Գարեգին Նժդեհի կամուրջը երթեւեկելի է
Գարեգին Նժդեհի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Վստրեչի» կամրջի վերակառուցման աշխատանքները, որոնք Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով սկսվել էին այս տարվա մարտին, ավարտված են: Կամուրջը երեկվանից երթեւեկության համար բաց է:
Կամրջի բացման հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կտրեց ժապավենը: Այնուհետեւ քաղաքապետը շինարարների, վարչական շրջանների ղեկավարների ու բազմաթիվ երեւանցիների հետ միասին քայլելով անցավ կամրջի վրայով: Կամրջի մյուս ծայրին քաղաքապետին դիմավորեցին շենգավիթցիները: Նոր վերակառուցված կամրջով քայլերթը Էրեբունուց մինչեւ Շենգավիթ խորհրդանշական էր, քանի որ 450 մ ընդհանուր երկարությամբ կամուրջը իրար է կապում այս երկու վարչական շրջանները:
Ինչպես նշեց քաղաքապետը, Գարեգին Նժդեհի կամուրջը Երեւանի տրանսպորտային համակարգում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում: Լինելով Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանները միավորող միակ կամուրջը՝ այն էականորեն հեշտացնում է տրանսպորտային հոսքերի տեղաշարժը մայրաքաղաքի հյուսիս- արեւելքից հարավ եւ հակառակ ուղղություններով:
«Զրոյից կառուցել ենք նոր կամուրջ: Վարորդի ճանապարհը կամրջի շնորհիվ առնվազն 3,5 կմ-ով կրճատվում է: Երեւանից դեպի Արարատ, Արմավիր գնացող վարորդների համար նույնպես Գարեգին Նժդեհի կամուրջը ամենահարմար երթուղին է: Կամրջի մեծ նշանակությունը մենք բոլորս շատ լավ զգացինք հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, երբ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այստեղ երթեւեկությունը դադարեցված էր, եւ հարակից փողոցներում խցանումներ էին առաջանում: Դժվարությունները մնացել են հետեւում, կամուրջն արդեն երթեւեկելի է, այդ առիթով բոլորիս շնորհավորում եմ»,- նշեց քաղաքապետը:
1968թ.-ին շահագործման հանձնված կամուրջը նախկինում երբեւէ չէր հիմնանորոգվել: 1985 թ. կամրջի տակ բռնկված հրդեհի պատճառով ուղետարի կրող կոնստրուկցիաները լրջորեն վնասվել էին, ինչի հետեւանքով դրանց կրողունակությունը նվազել էր: 1997 թվականից կամուրջը վթարային էր ճանաչվել, սակայն որեւէ աշխատանք չէր արվել: Փլուզման եզրին հասած կամրջի նորոգումը առաջնային անհրաժեշտություն էր: Քաղաքապետի պարզաբանմամբ, 2009 թվականին սկսված նորոգման աշխատանքները հետաձգելու պատճառը նախկինում արված նախագծային ոչ ճիշտ հաշվարկներն էին: «Այդ ժամանակ ասֆալտի ծածկը հեռացնելուց հետո պարզվեց, որ ուղետարի տեխնիկական վիճակը չի համապատասխանում 2007թ. կատարված հետազոտման արդյունքներին: Անհրաժեշտ էր բոլոր կոնստրուկցիաները փոխել, այսինքն՝ կամուրջը հիմնովին վերակառուցել»,- նշեց քաղաքապետը:
Փորձաքննություն անցած նոր նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա հայտարարվեց նոր մրցույթ: Հաղթող ճանաչված «Կամուրջշին» ընկերությունը այս տարվա մարտի 1-ից սկսեց ուղեանցի վերակառուցման աշխատանքները: Արդյունքում, ինչպես քաղաքապետն ընդգծեց. «Նախկին վթարային, երթեւեկության համար վտանգավոր կամրջի փոխարեն երեւանցիներին վերադարձվում է հիմնանորոգված, գեղեցիկ տեսքով, սեյսմակայունության 9 բալանոց սանդղակին համապատասխանող ամուր ու անվտանգ կամուրջ»: Ուղետարի վերակառուցման նախահաշվային արժեքը 1 մլրդ 823 մլն դրամ է: «Կամուրջշին» ընկերության տնօրեն Վլադ Ասատրյանի տեղեկացմամբ, վերակառուցման ընթացքում հին կամուրջը գրեթե ամբողջությամբ ապամոնտաժվել է, փոխարենը կառուցվել նորը: Փոխվել են ուղետարի բոլոր 23 թռիչքներն ու 328 հեծանները, ուժեղացվել է կրողունակությունը: Օգտագործվել է մոտ 2600 խմ միաձույլ բետոն եւ երկաթբետոն, 1510 տոննա ասֆալտբետոն: Թարմացվել է կամրջի արտաքին տեսքը՝ տեղադրվել են նոր բազրիքներ: Ասֆալտապատվել է 20մ լայնությամբ երթեւեկելի շերտը, նորոգվել են 3 մետր լայնությամբ երկկողմանի մայթերը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ: Քաղաքապետը եղավ նաեւ կամրջի ստորին հատվածում, որտեղ ժամանակին շինարարական նորմերի խախտմամբ թռիչքային կառուցվածքի տակ կառուցվել էին տրանսֆորմատորային ենթակայան, «Պլաստիկ» գործարանի արտադրամաս եւ «Մանվածքային» գործարանի պահեստներ: Դրանք բոլորը վերակառուցման ընթացքում ապամոնտաժվել են:
Կամրջի տակ նախկինում կառուցված ավտոտնակները նույնպես հանվել են, քանի որ դրանք խոչընդոտում էին աշխատանքների իրականացմանը եւ հակասում քաղաքաշինական նորմերին: Մոտ 20 ավտոտնակ արդեն ապամոնտաժվել է, տերերին տրվել է համարժեք փոխհատուցում, 3 ավտոտնակի հետ կապված դատական գործեր են ընթանում:
Նոր տեսք եւ ամրություն ստացած կամրջով երթեւեկող վարորդների տրամադրությունը բարձր էր՝ առաջին անցնողները ավտոմեքենան վարում էին հիացական ողջույններով. «Այս կամրջով երթեւեկելով՝ զգալի ժամանակ ենք շահում: Զգացվում է, որ որակով գործ են արել, երթեւեկելը շատ հարմար է»,– նշեց երթուղային տաքսու վարորդը: