Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշխատեն՝ առանց մայրանալու

Նոյեմբեր 04,2010 00:00

Այն, որ մեր կառավարությունն ուզում է զրկել ծննդաբերությունից հետո աշխատող կնոջը հասանելիք նպաստից, հարուցել է բազմաթիվ քաղաքացիների, հատկապես՝ ապագա մայրերի դժգոհությունը: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին ուղղված, նույն խնդրի հետ կապված մի նամակ եւս. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքի հատկապես 22 հոդվածի ընդունումից հետո տեղի կունենա ծնելիության կտրուկ կրճատում: Մեր պետությունը պետք է խրախուսի ծնելիությունը, այլ ոչ թե սահմանափակումներ մտցնի: Մենք հասկանում ենք, որ պետության գումարները սուղ են, սակայն խնայողություններ կատարել մեր ապագա սերնդի բարեկեցության հաշվին, հատկապես այն ժամանակահատվածում, երբ մեր հանրապետությունում ծնելիության ցուցանիշը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա՝ անընդունելի է: Իհարկե, մենք հասկանում ենք, որ օրենքի փոփոխությունները հիմնավոր պատճառներ ունեն, սակայն, մեր կարծիքով, հնարավոր է գտնել վերահսկողության ավելի լուրջ մեխանիզմներ, քան աշխատող անձանց հասանելիք գումարները պակասեցնելը: Արդարացի չէ, որ անձը երկար տարիներ աշխատում է նույն աշխատատեղում եւ ստանում բարձր աշխատավարձ, վճարում է բավականին բարձր հարկեր՝ ավելացնելով պետբյուջեի մուտքերը, սակայն մայրանալու եւ ժամանակավոր նպաստ ստանալու ժամանակ իրեն զրկում են պատշաճ կերպով երեխային խնամելու հնարավորությունից: Այդ օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում կանայք ստիպված կլինեն վերադառնալ աշխատանքի՝ ապահովելու համար իրենց երեխաների նվազագույն ընթացիկ ծախսերը, այդպիսով զրկելով մատաղ սերնդին մայրական քնքշանքից եւ դաստիարակությունից: Հաշվի առնելով այս հանգամանքները, պահանջում ենք կառավարությանը վերանայել եւ փոփոխել օրենքի համապատասխան կետերը՝ հօգուտ պարտաճանաչ հարկատու քաղաքացիների եւ մեր երկրի վաղվա սերնդի»:

Հ. Գ. Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակով դիմել է հանրապետության նախագահին եւ առաջարկել՝ օրերս ԱԺ-ի կողմից ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը վերադարձնել ԱԺ: Խմբակցությունն իր առարկություններն է ներկայացրել օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունների վերաբերյալ եւ առաջարկել այն վերադարձնել նախկին խմբագրմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել