Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԻՑ ՀԵՌՈՒ ԵՍ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՍ

Նոյեմբեր 03,2010 00:00

Այս համոզումն ունի ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը

\"\"Մշակութային քաղաքականություն ասելով՝ երկար ժամանակ պարզունակ պատկերացումներ էին դրվում շրջանառության մեջ, չկարեւորելով այն հանգամանքը, որ տարբեր տրամաչափի միջոցառումների ընթացքում մշակութային բովանդակության նյութերի մատուցումը, քարոզչական բլոկների ստեղծումը մշակութային քաղաքականության բաղադրիչներից են: Այս կարծիքին է վերջերս Պեկինում բացված 4-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնող միակ արվեստագետ, նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ): 80 երկրից ժամանած նկարիչների թվում հայ արվեստագետը նման ներկայանալի ու մեծամասշտաբ միջոցառման է մեկնել դատարկ ձեռքերով՝ առանց համապատասխան նյութերի, չնայած նրան «գործուղել» էր ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Առավոտի» հետ զրույցում Վ. Հարությունյանը հայտնեց, որ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ դրությունը փրկել է այն, որ իր հետ վերցրել էր սեփական միջոցներով հրատարակած իր աշխատանքների կատալոգի շուրջ 300 օրինակ, որոնք նվիրել է մասնակիցներին ու կազմակերպիչներին: Մինչդեռ մյուսները բազմակողմանի են ներկայացրել իրենց երկրների մշակույթը՝ գրքերով, բուկլետներով, ցուցանմուշներով, բացիկներով, նամականիշերով եւ այլն: Սա դեռ ամենը չէ. ցուցահանդեսի բացման արարողությանը այդպես էլ թափուր է մնացել Չինաստանում Հայաստանի դեսպանի աթոռը: Արվեստագետին մի անակնկալ էլ է մատուցվել. ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված սիմպոզիումի ժամանակ նրան անսպասելի հրավիրել են ամբիոնի մոտ: Ինչպես հավաստիացրեց Վահրամը, ինքը դիմել է մասնակիցներին, հորդորելով, թե բավական է ուշադրությունը սեւեռել զենքի, պատերազմների վրա. «Եկեք սեւեռվենք մշակույթին, ինչի շնորհիվ երկրագունդն էլ ավելի պաշտպանված կլինի ու երկարակյաց…»:

Խոսելով ցուցահանդեսին՝ տարբեր երկրներից «զինված» ժամանած իր կոլեգաների մասին, մեր զրուցակիցը քանիցս շեշտեց, որ ինքը, որպես նկարիչ, ներկայանալու խնդիր չունի. իր աշխատանքները Եվրոպայի եւ Ամերիկայի լավագույն, ինչպես նաեւ մասնավոր ցուցասրահներում են. «Երկիրն է, որ պետք է ճիշտ ներկայանա. թիկունք կանգնի արվեստագետներին ու նրանց միջոցով ճանաչելի դառնա: Աշխարհը սպասում է մշակութային բումի. 50-ականներից մինչեւ 80-ականները աշխարհին հայտնի դարձան մեծանուն արվեստագետների անուններ՝ Ջիմմի Հենրիքս, Արամ Խաչատրյան, Պիկասո, Դալի, Ֆելինի… Այսօր աշխարհը կրկին պատրաստ է ընդունելու նոր երեւելիների, մնում է միայն ճիշտ ներկայացնել նրանց»:

Ցանկանալով իմանալ Վ. Հարությունյանի դիրքորոշումը, հիշեցրինք ժամանակին մեզ հայտնած իր այն տեսակետը, թե արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի, ինչին նկարիչը պատասխանեց. «Ես պնդում եմ իմ այդ դիրքորոշումը: Ավելացնեմ նաեւ, որ մարդը եթե անտարբեր կամ հեռու է արվեստից, վտանգավոր է դառնում հասարակության համար, նույնիսկ եթե լավ գիտնական է: Հանրահայտ է, որ մշակույթով ապրող մարդը բարի է, ազնիվ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել