Փոխարենը Եվրամիության ներկայացուցիչներն են խիստ անհանգստացած՝ դեպի Եվրոպա միլիոնավոր մահմեդական միգրանտների հոսքից:
Եվրամիությունը Մարոկոյի իշխանությունների գործերին չի խառնվում,
բայց խորհուրդներ է տալիս:
Սա Մարոկոյի խորհրդարանի շենքն է:
Մոտ 50 տարի է՝ Մարոկոյից դեպի Եվրոպական միության երկրներ, հատկապես Ֆրանսիա եւ Իտալիա, միգրանտների մեծ արտահոսք կա: Մարոկացիներն էլ հայաստանցիների նման Եվրոպա են արտագաղթում օրենքի գերակայությամբ երկրում աշխատելու եւ բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Այսօր Եվրոպայում 3 միլիոնից ավելի մարոկացի է բնակվում, որոնց մեծ մասը՝ անօրինական: Հաշվի առնելով, թե Մարոկոյի բնակչությունն ինչ արագությամբ է բազմանում (28 տարվա ընթացքում 8 միլիոնից դարձել են 31 մլն), արտագաղթի փաստն այդ երկրի իշխանություններին այնքան էլ չի մտահոգում. նրանք վստահ են, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում «կորուստները» շատ արագ կվերականգնվեն: Փոխարենը միգրանտների արտահոսքից խիստ անհանգստացած են Եվրամիության երկրների ներկայացուցիչները, որոնք, մասնավորապես, արաբների հոսքը կանխելու համար, ստիպված են նրանց հայրենական երկրները ծաղկեցնել:
Այսօր Եվրամիությունը աղքատության դեմ պայքարելու համար Մարոկոյում հսկայածավալ ծրագրեր է իրականացնում: Ժողովրդավարություն հաստատելու, մի շարք ոլորտներում բարեփոխումներ անելու, երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ զարգացնելու համար այդ երկրի Եվրամիության ներկայացուցչությունը միլիոնավոր եվրոներ է ծախսում: Արդեն քանի տարի է՝ աշխատանքներ են տարվում Եվրոպայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու, Մարոկոյի արտադրանքը եվրաչափանիշներին համապատասխանեցնելու, սեռերի հավասարություն ապահովելու եւ մի շարք այլ ուղղություններով. մի խոսքով՝ եվրոպացիներն ամեն ինչ անում են, որպեսզի Մարոկոն բարգավաճի ու արտագաղթի հոսքը դեպի Եվրոպա՝ Մարոկոյի նման երկրներից դադարի:
Հոկտեմբերի 25-ին հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարոկոյում Եվրամիության գրասենյակի կոորդինատոր Մարիո Մարինին էլ խոստովանեց, որ «Եվրամիությունն այդ ամենն անում է, որպեսզի Մարոկոյի ժողովուրդը զարգանա տեղում: Քանի որ Եվրոպայում այդքան մեծ հոսքերի դեպքում մշակույթների տարբերություն է առաջ գալիս: Գուցե Եվրոպան ի վիճակի է եւս մի քանի միլիոն էլ տեղավորելու, բայց մշակույթների խիստ տարբերությունը խնդիրներ է առաջացնում»:
Պարոն Մարինիի հետ լրագրողները զրուցեցին Մարոկոյի մայրաքաղաք Ռաբատում գտնվող Եվրամիության ներկայացուցչությունում: Կովկասի լրագրողներն այդ երկիր էին այցելել «Եվրոպական հարեւանության լրագրողական ցանց» կազմակերպության նախաձեռնությամբ: Մարիո Մարինիի տվյալներով, միայն տնտեսական բարեփոխումների համար Եվրամիությունը Մարոկոյին 1, 6 միլիարդ եվրո է տրամադրել, 203 միլիոն վարկ էլ Եվրոբանկն է տվել:
Ներկայումս Մարոկոյից եվրոպական երկրներ պոմիդոր եւ ցիտրուս է արտահանվում: Մարոկացիներն էլ Եվրոպայից ցորեն եւ միս են ներկրում: Եվրամիության մեկ այլ ներկայացուցիչ էլ՝ Ջերոմ Կասիեն, լրագրողների հետ զրույցում ասաց, որ՝ «Եվրամիության ներկայացուցչությունը Մարոկոյում նրա համար չէ, որ մարոկացիների շուկաները ձեռքներից խլի, այլ նրա համար, որ Մարոկոն ծաղկի եւ բարեկեցիկ երկիր դառնա»: Նա վստահեցրեց, որ իրենք առանձնապես չեն խառնվում Մարոկոյի իշխանությունների գործերին եւ թողնում են, որպեսզի նրանք ինքնուրույն իրականացնեն եվրոպական շուկային ինտեգրվելու գործընթացը, հատկապես որ՝ Մարոկոյի թագավոր Մոհամեդ 6-րդը եվրոպացի չինովնիկների հետ հանդիպման ժամանակ խոստացել ու երաշխավորել է, որ ցանկացած ոլորտի բարեփոխում հաջողությամբ կընթանա: Այդուհանդերձ, Ջերոմ Կասիեն խոստովանեց, որ երբ խոսք է գնում սպառողների իրավունքների մասին, Եվրամիությունը Մարոկոյի իշխանությունների առջեւ նախապայմաններ է դնում եւ խորհուրդներ տալիս, թե ինչ պետք է անել, որպեսզի Եվրոպայի շուկա արտահանվող արտադրանքը համապատասխան լինի եվրաչափանիշներին:
Դատելով մարոկացիների՝ վերջին տարիներին բարելավված կենսամակարդակից, կարելի է արձանագրել, որ ե՛ւ ժողովուրդն է գոհ Եվրամիության գործունեությունից, ե՛ւ Եվրամիությունը՝ Մարոկոյի իշխանություններից: Չնայած վերջիններս կարծում են, որ երկրի ծայրամասային համայնքներում դեռեւս անելիքներ շատ կան: