Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎԻՉ ԵՆ ԼՈԼԻԿԸ, ԴԵՂՁՆ ՈՒ ԾԻՐԱՆԸ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\" Արաբները հետաքրքրված են հայկական գյուղմթերքով

Հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու Հայաստանի ներդրումային հնարավորությունները երեկ գործարար համաժողովում քննարկում էին հայ ու արաբ գործարարները:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմի խոսքով, լուրջ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ: Նա հայ գործարարներին առաջարկեց արաբ գործընկերների հետ համագործակցել հատկապես միջուկային էներգետիկայի ոլորտում, ապա նշեց, որ Էմիրաթներում էլ ավելի շատ հետաքրքրված են Հայաստանի էլեկտրաէներգիայով. 2020 թվականին իրենց 48.000 մեգավատ էլեկտրականություն պետք կլինի: Արաբ նախարարի տեղեկացմամբ, նախատեսել են Հայաստանի հետ համատեղ ֆինանսավորել տեխնիկական եւ սոցիալական մի շարք ծրագրեր. «Ամեն ինչ անում ենք, որ երկու երկրների միջեւ աճի առեւտուրը: Արդեն ստորագրել ենք տեխնիկական ու գիտական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր: Հայաստանը զարգացող պետություն է ու մեծ ներուժ ունի նաեւ ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրական սարքավորումների, գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ոլորտներում»: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Արաբական Էմիրությունների շուկան այնքան մեծ չէ, որ Հայաստանը դժվարություններ ունենա մուտք գործելիս, բայց նախ եւ առաջ ապրանքատեսակների որակի հետ կապված խնդիրները պետք է վերացնի. «Հայաստանի գյուղատնտեսության, մթերքի վերամշակման, ագրոտեխնիկայի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Մեր երկրում գյուղատնտեսական հողերը սակավ են, այդ պատճառով առաջին հերթին պետք է հաշվի առնեն ներքին սպառումը, հետո նոր մտածեն արտահանման մասին: Լոլիկ, դեղձ ու ծիրան, ոչխարի միս կարող ենք արտահանել, որոնք մեծ սպառում կունենան արաբական շուկայում, բայց խոսքս որակյալ, միջազգային ապրանքային տեսքով գյուղմթերքի մասին է, որովhետեւ Էմիրություններում այսօր որակի առումով պահանջարկը շատ խիստ է: Այս առումով դեռ շատ խնդիրներ ու անելիքներ կան»:
Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Էմիրություններում ներդրումային հիմնադրամները արտաքին շուկաների համար բավականին մեծ են. արաբ գործարարներն էլ ներդրումներ անելուց առաջ ուսումնասիրում են բոլոր ոլորտները. «Հետաքրքրված են՝ տուրիզմից սկսած մինչեւ արդյունաբերական սեկտոր, գյուղատնտեսական մթերքի մշակումից մինչեւ շինարարական նյութեր, ճանապարհաշինություն… ամեն ինչ, մնում է միայն, որ հայկական կողմը ներդրումային նորմալ ծրագրեր ներկայացնի: Իսկ որակի հետ կապված բոլոր խնդիրները լուծելի են: Եթե գործարարներն ունենան շուկա, պոտենցիալ պատվերներ, 1 տարվա ընթացքում այդ բոլոր խնդիրները կհաղթահարենք»: Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն էլ նշեց, որ վերջին 4 տարիներին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մեծ չի եղել: Ըստ նրա, Հայաստանն ավելի շատ ներմուծել, քան արտահանել է. «Նախորդ տարի շրջանառությունը $70 միլիոն էր կազմել, ընդ որում՝ ներմուծման ցուցանիշն ավելի մեծ է եղել, բայց այս համագործակցությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ արտահանման ծավալների մեծացման համար»: Նրա խոսքով, հիմնականում Հայաստանից արտահանվում է հրուշակեղեն, թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղներ ու քարեր: Հայ գործարարներն էլ նախընտրում են ներմուծել արաբական կահույք, կենցաղային ապրանքներ ու էլեկտրական սարքավորումներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ արաբ գործարարներին ասաց, որ Հայաստանը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների, միջուկային ֆիզիկայի ու բժշկության ոլորտներում համագործակցությամբ, ապա արաբներին խորհուրդ տվեց ծանոթանալ «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրին:
2006-2009թթ. հայ-էմիրաթական առեւտրաշրջանառությունը կազմել է $124 միլիոն, որից արտահանումը՝ $28 միլիոն, իսկ ներմուծումը $101,3 միլիոն է կազմել: 2009-ին արտահանումը կազմել է $5,3 միլիոն, ներմուծումը՝ $30,7 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել