Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԻՐԱՆՏԻ ԳԻՐՔԸ

Նոյեմբեր 03,2010 00:00

Ինչպե՞ս են զարգացել ու զարգացման ի՞նչ հեռանկարներ ունեն հայ-ամերիկյան հարաբերությունները: «Հայաստան- ԱՄՆ հարաբերությունները 1991-2000թթ» աշխատության հեղինակ Սեւակ Մելիքյանը երկար ուսումնասիրել ու գտել է այս հարցերի պատասխանները:

Երիտասարդը, ով ԳԹԿ գլխավոր մասնագետ է, նկատեց, որ 90-ականներին հայ-ամերիկյան փոխհարաբերություններին միայն որոշ հոդվածներում են անդրադարձել, իսկ ավելի ընդգրկուն ինֆորմացիա այդ թեմայով չկա:

«Փորձել եմ ամբողջացնել, ընդհանրացնել երկուստեք հարաբերությունները՝ մշակութային, դիվանագիտական, քաղաքական առնչությունների դիտանկյունից, մանրամասն ուսումնասիրել եմ նաեւ ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ այդ գերտերության վերաբերմունքը արցախյան հակամարտության հարցում»,- պատմում էր մասնագիտությամբ պատմաբան Ս. Մելիքյանը: Ուսումնասիրություններն ամփոփելով, նա եզրահանգել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով. «Բոլոր հնարավորությունները կան այդ հարաբերությունները զարգացնելու համար: Դեռ 1990-ականներին, երբ Հայաստանը խիստ ճգնաժամ էր ապրում՝ Ամերիկան ցուցաբերեց կառուցողական վերաբերմունք… Ամեն ինչ շարունակվում է նույն տեմպերով, չնայած աշխարհագրական դիրքը որոշակիորեն խանգարում է երկուստեք լավ հարաբերությունների զարգացմանը, բայց ընթացքը, միեւնույն է, դրական եմ գնահատում»:

Հեղինակի խոսքով, այն գրելիս փորձել է գիտական բառապաշարը մեղմացնել, որ նյութը հնարավորինս մատչելի լինի հասարակության լայն շրջանակների համար: Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ իր ասպիրանտի գրքի մասին նշեց. «Աշխատությունն ունի գիտական մեծ արժեք, քանի որ հեղինակն օգտվել է բազմաթիվ աղբյուրներից ու գիրքը գրել է բավականին հարուստ արխիվային տվյալների հիման վրա: Այն առանձնահատուկ կարեւորություն ունի հատկապես դիվանագիտության, պատմության, քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների համար, որովհետեւ նաեւ ձեռնարկ է, որը օգտակար կլինի ուսանողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել