Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐԻՆ Է ՁԵՌՆՏՈՒ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ»

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Կարծում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

– Եվրախորհրդարանի պատգամավորների այցից հետո որեւէ զարգացում, որեւէ նախաձեռնություն սպասվո՞ւմ է, թե՞ դա հերթական այցն էր, որը ոչինչ չի տալու:
– Դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացում դա կունենա, բայց այդ մարդիկ համարձակորեն են այցելել Արցախ, իմանալով, որ իրենց անունները կմտնեն ադրբեջանական, այսպես կոչված, սեւ ցուցակի մեջ: Գուցե այսպիսի հանդիպումներն ու այցելությունները ինչ-որ բան կարող են տալ ապագայում: Կարեւոր է, որ այդ մարդիկ տեղում ծանոթացան արցախցիների հետ, տեսան Արցախը, եւ Արցախը ճանաչելի դարձավ իրենց համար եւ իրենց միջոցով՝ գուցե նաեւ եվրոպական տարբեր կառույցների համար: Ցանկացած այսպիսի այցելություն ինքնին դրական զարգացում է: Իսկ կոնկրետ ինչ-որ ծրագրերի իրականացում եւ այլն՝ երեւի ապագայում պարզ կլինի, որ ամենից կարեւորն այն էր, որ նրանք եկել են Արցախ եւ այդ այցով ցույց տվեցին, որ Արցախը մեկուսացված չէ:
– Իրենք չթաքցրին, որ զարմացած են, թե ինչու մինչ այժմ տեղեկացված չեն եղել հայ փախստականների մասին, չեն իմացել նրանց վիճակի եւ այլ խնդիրների մասին, մինչդեռ Ադրբեջանը շարունակ խոսում եւ խոսում է իր փախստականների մասին, սա չի՞ նշանակում, որ մենք այս հարցում լուրջ թերացում ունենք:
– Ավելի շուտ եվրոպական այդ կառույցները (հաշվի առնելով նաեւ Եվրոպայի աշխարհաքաղաքական ներուժը տարածաշրջանում, որը բավականին ցածր է) ուղղակի շահ կամ նպատակ չունեին խորապես այդ բոլորը իմանալու, ուսումնասիրելու: Բացի դրանից՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հիստերիկ քարոզարշավը ոչ թե ավելի արդյունավետ է, ուղղակի մարդիկ կարծես ավելի մեծ ուշադրություն են դարձնում ինչ-որ աղմկոտ երեւույթների, հիստերիկ քաղաքականության: Այդ իսկ պատճառով, երեւի, նաեւ հայ փախստականների խնդիրը ետին պլան էր մղվել։
– Բայց իրենց այդ, Ձեր բնորոշմամբ, հիստերիկ պահվածքը շատ ավելի հաջողություն է ունենում, քան մեր ավելի զուսպ պահվածքը;
– Դե, գիտեք, ոչ թե հաջողություն են ունենում, պարզապես մարդիկ դրան ուշադրություն են դարձնում, բայց դա որեւէ բանով իրավիճակը չի փոխում, որովհետեւ պետք է առնվազն մի քանի այսպիսի այցելություն, եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը: Սա չի նշանակում, որ մենք էլ պիտի ձեռքներս ծալած նստենք, տեսնենք՝ ինչ է լինում: Ոչ, կարծում եմ՝ այստեղ պետք է ավելի աշխուժացնենք մեր քայլերն այս ուղղությամբ եւս:
– ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Աստրախանում ստորագրված ռազմագերիների վերադարձի մասին համաձայնագրերով, ըստ էության, Հայաստանը հաստատեց, թե պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, եւ չկա երրորդ կողմ: Կիսո՞ւմ եք այս դիրքորոշումը:
– Վերապահումներով, որովհետեւ Հայաստանն իրոք գտնվում է պատերազմի մեջ, ավելի ճիշտ՝ սառը պատերազմի մեջ: Որովհետեւ Արծվաշենի հիմնախնդիրը կա, որը զավթված է Ադրբեջանի կողմից: Ի՞նչ է, գաղտնի՞ք է, որ պատերազմական գործողություններ են եղել: Ի՞նչ է, Հայաստանի սահմանամերձ շրջանները չե՞ն ռմբակոծվել ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Իհարկե, ռմբակոծվել են: Ադրբեջանը շարունակում է շրջափակման քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ եւ այլն, եւ այլն: Եվ այս առումով Հայաստանը նույնպես համարվում է հակամարտության կողմ, ինչը արձանագրված է բոլոր փաստաթղթերում: Ուղղակի խնդիրն այն է, որ հակամարտության կողմերը երեքն են եւ ոչ թե երկուսը, եւ Արցախի՝ որպես հակամարտության եւ բանակցային կողմ դիտարկելու աչքակապությունը միջազգային հանրության կողմից հետեւանք է առաջին հերթին Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, որը, չեմ կարծում, կբերի շոշափելի արդյունքի հակամարտության կարգավորման գործընթացում:
– Դուք կիսո՞ւմ եք ընդդիմադիր որոշ գործիչների այն կարծիքը, թե աստրախանյան հանդիպումից հետո Արցախի վերադարձը բանակցային սեղան անհնարին դարձավ:
– Աստրախանի հանդիպումը չի կարելի որակել շրջադարձային: Այս հանդիպումը կարեւոր է նրանով, որ եւս մեկ քայլ կատարվեց ստատուս-քվոն պահպանելու համար: Այսպիսի քայլեր կատարվում են պարբերաբար, եւ Աստրախանի հանդիպումը սրանով է կարեւոր, ուրիշ ոչ մի շրջադարձային փաստաթուղթ կամ զարգացում այս հանդիպմամբ չի գրանցվել: Բոլորին է ձեռնտու ստատուս-քվոյի պահպանումը, եւ սրա պահպանման համար տարբեր մեխանիզմներ կան: Հայտարարվում է, թե հնարավոր է Աստանայում ինչ-որ բան ստորագրվի: Այո, կարող է ստորագրվել եւ կարող է՝ ոչ, բայց արդեն աժիոտաժը գցել են հասարակության մեջ՝ եւ Հայաստանում, եւ Արցախում, եւ Ադրբեջանում: Մարդիկ սկսում են մտածել, քաղաքական վերլուծաբանները կանխատեսումներ են անում, եւ այսպիսի գործընթացը ընկալվում է որպես ակտիվ պրոցես: Մինչդեռ այս ամենն իրականում ստատուս-քվոն պահպանելու համար լավագույն եւ փորձարկված տարբերակներից մեկն է:
– Իսկ շրջադարձային կարո՞ղ է դառնալ Աստանայի հանդիպումը:
– Չեմ կարծում, կան օբյեկտիվ նախապայմաններ, որոնք ցույց են տալիս, որ շրջադարձային չի կարող լինել: Կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեն էականորեն տարբեր մոտեցումներ: Ադրբեջանը պարբերաբար այսպիսի հանդիպումների նախօրեին կատարում է տարբեր տիպի գործողություններ եւ հայտարարություններ, խախտում է հրադադարի ռեժիմը, զոհվում են մեր զինծառայողները: Այս կեցվածքը ցույց է տալիս, որ հնարավոր չէ նրանց հետ խոսել: Ինչի՞ մասին պիտի խոսենք: Ի՞նչ է, մենք պիտի վերադառնանք Ադրբեջանի կա՞զմը: Դա չի լինելու երբեք, դա անհնարին է։ Հաջորդը՝ այս տարածաշրջանը շատ կարեւոր է աշխարհաքաղաքական առումով. սա միակ տարածաշրջանն է, որը թույլ է տալիս Արեւմուտքին մտնել Կենտրոնական Ասիա՝ շրջանցելով Իրանը, Ռուսաստանը եւ այլն: Պարզ է, որ այս տարածաշրջանում ընթանում է մրցակցություն, բայց հիմա ստեղծվել է ուժերի մի այնպիսի դասավորվածություն, որը նպաստավոր է բոլորի համար, եւ որեւէ մեկը չի ուզում այսօրվա դրությամբ խախտել ստատուս-քվոն: Չի ուզում, որովհետեւ պատերազմը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում չի լինելու Արցախ-Ադրբեջան զինված բախում, լինելու է ավելի լայն, տարբեր ուժերի ներգրավմամբ, իսկ սա որեւէ մեկին ձեռնտու չէ, հետեւաբար պետք է պահպանել այս իրավիճակը: Հարցն արդեն կարգավորված է, կարող է մաքսիմում կարգավորման մեջ փոքր շտրիխներ ավելացնել, ասենք՝ սահմանների հստակեցում: Իսկ սա էլ կարող է լինել միայն անտեսանելի ապագայում, եւ պետք է այնքան ժամանակ անցնի, որ բոլորը դրա հետ հասցնեն մերվել: Անկախ նրանից՝ դա Ադրբեջանը ուզում է, թե չի ուզում, ռազմաքաղաքական բալանսը ստեղծվում է եւ կպահպանվի՝ անկախ նրանից, թե Ադրբեջանը ինչքան է ծախսում իր ռազմական բյուջեն ավելացնելու համար: Չէ՞ որ այս ամենը պետք է դիտարկել ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան փոխհարաբերությունների ենթատեքստում: Մյուս կողմից էլ՝ սա Ադրբեջանին հնարավորություն է տալիս ճնշել իր ազգային փոքրամասնություններին եւ այլն: Մեկ բան հստակ է՝ հարցը կարգավորված է, եւ տարիների ընթացքում կարող են փոքրիկ շտրիխներ փոխվել, բայց՝ ոչ ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել