Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թատրոնի վերականգնումը

Նոյեմբեր 03,2010 00:00

Օրերս Երեւանում կայացավ «Արդի դրամատուրգիայի միջազգային բաց փառատոն», որի նպատակն էր պարզաբանել, թերեւս, ոչ միայն ժամանակակից թատերագրության հրատապ խնդիրները, այլեւ ընդհանրապես թատրոնի տեղը մեր իրականության մեջ։ Ինչ խոսք, նախաձեռնումն ինքնին կարող է միայն ոգեւորել թատրոնի մարդկանց եւ, ինչու չէ, բոլոր նրանց, ովքեր ընդհանրապես հետաքրքրվում են թատրոնով։ Բայց հիմա մեր խնդիրը փառատոնի ընթացքը լուսաբանելը չէ. լրատվական միջոցներն արդեն դրանով բավականաչափ զբաղվել են։ Նշենք միայն, որ իր աշխուժությամբ ու լավատեսությամբ այն էապես չէր տարբերվում մեզանում ավանդույթ դարձած թատերական այլ փառատոներից։

Քննարկենք միայն երկու հանգամանք, որ շատերի ուշադրությունը կարող էր գրավել բովանդակային առումով։

Մեկը փառատոնի խորագիրն է՝ «Ներկայի վերականգնումը», որն առերեւույթ ծրագրային նշանակություն ունի։ Ի դեպ, ռուսերեն «ռեաբիլիտացիա» բառն ավելի խիստ է հնչում եւ կարծես ավելի բազմանշանակալից է։ Բնականաբար հարց է ծագում, թե մասնավորապես ո՞ր իրավունքներից է զրկված մեր ներկան, եւ ի՞նչ կարգավիճակում է պատրաստվում վերականգնվել: Դրա պատասխանը փառատոնն այդպես էլ չտվեց։ Ստվարածավալ գիրք-ժողովածուն, ուր ընդգրկված են փառատոնի մասնակից թատերագիրների գործերը, նույնպես այդ հարցին բավարար պարզաբանում չի տալիս։ Իսկ որ յուրաքանչյուր քիչ թե շատ հաջողված պիես անդրադառնում է ներկային եւ փորձում է այն յուրովի իմաստավորել, պարզից էլ պարզ է եւ, կարծում ենք, վիճարկման կարիք չունի, միայն թե պետք է այն բավարարի թատրոնի պահանջներին եւ հետաքրքրություն առաջացնի հանդիսատեսի մեջ։ Այդպես է եղել միշտ, ուստի այսօր էլ, ինչպես եւ հուսով ենք՝ ապագայում, թատերագիրներից այդ ենք ակնկալելու։ Այլ հարց է, թե ի՞նչ չափով է ժամանակակից թատերագիրն արձագանքում թատրոնի եւ հանդիսատեսի սպասումներին։ Սա արդեն իրոք հրատապ խնդիր է, որ վաղուց է՝ ինչ մտահոգում է շատերին, բայց, ցավոք, այն հնարավոր չէ լուծել ոչ ծրագրավորված կարգով եւ ոչ էլ փառատոների շրջանակում։ Հասարակական պահանջն է միայն դրա նպաստավոր միջավայրը, որին ուշի-ուշով պետք է միշտ հետեւի թատրոնը։ Եվ եթե իրոք ներկայումս այստեղ ինչ-որ բան այն չէ, ապա դա մեր թատրոնների «ինֆանտիլ» կեցվածքն է։ Այս է պատճառը, որ ժամանակակից թատերագրությունն էլ, ասես, առանձին կյանքով է ապրում, ուստի, կարծում ենք, թատրոնի վերականգնման կարգախոսն այսօր շատ ավելի հրատապ կհնչեր:

Թվում է, թե վերոնշյալ պիեսների ժողովածուի նախաբանում Հենրիկ Հովհաննիսյանն իր խոսքը սկսում է հենց այս դրույթից՝ թատրոնն է սնում դրամատուրգիական միտքը։ Թատրոնական համակարգերի համառոտ տեսությունն էլ այդ է գալիս ապացուցելու, յուրաքանչյուր ժամանակաշրջան բեմարվեստի իր չափանիշներն է թելադրում եւ մինչեւ հիմա թատրոնի համար ստեղծագործող բոլոր նշանավոր գոողներն էլ կողմնորոշվել են այդ չափանիշներով։ Եվ, վերջապես, ամենակարեւորը՝ հենց թատրոնը եւ այդ թատրոնի կենտրոնական դեմքը հանդիսացող դերասանն է ոգեշնչել նրանց ստեղծագործելու գրականության, թերեւս, այդ ամենաբարդ ոլորտում։ Բայց ահա գալով ժամանակակից թատրոնի եւ թատերագրության խնդիրներին, հարգարժան գիտնականը հանգում է, մեղմ ասած, բոլորովին չհուսադրող հետեւության. եթե ժամանակակից թատերագրությունն այսօր քիչ թե շատ կարող է իրեն դրսեւորել հեռուստատեսության ասպարեզում՝ հեռուստասերիալների համար ստեղծագործելով, ապա իր բնականոն հոգեվարքն ապրող ավանդական թատրոնն այլեւս այլընտրանք չունի։ Թատրոնի դերասանն էլ վաղ թե ուշ լքելու է իր բեմահարթակը եւ տեղափոխվելու է հեռուստատաղավար։

Թող թույլ տրվի մեզ բողոքարկել այս «դատավճիռը» ոչ թե կարեկցանքից դրդված, այլ սկզբունքային դիրքերից:

Բանն այն է, որ մեզանում վերջին տարիներին դիտվող աննախադեպ ոգեւորությունը հեռուստասերիալներով՝ դեռեւս չի նշանակում, թե թատրոնն այլեւս անելիք չունի իբրեւ հասարակական ինստիտուտ, եւ մեր ամբողջ ուշադրությունը պետք է սեւեռենք հեռուստատեսությանը: Ինչպես հայտնի է, հեռուստասերիալները համաշխարհային ճանաչում ունեն եւ արեւելքից մինչեւ արեւմուտք, հյուսիսից հարավ հաջողությամբ կատարում են իրենց դերը, բնավ չստվերելով թատրոնի դերն ու հասարակական նշանակությունը։

Այլ կարգի հարց է, թե աշխարհով մեկ ի՞նչ նորամուծություններ է ներառում ժամանակակից թատրոնն իր համակարգում։ Գուցե մեզ համար ավելի շահեկան կլիներ մտահոգվել այս խնդրով. պարզել, թե որտեղ ենք թերացել թատրոնական գործը բարեփոխելու առումով։ Իսկ թե ինչո՞ւ են այսօր, հատկապես մեզանում (թերեւս, նաեւ նախկին խորհրդային հանրապետություններում) հեռուստասերիալներն այդչափ գրավիչ, կարծում ենք, դժվար չէ կռահել՝ մեր հասարակության մեջ գնալով մանրանում են հոգեւոր արժեքները. այժմեական պահանջներն ու օրվա խնդիրներն են դառնում առաջնային, որոնցից մի փոքր շեղվելու ամեն մի առիթ մենք ուզում ենք բաց չթողնել։ Հենց այստեղ էլ մեր ժամանակակից քաղաքացուն «դարանակալում» է սերիալը՝ իր մատչելիությամբ: Հովհաննիսյանը կոչ է անում ուսումնասիրել այս երեւույթը իբրեւ նոր տիպի «թատերական համակարգ»: Բայց արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի ուշադրությունն ուղղել դեպի բուն թատրոնի համակարգը, որն այսօր աշխարհում լուրջ բարեփոխումների է ենթարկվում։ Վերջապես «հո միշտ սենց չե՞նք ապրելու»։ Մտածենք վաղվա օրվա մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել