"
Դանակահարության վայրը:

Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», հոկտեմբերի 30-ին «Երեւան» բժշկական կենտրոնից Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանություն էին ահազանգել, որ սուր, ծակած-կտրած վերքերով իրենց մոտ են տեղափոխել երեք երիտասարդի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի օպերատիվ-քննչական խումբը պարզում է, որ երիտասարդները բուժկենտրոն են տեղափոխվել Վերին Չարբախից: Մի քանի ժամ անց երիտասարդներից 23-ամյա Դմիտրի Մաթեւոսյանը՝ գիտակցության չգալով, մահանում է: Մյուս երիտասարդները՝ 29-ամյա Վահագն Մաթեւոսյանը, 22-ամյա Տիգրան Մաթեւոսյանը, որոնք եղբայրներ են, այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Տեղեկացնենք, որ մահացածը նրանց հորեղբոր որդին է: «Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ի՞նչն է եղել այս ողբերգության պատճառը:
Դեպքի օրը Դմիտրին, Վահագնը, Տիգրանը, 19-ամյա Վանիկ Վարագի Արտեմյանը՝ «Վակոն», հավաքվում են Վերին Չարբախի 4-րդ փողոցի 93 տանը, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում է նախկինում դատված՝ 29-ամյա Արկադի Լյովայի Ավետիսյանը, որն աշխատում է «Անթեղ» ՍՊԸ-ում որպես զոդող: Այդ օրը երիտասարդները նշում էին Արկադիի ծննդյան օրը: Ի դեպ, Վանիկը Արկադիի կնոջ եղբայրն է: Հենց այս փաստն էլ որոշել է դեպքերի հետագա ընթացքը: Բանն այն է, որ, ինչպես մեզ պատմեցին Վերին Չարբախի 4-րդ փողոցի բնակիչներից ոմանք (որոնք չցանկացան ներկայանալ), դեպքի օրը, գիշերվա ժամը 24-ի սահմաններում լսել են աղմուկ, հայհոյանքներ: Ըստ նրանց, Մաթեւոսյանները ծնունդի թեժ պահին, երբ գինովցած են եղել, հիշել են իրենց բանակային կյանքը, որն անցել է ԼՂՀ Մարտունու զորամասում, որտեղ այդ ժամանակ որպես սերժանտ իր ծառայությունն է անցկացրել Արկադին: Մաթեւոսյանները Արկադիին հիշեցրել են, որ «չաստ նայողը դու էիր եւ այդ ընթացքում մեզ շատ ես ճնշել. ինչի՞ էիր ճնշում»: Արկադիի պատասխանը չի գոհացրել Մաթեւոսյաններին եւ սկսվել է ծեծկռտուք: Մինչեւ ծեծկռտուքը՝ Արկադիի մոտ եղել է նաեւ դանակ: Հենց ծեծկռտուքի թեժ պահին էլ Մաթեւոսյանների դեմ գործի է դրվում դանակը: Քանի որ Վանիկը լավ գիտեր, որ Արկադին նախկինում դատված է եղել, ինքը ոստիկանությանը հայտնում է, որ կռվի պահին իր մոտ դանակ ունեցել է միայն Արկադին: Այդպիսով, Վանիկը փորձում էր մոլորության մեջ գցել իրավապահներին եւ «փուռը տալ» իր փեսային: Նա մտածել է, որ «ռազբորկայից» հետո Արկադին, հնարավոր է, որ դանակը դեն նետած լինի: «Վակոյի» հաշվարկները սխալ են դուրս եկել. ոստիկանները նրա «կուտը» չկերան: Ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման ենթարկվելուց հետո Արկադին իրավապահներին է ներկայացնում այն դանակը, որը կռվի պահին եղել է իր մոտ: Դանակը հայտնաբերվում է ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցների կողմից: Այդ մասին տեղեկացնում են Վանիկին եւ նա արդեն տեղի է տալիս եւ պատմում իրականությունը՝ հայտնելով, որ ինքը նույնպես իր մոտ ունեցել է դանակ, որով էլ դանակահարել է Մաթեւոսյաններին: Իրավապահներն աշխատանքներ են ձեռնարկում՝ հայտնաբերելու հանցագործության գործիք դանակը, որով վնասվածքներ են պաճառել Մաթեւոսյաններին:
Արկադի Ավետիսյանն ու Վանիկ Արտեմյանը երեկվա դրությամբ ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել