Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՏՆՕՐԵՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԲԱՐՁՐ

Նոյեմբեր 04,2010 00:00

Գարեգին Նժդեհի 8 հասցեում գործող «Տնակ» կոչվող աշխատանքի տեղավորման գործակալությունը, որը իբր մարդկանց օգնում է աշխատանք գտնել, իրականում միայն փող է հավաքում, ամիսներով անձնագրերը գրավ վերցնում ու բոլորի գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ թե լիքը հարմար աշխատանքներ կան, մի գործ կգտնենք, ճանապարհում են տուն: Այդ գործակալության ծառայությունների արժեքը 1000-5000 դրամ է: Բնականաբար, 5000 դրամ տվող մարդը հավատացած է լինում, որ մի քանի առաջարկներ կստանա ու ընտրություն կկատարի, բայց ամիսներ շարունակ սպասելով՝ համոզվում է, որ անգամ վարորդի կամ վաճառողի աշխատանք գործակալությունը դժվարանում է գտնել: Եթե նույնիսկ գործակալության տնօրենը՝ Հարությունը, աշխատանք փնտրողին ձեւականորեն ուղարկում է մի ընկերություն՝ նախօրոք պայմանավորված է լինում, որ 1 ամիս աշխատեցնելուց եւ իրենց տոկոսները ստանալուց հետո նրան մի անկապ պատճառի համար ազատելու են աշխատանքից:
Նույն գործելաոճով են աշխատում նաեւ հարյուրավոր այլ գործակալություններ, որոնք իբր օրինական բիզնես են ծավալում, բայց իրականում զբաղվում են պարզ դրամաշորթությամբ ու ամենաաղքատ գործազուրկ խավի հաշվին խոշոր եկամուտներ են ստանում: Ամեն օր հեռուստատեսությամբ վազող տողով գործակալությունները հայտարարություններ են զետեղում, թե գործող հաջողակ ֆիրմային պահանջվում է տնօրեն կամ ղեկավար՝ շատ բարձր աշխատավարձով, կամ պահանջվում է անձնական վարորդ՝ 180 հազար դրամ աշխատավարձով: Արդեն պարզ է, թե քանի մարդ է զանգում գործակալության հեռախոսահամարներով ու խնդրում այդ «յուղոտ պաշտոններն» իր համար պահել, մինչդեռ իրականում դրանք հեքիաթների շարքից են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել