Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան համատեղ ատոմային զենք են ստեղծում

Նոյեմբեր 03,2010 00:00

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ատոմային զենքի համատեղ մշակման եւ փորձարկման շուրջ համագործակցության պայմանագիր են ստորագրել: Համաձայն երկու երկրների կառավարությունների ծրագրերի, Բրիտանիայում կտեղակայվի հետազոտական կենտրոն, իսկ ֆրանսիական կողմը պատասխանատու կլինի զենքի փորձարկման համար: Միջուկային մոդելավորման կենտրոնը կկառուցվի Ֆրանսիայի արեւելքում, Ջիոն քաղաքից 45 կիլոմետր հեռու: Այդ մասին, վկայակոչելով նախագահ Սարկոզիի աշխատակազմի տարածած հայտարարությունը, փոխանցում է BBC-ն: Ենթադրվում է, որ կենտրոնը կսկսի աշխատել արդեն 2014թ.-ին:

Երկու երկրներն առաջվա նման ինքնուրույն կվերահսկեն իրենց միջուկային ուժերը: Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերի կառավարությունները միջուկային գաղտնիքները միմյանց առաջ չեն բացի: Թե դա ինչ է նշանակում գործնականում՝ այնքան էլ պարզ չէ:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կստորագրեն երկու պայմանագիր՝ ռազմական ոլորտում համագործակցության եւ միջուկային զենքի շուրջ:

Առաջին պայմանագրի շրջանակներում ենթադրվում է ստեղծել համատեղ էքսպեդիցիոն զորքեր, որոնք, ըստ ամենայնի, բաղկացած կլինեն երկու կողմերից երկուական բրիգադներից եւ որոնցում ներգրավված կլինի մոտ 5 հազարական զինծառայող: Էքսպեդիցիոն ուժերը գործելու են միասնական հրամանատարության ներքո, որը նշանակվելու է յուրաքանչյուր կոնկրետ գործողության համար: Երկու երկրներից յուրաքանչյուրը իրավունք կունենա վետո դնել կոնկրետ գործողությանը մասնակցելու վրա: Reuters-ի աղբյուրը, որը քաջատեղյակ է բանակցությունների ընթացքին, պնդել է, թե երկու կողմերն էլ պատրաստվում են զարգացնել համագործակցությունը Airbus ընկերության հետ՝ A400M լիցքավորող-ինքնաթիռների մատակարարման եւ համատեղ օգտագործման համատեքստում: Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, թե համաձայնագիրը Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ հարաբերությունների բնութագրումն է:

Բրիտանական ընդդիմադիր լեյբորիստները համարում են, որ պայմանագիրը լուրջ հարցականի տակ է դնում բրիտանական պաշտպանության կենսունակությունը:

Բրիտանա-ֆրանսիական գագաթաժողովը տեղի է ունեցել երկու շաբաթ անց այն բանից, երբ Քեմերոնի կառավարությունը հայտարարեց պաշտպանական ծախսերի լուրջ կրճատման մասին: Հիշեցնենք, որ պահպանողականների եւ լիբերալ-դեմոկրատների կառավարությունը հայտարարել է երկրի ռազմական բյուջեի 8 տոկոսով կրճատման մասին, ինչը կազմում է 36,9 մլրդ ֆունտ ստերլինգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել