ՖԻԴԵ-ում նոր սկանդալ է հասունանում: Եվրոպայի շախմատային միությունը 14 ազգային ֆեդերացիաների ստորագրությամբ բողոք-նամակ է ստացել, որը ԵՇՄ-ի նորընտիր նախագահ Սիլվիո Դանաիլովը հասցեագրել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդ: Նամակում բողոք է հայտնվում Խանտի-Մանսիյսկում անցկացված ՖԻԴԵ-ի համաժողովում կազմակերպության կանոնադրությունը եւ ՖԻԴԵ-ի հինգ փոխնախագահների ընտրության կարգը խախտելու համար: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը մեղադրվում է նրանում, որ նա փաստացի փոխնախագահներին նշանակել է քաղաքական իր կողմնակիցների շարքից, որոնց թեկնածությունները հավանության չեն արժանացել գլխավոր համաժողովում: Նամակը ստորագրած ազգային ֆեդերացիաներն իրենց դիմումին պատասխան էին պահանջում մինչեւ նոյեմբերի 1-ը: