Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածյալը թաղման բյուրոն է

Նոյեմբեր 04,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրին, որ արձագանքելով «Առավոտի» հոկտեմբերի 28-ի «Այլ գերեզմանում՝ այլ դիակ» վերնագրով հոդվածին, ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 214 հոդվածի 1-ին մասով (այն է՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով վնաս պատճառելը):
Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչ Աշոտ Չիթիրյանը հուլիսի 30-ին  դիմում էր ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների  դատախազին՝ հայտնելով, որ հուլիսի 12-ին  քրոջ հետ այցելելով  Նուբարաշենի  գերեզմանատանը հուղարկավորված հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզման, հայտնաբերել է, որ  այնտեղ հուղարկավորված է  այլ անձ: Վարչական շրջանի դատախազը դիմումն ուղարկել էր ոստիկանության Էրեբունու բաժին՝ քննարկման, նյութեր նախապատրաստելու ցուցումով:
Ա. Չիթիրյանը այդ ընթացքում դիմել էր նաեւ  գերեզմանատան եւ  «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի ղեկավարությանը:  Սակայն նրան հուլիսի 27-ին գրավոր պատասխանել են, որ ընկերության աշխատակիցների կողմից  Ա. Չիթիրյանի վկայակոչած գերեզմանատեղում  մետաղյա ձողով կատարվել է տեղազննություն եւ պարզվել է, որ  այնտեղ հուղարկավորված է մեկ այլ հանգուցյալ: Հետաքննիչի կողմից եւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ հոկտեմբերի 27-ին կատարվեց  գերեզմանատեղի զննություն: Հանգուցյալ Գ. Խաչատրյանի  տապանաքարից 40 սմ հեռավորության վրա փորվեց եւ 1,5 մետր խորությամբ հայտնաբերվեց Չիթիրյանի հոր դագաղը: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի հանձնարարությամբ հոկտեմբերի 28-ին  նյութերն ուղարկվել են  ոստիկանության Էրեբունու քննչական բաժին: Հիշեցնենք, որ այս հոդվածը նախատեսում է տուգանքից մինչեւ 2 տարվա ազատազրկում, եւ ըստ էության այս դրամատիկ պատմության գլխավոր կասկածյալն այս պահին թաղման բյուրոն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել