Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգձգված առաջնախաղ

Նոյեմբեր 03,2010 00:00

«Արատայի առասպելները»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

\"\"Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացման առաջնախաղ էր: Հանդիսականի դատին հանձնվեց Աննա Պետրոսյանի (բազմաթիվ պիեսների, վեպերի, պատմվածքների հեղինակ է) «Արատայի առասպելները» թատերասքը՝ Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ:

Ներկայացման առանցքում ժամանակի երախում կուլ գնացած կամ թշնամու ձեռքով ոչնչացված ազգային ճշմարտություններն են, որոնք վեր են հանվում մոռացության մոխիրներից: Ո՞վ է նախահայր Հայկը` անվանի եւ քաջ նախարա՞ր, թե՞ Աստվածահայր: Ի՞նչ է Նավասարդը հայոց պատմության մեջ: Ինչո՞ւ է Արարատը սրբացվում:

«Առավոտի» հետ զրույցում բեմադրիչ Դ. Հարությունյանը նշեց, որ թատերասքը տարբերվում է ավանդական դրամատուրգիայից: Տեքստերը երկարաշունչ են եւ պետք է լցվեն գործողությամբ, ինչն էլ արվել է:

«Իմ կյանքում սա առաջին դեպքն է, որ այսքան երկար ներկայացում բեմադրեմ: Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ վերջապես կբացվի վարագույրը»,- անկեղծացավ Դավիթն ու հավելեց, որ առաջնախաղի ձգձգման պատճառները տարբեր են եղել:

Ըստ զրուցակցիս, ներկայացումը սկզբնական շրջանում նախ նյութական խնդիրներ է ունեցել. թատերասքի համար անհրաժեշտ էին հարուստ դեկորներ, զգեստներ…

Բեմադրիչը նաեւ հայտնեց, որ մի քանի անգամ փոփոխվել են դերասանական կազմը, ներկայացման գլխավոր հերոսը:

«Գլխավոր հերոսի հետ ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Նա Պատանի հանդիսատեսի թատրոնից չէր: Դերասանը ոգեւորված կպել էր գործին, սակայն արդյունքը գոհացուցիչ չէր: Հետագայում, թերեւս, նրան ուրիշ դերեր կառաջարկվեն»,- պարզաբանեց Դ. Հարությունյանը:

Մեր հարցին` ինչո՞ւ որոշեց թատերասք բեմադրել, արդյո՞ք երիտասարդ գործընկերներից տարբերվելու միտում կար, բեմադրիչը այսպես պատասխանեց. «Բացարձակ նման միտում չեմ հետապնդել: Թեպետ, ճիշտ եք նկատում, այսօր երիտասարդ ռեժիսորներին գրավում է փորձարարական նոր դրաման: Լինելով Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, իմ առջեւ այլ խնդիր ունեի դրած: Ինֆորմացիան, որ պարունակում է այս թատերասքը, անհրաժեշտ է դպրոցականների համար: Եվ պետք էր անել ամենը, որ հանդիսատեսը հեշտ մարսեր այն: Հիմնականում ներկայացումը նախատեսված է միջին եւ բարձր դասարանցիների համար»:

Հետաքրքրվեցինք` արդյո՞ք Դ. Հարությունյանին գոհացրել է դերասանական նոր կազմը:

«Ազնիվ ու հոգսաշատ աշխատանք էր: Ներկայացման մեջ զբաղված են Վարդան Հովհաննիսյանը, Արտաշես Շահվերդյանը, Լարիսա Ղեւոնդյանը, Իշխան Ղարիբյանը, Սամվել Օհանյանը, Մարիամ Շահինյանը, Անի Բայաթյանը, Կոնստանտին Կոզմանովը, ինչպես նաեւ երիտասարդ սկսնակ դերասաններ: Իհարկե, ներկայացումը որոշ շտկումների կարիք ունի, որոնք կուղղվեն հետագա ներկայացումների ընթացքում», – եզրափակեց մեր զրուցակիցը:

Դ. Հարությունյանը «Առավոտին» հայտնեց նաեւ, որ բավական հաջող է ստացվել բեմի նկարչական ձեւավորումը: Այն կատարել է Անտոն Քեշիշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել