Աստանայում ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում, հակառակ Ադրբեջանի ԱԳ նախարարի սպասումների, ոչ մի բեկումնային բան չի լինի:
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դռնփակ առանձնազրույցը, որի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտարարել է, թե Աստանայում դեկտեմբերի 1-2-ը նախանշված ԵԱՀԿ գագաթաժողովը հակամարտության կարգավորման հարցում բեկումնային է լինելու: Նա նաեւ հավաստիացրել է, որ Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատող ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է, ու ինքը՝ Մամեդյարովը, առաջիկայում հանդիպելու է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու գագաթաժողովի շրջանակում նախագահների հանդիպման մանրամասները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 27-ին, Աստրախանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց երկրների արտգործնախարարներին հրահանգել են շարունակել բանակցային գործընթացը: Այդ հանդիպումը նախաձեռնած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հույս էր հայտնել, որ մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողովը կողմերը կհամաձայնեցնեն վիճելի սկզբունքները եւ կստորագրեն ճանապարհային քարտեզ: Նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ընդգծված նախաձեռնողականությունն ու նրա՝ հիմնախնդրի կարգավորման կնքահայրը լինելու ձգտումը՝ տպավորություն է ստեղծվում, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում իսկապես կարող է արմատական բեկում լինել: Բայց այդ հեռանկարը իրական կլիներ, եթե նույն լավատեսությամբ հանդես գար նաեւ բանակցություններ վարող հայկական կողմը՝ Հայաստանը: Երեկ «Առավոտի»՝ Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, ՀՀ ԱԳՆ-ից փոխանցեցին, թե ասելիք՝ մեկնաբանություն չկա: Իսկ դա կարող է նշանակել. կա, բայց թաքցնում են, կա, բայց դրա հետ հույսեր չեն կապում, եւ ուղղակի՝ չկա, բայց չեն ասում, որ ապակառուցողական չթվան:
Եվ այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ ճանապարհային քարտեզն, իրոք, արդեն պատրաստ է, ու Մեդվեդեւը մի բան գիտեր, որ մինչեւ Աստանայի հանդիպումը կողմերը այդ փաստաթուղթը ստորագրելու են: «Այդ խնդրում ես շարունակում եմ մնալ փորձառու հոռետես եւ չեմ կարծում, թե Աստանայում կամ մինչեւ դա որեւէ փաստաթուղթ, ճանապարհային քարտեզ կոչվածը, որպես շրջանակային համաձայնագիր, ստորագրվելու է»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա իր այս հոռետեսությունը հիմնավորեց այն փաստով, որ խնդրի վերաբերյալ հիմնական հարցերը մնում են չհամաձայնեցված: Խոսքը հատկապես հայկական կողմի համար կարեւորվող Ղարաբաղի թե՛ միջանկյալ, թե՛ վերջնական կարգավիճակի մասին է. «Հետեւաբար՝ չեմ կարծում, որ Մամեդյարովի հայտարարությունը որեւէ հիմք ունի: Ավելին, այդ հայտարարությամբ առաջին հերթին փորձ է արվում ցույց տալ, որ Ադրբեջանը կառուցողական կողմ է եւ պատրաստ է այդ փաստաթուղթը ստորագրել, մինչդեռ հայկական կողմն է, որ պատրաստ չէ: Եվ երկրորդ, չմոռանանք, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ Մամեդյարովը փորձում է այդ ընտրություններում տեղի ունենալիք այլանդակությունների ու ապօրինությունների հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը մեղմել՝ նման փաստաթուղթ ստորագրելու սպասում ձեւավորելու եւ այդ ընտրությունները լեգիտիմացնելու նպատակով»:
Ինչ վերաբերում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությանը, ապա Ստ. Սաֆարյանի համոզմամբ, «դրա բովանդակությունն ինքնին արդեն ասում է, որ իրավիճակն այնքան բարդ է եւ այնքան անբարենպաստ կարգավորման համար, որ բուն խնդրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը իրատեսական չէ: Աստրախանում ստորագրվածը հակամարտության հետեւանքների մասին էր: Այսինքն՝ բուն հակամարտության հետեւանքներն այնպիսի զարգացումներ են ստացել, այնպիսի մետամորֆոզներ են տվել՝ հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացում, պատերազմի սպառնալիք, սպառազինությունների մրցավազք, որ նման իրավիճակներում որեւէ կերպ չի կարելի իրատեսական համարել որեւէ փաստաթղթի ստորագրումը»:
Աստրախանում ստորագրված համատեղ հայտարարության եւ Աստանայում սպասվող ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ԼՂ հարցում հնարավոր զարգացումների վերաբերյալ երեկ մամուլի տարբեր ակումբներում մեկնաբանություններ են արել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ, Աստրախանում երեք նախագահների ստորագրած հայտարարությունը Ղարաբաղի շուրջ բանակցությունների լուրջ սպառնալիք է պարունակում. «մասնավորապես, Հայաստանի եւ Արցախի համար դրանում կա սպառնալիք քաղաքական եւ միջազգային իրավունքի տեսանկյունից: Հայաստանը, փաստորեն, ընդունել է, որ գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմի վիճակում, քանի որ գերիներ փոխանակում են, սովորաբար, պատերազմող կողմերը: Ուստի Ադրբեջանն այդ առումով արդեն բավականին լուրջ հաղթաթուղթ է ստացել»: Նրա ասելով, վտանգը նաեւ այն է, որ այդ փաստաթղթով ԼՂ-ն վերջնականապես դուրս մղվեց բանակցային գործընթացից, ու ԼՂ-ի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու չնչին հնարավորություններն էլ, որ դեռ կային, սպառվեցին:
Իսկ Աստանայում, բանախոսի ասելով, բեկումնային ոչինչ էլ չի լինի. «Իհարկե, չի ընդունվի ճանապարհային քարտեզ, որովհետեւ ճանապարհային քարտեզը նշանակում է կարգավորման հստակ ծրագիր, քայլեր եւ ժամանակացույց: Կարծում եմ, ավելի քան հավանական է, որ կընդունվի հայտարարություն, որում կնշվեն կարգավորման համաձայնեցված սկզբունքները, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ»:
ՀԱԿ-ի մեկ այլ ներկայացուցչի՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ եւս Աստանայում անակնկալներ չեն լինի: «Բանակցային գործընթացը վկայում է, որ շրջադարձային պահը դեռ չի հասունացել: Հակամարտության կողմերը կրկին կարձանագրեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացի կարեւորությունը, ԵԱՀԿ անդամները միաձայն աջակցություն կհայտնեն գործընթացին եւ կնշեն, որ դա խնդրի լուծման միակ ձեւաչափն է»,- կանխատեսել է նախկին ԱԳ նախարարը՝ քիչ հավանական համարելով ճանապարհային քարտեզի ստորագրումը: Դա, նրա դիտարկմամբ, հավանական չէ, որովհետեւ «սեղանին են դրված Մադրիդյան սկզբունքները, որոնք բացարձակապես անընդունելի են Հայաստանի եւ Ղարաբաղի համար, մերժվում են նաեւ ադրբեջանական կողմից, ու այդ պայմաններում անհնար է ճանապարհային քարտեզ ուրվագծել»:
Ինչ վերաբերում է Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ու որպես դրա արդյունք՝ ստորագրված համատեղ հայտարարությանը, ապա Արզումանյանը՝ համարելով, որ հումանիտար բովանդակությամբ այդ փաստաթուղթը կարեւոր է, միաժամանակ հիշեցրել է, որ գերիների եւ դիակների հանձնումը նախատեսված է մի շարք միջազգային պայմանագրերով, ուստի դա, ըստ էության, ոչինչ չասող հայտարարություն է: «Ինչ-որ բան պետք է ստորագրվեր: Քանի որ արդեն մայնդորֆյան հռչակագիրը ստորագրվել էր, նմանատիպ մեկ այլ փաստաթուղթ ստորագրելն անիմաստ կլիներ՝ հաշվի առնելով, որ մոտենում է Աստանայի գագաթաժողովը»: Այդ հանդիպման բուն նպատակը, Ալ. Արզումանյանի համոզմամբ, ՌԴ կողմից միջազգային հանրությանն ուղերձ հղելն էր առ այն, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մոսկվայի դերն առանցքային է, եւ ԼՂ հակամարտության լուծման բանալին իր ձեռքում է: