Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ. ԹԱՏՐՈՆ ԱՌԱՆՑ ԹԱՏՐՈՆԻ»

Նոյեմբեր 03,2010 00:00

\"\"Նոյեմբերի 8-14-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կանցկացվի «Մեկ քառակուսի մետր. թատրոն առանց թատրոնի» ամենամյա 5-րդ փառատոնը: Փառատոնը, որի ծրագրում այս տարի ընդգրկված է 15 ներկայացում, կբացվի ֆրանսիացի Լողելին Քյոնիգի «Քամին» հեքիաթով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն, խոսելով միջոցառման առանձնահատկությունների մասին, նշեց, որ մրցութային ծրագրի բոլոր ներկայացումները բեմադրվելու են 1 քառ. մետր տարածքով բեմի վրա, տեւողությունն էլ չպետք է գերազանցի 45 րոպեն, իսկ ժանրային առումով որեւէ սահմանափակում չկա: Նրա խոսքով, փառատոնի պատմության ընթացքում 1 քառ. մետրի վրա եղել է ե՛ւ մնջախաղ, ե՛ւ 6 դերասաններից կազմված խմբային բեմադրություն: Փառատոնին, որին այս տարի մասնակցում են ե՛ւ լուրջ բեմադրիչները, ե՛ւ անգամ թատերական կրթություն չունեցողները, ներկայացման մեջ իրավունք չունեն հանդես գալ 1 դերասանով: Ներկայացումներից միայն 3-ը՝ հեղինակների ցանկությամբ, կլինեն մրցույթից դուրս:

ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը տեղեկացրեց, որ փառատոնը սկիզբ է առել 2001 թվականին՝ ֆրանսիացիների կողմից: Նրա խոսքով, ի տարբերություն ֆրանսիական «Մեկ քառակուսի մետրի», որտեղ բեմի սահմանը մեկ քառ. մետրից ավելի է 6 սմ-ով, հայկական տարբերակում տարածքը մեկ քառակուսի է: Այս տարի փառատոնի կազմակերպիչները նախատեսել են 3 մրցանակ՝ «Լավագույն գրական հիմք», «Լավագույն բեմադրիչ» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերում, իսկ փառատոնի գլխավոր մրցանակակրին քվեարկությամբ կընտրեն իրենք՝ մասնակից բեմադրիչները: ԱՄՆ-ն ներկայացնող հեղինակ Սոնիա Պալասանյանը հանդես կգա «Ես եւ դու» ներկայացմամբ, լեհ գրող Յանուշ Լեւոնը հատուկ ծրագրում կներկայացնի իր «Արարատը գիտի» ստեղծագործությունը: Փառատոնի ժյուրիի կազմում կլինեն ֆրանսիացի Լողելին Քյոնիգը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, այլք: «1 քառ. մետրի» ժամանակ կներկայացվեն ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական հեղինակների գործեր՝ Լեւ Տոլստոյից, Անտոն Չեխովից, Վիլյամ Սարոյանից, Շ. Սիլվեսթեյնից (Իրան), Է. Է. Շմիթից, Ս. Դը Բովուարից եւ այլն:

Ռեժիսոր, դերասան, գրող ԳարՍուն էլ, խոսելով 1 քառ. մետրի վրա ներկայացվող բեմադրության դրամատուրգիայի սահմանափակումների մասին, նշեց. «Հիմա այնպիսի շրջան է, երբ ժամանակակից գրականության մեջ քիչ կգտնես գործեր, որոնք տուրք չեն տալիս թվացյալ ազատությանը, այսինքն՝ պոռնոգրաֆիա դնելը դեռ չի նշանակում ժամանակակից գրականություն կամ ազատության արդյունք: Մեկ քառակուսի մետրն իրականում շատ տեսանկյուններ ունի: Օրինակ՝ այն կարող է դառնալ արգանդ, լվացքի մեքենա կամ մեկ սենյականոց բնակարան, հնարավորությունները կամ ծայրահեղությունները իրականում մեծ են եւ հենց այդ կոնկրետությունն է տալիս յուրահատուկ գաղափարի ծնունդը»: Կազմակերպիչները տեղեկացրին, որ փառատոնի ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է ՆՓԱԿ-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել