Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ՝ ԹԻՎ 30 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Նոյեմբեր 03,2010 00:00

Մանկավարժները դատի են տվել տնօրենի պաշտոնակատարին

Երեւանի թիվ 30 գիշերօթիկ դպրոցն այլեւս ավագ է: Մամուլն անդրադարձել է այն խնդրին, որ հունիսի կեսերից դպրոցում տնօրենի պաշտոնակատար աշխատող Դոնարա Աղաջանյանը այս ուսումնական տարվա սկզբին հեռացրել է շուրջ մեկ տասնյակ ուսուցիչների՝ պատճառաբանելով, թե նրանք չունեն բավարար կրթություն: Ուսուցիչների պնդմամբ, ոչ միայն ոտնահարվել են Աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները, այլեւ արժանապատվությունը: Նրանք դիմել են զանազան ատյաններ, այժմ էլ խնդրի անաչառ լուծում են ակնկալում դատարանից:

Ներկայումս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ուսուցիչների (դատավոր՝ Արամյան) հայցը՝ ընդդեմ թիվ 30 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Դոնարա Աղաջանյանի: Մանկավարժների կարծիքով, Աղաջանյանը ժամանակավոր պաշտոնակատար դառնալու առաջին իսկ օրվանից անտեղի նկատողություններ է տվել ու աշխատանքից ազատել մի խումբ ուսուցչուհիների: Նրանցից Անահիտ Ռոստոմյանի, Հրանուշ Մանուկյանի եւ փոխտնօրեն Բոլյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արշակ Թովմասյանը: Պարոն Թովմասյանը «Առավոտին» հայտնեց, որ ներկայումս դատարանի վարույթում են գտնվում 3 անձանց դիմումները: «Դատարան տալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հաշտության համաձայնություն կնքելու հայցադիմումները հետ վերցնելու առաջարկ էր արել՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործ հարուցել շատ ուսուցիչների նկատմամբ: Ներկայումս տնօրենի նախաձեռնությամբ մի քանի ծնողներ նամակ են հղել գլխավոր դատախազություն, թե իբր հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Ռոստոմյանը ցածր է գնահատել իրենց երեխաների գիտելիքները, ինչը իրականությանը չի համապատասխանում: Գործը ներկայումս գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում՝ հետաքննիչի մոտ: Մենք պետք է միջնորդենք, որպեսզի փորձաքննություն նշանակվի, կոնկրետ այդ երեխաների գիտելիքները ստուգվեն, առերեսումներ կատարվեն եւ այլն: Եթե ասվեր, թե բարձր գնահատականներ են նշանակվել, կմտածեինք, որ մանկավարժը ինչ-ինչ շահագրգռություն է ունեցել, սակայն Ռոստոմյանը այն անձը չէ՝ որ այդպես վարվի: Ի դեպ, ուսուցիչները դիմել էին ԿԳ նախարարության կրթության տեսչություն, որտեղից ստացված հանձնարարականը տնօրենին պարտավորեցնում է վերականգնել ազատված ուսուցիչներին: Սակայն գործը դատարանի վարույթում գտնվելու պատճառաբանությամբ դեռեւս կասեցված է»,- ասում է Ա. Թովմասյանը: Նա նաեւ հավելում է. «Ինչ վերաբերում է հեռացման հրամանին, կատարվել են մի շարք խախտումներ, անձինք հեռացման մասին ծանուցվել են արձակուրդում գտնվելու ընթացքում, անհիմն նկատողություն է հայտարարվել: Եթե անգամ նկատողությունը տեղին է, մեկ նկատողությամբ անձին չեն ազատում աշխատանքից՝ Աշխատանքային օրենսգրքի համաձայն: Ի դեպ, իմ վստահորդները հանդիսանում են արհմիության անդամ, իսկ Հրանուշ Մանուկյանը դպրոցի արհմիության նախագահն է: Նրանց աշխատանքից ազատելու համար, ըստ Աշխատանքային օրենսգրքի, անհրաժեշտ էր նաեւ աշխատանքի տեսչության կազմած եզրակացությունը, որը նույնպես չի եղել: Կան այլ խախտումներ, որոնց վերաբերյալ նկատառումները ներկայացրել ենք դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել