Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետն առաջարկել է հանդիպում կազմակերպել

Նոյեմբեր 04,2010 00:00

Հայկական կողմը նորից է առաջարկում Ադրբեջանի հետ շփման գոտում անցկացնել ԵԱՀԿ երկարաժամկետ մոնիտորինգ: «ԱրմԻնֆո»-ի մատուցմամբ, համապատասխան առաջարկությունը երեկ հնչել է Հայաստանի Տավուշի մարզում տեղի ունեցած ճեպազրույցում, որը նախորդել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ԵԱՀԿ հերթական մոնիտորինգին: Ինչպես նախկինում հաղորդվել էր, հայկական կողմից մոնիտորինգին մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահ Իմրե Պալատինուսի անձնական ներկայացուցչի օգնական Ժեսլան Նուրտազինը: Մոնիտորինգը տեւել է 10 րոպե եւ անցել է առանց միջադեպերի:
Ինչպես նշել է Տավուշի մարզպետի տեղակալ Վաչե Վարդապետյանը, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պայմանները, ընդ որում, ադրբեջանական կողմից, նրա ասելով, կրակոցներն ուժգնանում են դաշտային աշխատանքների ժամանակ, ու արդյունքում տուժում են ոչ միայն մարդիկ, այլեւ գյուղտեխնիկան: Այսպես, Չինարի գյուղում ադրբեջանական դիրքերից կրակոցների հետեւանքով վնասվել է տրակտորը, Բերքաբեր գյուղում՝ կոմբայնը: Այդ պատճառով էլ հայկական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին արդեն քանիերորդ անգամ է առաջարկել անցկացնել հրադադարի ռեժիմի կատարման երկարաժամկետ մոնիտորինգ: Մարզային ղեկավարության կարծիքով, հրադադարի մեղավորների բացահայտումից բացի, մոնիտորինգը տեղական բնակչության համար հոգեբանական աջակցություն կլինի: 
Նման մոնիտորինգ անցկացնելու վերաբերյալ առաջարկություն եղել է նաեւ տեղի զորամասի ղեկավարության կողմից: Գնդապետ Սերգեյ Կարապետյանը ԵԱՀԿ ներկայացուցիչներին առաջարկել է անցկացնել մի քանի օր տեւողությամբ մոնիտորինգ, որպեսզի անձամբ համոզվեն, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը: Դրանից բացի, գնդապետն առաջարկել է կազմակերպել հայկական եւ ադրբեջանական զորամասերի ղեկավարությունների միջեւ հանդիպում՝ հրադադարի ռեժիմի խախտումները քննարկելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել