Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրություններում հաղթած կուսակցությունը իշխանություն չի ձեւավորի

Նոյեմբեր 03,2010 00:00

\"\"Ղրղըզստանի ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը՝ «Աթա-Ժուրտը», երկրի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական ամենաշատ մանդատներն է ստացել: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է երկրի ԿԸՀ նախագահ Ակլիբեկ Սարիեւը: Չնայած դրան, կառավարությունը, ըստ ամենայնի, կձեւավորի ոչ թե այդ կուսակցությունը, այլ՝ գործող նախագահ Օտունբաեւային մոտ կանգնած քաղաքական ուժերը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում արգելքի անհրաժեշտ շեմը հատել է ընտրություններին մասնակցած 29 կուսակցությունից 5-ը:

ԿԸՀ ղեկավարի ասելով, «Աթա-Ժուրտը», որը պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին մոտ համարվող կուսակցության համբավ ունի եւ մեծ աջակցություն է ստանում հատկապես երկրի հարավային շրջաններից, ստացել է խորհրդարանի 120 մանդատից 28-ը: 26 մանդատ ստացել է կառավարամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է ժամանակավոր կառավարության նախկին վարչապետ Ալմազբեկ Ատամբաեւը: 25 տեղ խորհրդարանում ստացել են ընդդիմադիր «Ար-նամիսը», 23 մանդատ՝ ընդդիմադիր «Հանրապետություն» եւ եւս 18 տեղ՝ կառավարամետ «Աթա-Մակեն» կուսակցությունները:

Վերլուծաբանները ենթադրում են, որ իշխող կոալիցիան կարող են ձեւավորել կառավարամետ Սոցիալ-դեմոկրատական ու «Աթա-Մակեն» կուսակցությունները, որոնց կարող են միանալ առայժմ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության պատգամավորները: Այս երեք կուսակցությունները միասին կարող են հավակնել խորհրդարանի 67 տեղերին:

Ղրղըզստանի օրենսդրության համաձայն, խորհրդարան անցած ուժերը 45 օր ժամանակ ունեն իշխող կոալիցիա ձեւավորելու համար, հակառակ դեպքում՝ խորհրդարանը կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Ղրղըզստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 10-ին, որին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է գրեթե 3 մլն ընտրողների 55 տոկոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել