Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հատուկ վերաբերմունք չկա»

Նոյեմբեր 03,2010 00:00

Երիտասարդ գիտնականները դժգոհում են  գիտական ֆինանսավորման պակասից

Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) ստեղծման ժամանակ շատ գիտնականներ, հատկապես՝ երիտասարդները, հույսեր էին փայփայում, որ այսուհետեւ գոնե գիտական թեմաների ֆինանսավորման հարցում կարգուկանոն կհաստատվի: Նրանցից շատերը կարծում էին, թե նշված կառույցի հիմնումից հետո ծանրության կենտրոնը ակադեմիական մաֆիայից կտեղափոխվի պետական մի օղակի կողմ, որի ի հայտ գալու նպատակներից է վերջ դնել գիտության համար հատկացված պետական միջոցների փոշիացմանը:

Սակայն տարիների փորձը ցույց տվեց, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Համենայնդեպս, դա են վկայում որոշ գիտնականների, մեղմ ասած, ոչ դրական կարծիքները: ԳՊԿ-ի աշխատանքների, պետական միջոցների յուրացման եւ այլ կնճռոտ հարցերի մասին բազմիցս հոդվածներով հանդես է եկել ԳԱՏԱՀ հիմնադրամի նախագահ, գործադիր տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ նախագահի մրցանակակիր Հարություն Կարապետյանը: Նա «Առավոտի» 10.08.2010թ. համարում հրապարակում է մի շարք գիտական կազմակերպությունների անուններ, որոնց պետական հատկացումների մասով չարաշահումներ են կատարվել: Այդ թվում են ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտները, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանը: Պարոն Կարապետյանը նույն հոդվածում նաեւ կոչ է անում երիտասարդ գիտաշխատողներին՝ միավորվել եւ ՀՀ նախագահից, վարչապետից եւ ԿԳ նախարարից պահանջել միջոցներ ձեռնարկել ՀՀ պետբյուջեով իրենց համար նախատեսված այն 91 մլն դրամի վերադարձի համար, որոնք ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից օգտագործվել են իրենց եւ անօրինականորեն ստեղծված «ԳԻՏԱԿ»-ի գրասենյակների վերանորոգման ու կահավորման համար:

Օրերս էլ ԳՊԿ-ն, առանց լրագրողների մասնակցության, մի աշխատանքային սեմինար էր կազմակերպել՝ նվիրված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթին: «Առավոտը» զրուցեց տարբեր սերնդի ներկայացուցիչ գիտնականների հետ՝ պարզելու ԳՊԿ-ի ձեռնարկած քայլերը՝ գիտական տարբեր թեմաների ֆինանսավորումը կանոնակարգելու ուղղությամբ արդյունավե՞տ են, թե՞ ոչ: «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, երիտասարդ գիտնական Վահե Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երիտասարդ գիտնականները, որքան էլ ժրաջան եւ նվիրված աշխատում են իրենց թեմաների վրա, միեւնույն է, 30-37 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչը պարզապես ապշեցուցիչ է: Ես անձամբ չեմ զգացել երիտասարդ գիտաշխատողների նկատմամբ հատուկ վերաբերմունք եւ ֆինանսավորում: Համենայնդեպս, ինքնուրույն եմ աշխատել, երբեմն էլ հասարակական կազմակերպության միջոցներով եմ փորձել ինչ-ինչ ծրագրեր իրականացնել: Դրամաշնորհների չեմ դիմել, քանի որ դրանք ազգային ուղղվածության, հատկապես հումանիտար եւ հայագիտական ուղղությունների մասով ֆինանսավորում չեն հատկացնում, ուստի պետության խնդիրը պիտի լինի հայագիտական թեմաներին առաջնահերթություն տալը»: ԳՊԿ-ի ստեղծման մասին էլ երիտասարդ գիտնականն ասաց. «Չէի ասի, որ անիմաստ էր Գիտպետկոմի ստեղծումը, ինչ-որ աշխատանքներ նկատվում են, բայց դա բավարար չէ»: ԵՊՀ «Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության կենտրոնի» ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Գերհաղորդիչ դետեկտորների լաբորատորիայի վարիչ Սամվել Գեւորգյանն էլ ասաց. «Հայաստանում գիտնականը մրցույթի ներկայացված թեման գնահատում է ոչ թե որպես գիտական աշխատանք, այլ հարցին մոտենում է խնամի-ծանոթ-բարեկամի տեսանկյունից, եւ թե ինքն ինչ օգուտ ունի տվյալ անձից»:

Հիշեցնենք, որ ԳՊԿ-ն բազմիցս հայտարարել է, թե առաջիկա 5-6 տարվա ընթացքում բազային ֆինանսավորումը հասցվելու է 50%-ի, նպատակայինը՝ 30%-ի, իսկ մնացած մասը հատկացվելու է պայմանագրային եւ թեմատիկ ֆինանսավորմանը: Այլ հարց է՝ այդ ֆինանսները ինչպես «կտնօրինի» Գիտության պետական կոմիտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել