Պանրի եւ այլ ապրանքների թանկացման պատճառը տնտեսական արատավոր համակարգն է, որի դեպքում երկրում ապրանքների գները ոչ թե պետությունն է որոշում ու կառավարում, այլ ձեռնարկատերերն իրենք են որոշում իրենց ապրանքի գինը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա, պանրի թանկացումն օբյեկտիվ պատճառներով հիմնավորված չէ. բոլոր այն պատճառները, որոնք ազդում են գնագոյացման վրա, փոփոխություն չեն կրել, հետեւաբար պանրի թանկացումը հիմնավորված չէ: «tert.am»-ի փոխանցմամբ՝ Արմեն Պողոսյանն ասել է. «Թանկացումը պերմանենտ երեւույթ է, եւ այդ մուրճը պարբերաբար հարվածում է սպառողների գլխին»: Հ/կ-ի նախագահի ներկայացմամբ՝ թանկացումների առնչությամբ իրենք պատրաստվում են «բաց նամակ» հրապարակել կամ խորհրդակցություն հրավիրել: Իսկ ահա բողոքի հասարակական զանգվածային միջոցառում կազմակերպել չեն պատրաստվում, քանի որ, ըստ նրա, փորձը ցույց է տվել, որ մեր երկրում մասսայական միջոցառումներն առայժմ արդյունք չեն տալիս. «Մենք ֆրանսիացի չենք: Ֆրանսիայում այս թանկացումներից հետո անմիջապես մեծաքանակ ցույցեր կլինեին»: