Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՆԿՆԴՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 03,2010 00:00

Դոկտըր սկազալ վ մոռգ, զնաչիտ – վ մոռգ։

Ռուսական կատակ

«Առավոտի» հիշեցմանը, որ ինքը կառավարության անունից հայտարարել էր, թե պատրաստ են փոփոխություններ չանել «Լեզվի մասին» օրենքում՝ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը պատասխանեց. «Իրականում՝ բովանդակային իմաստով, «Լեզվի մասին» օրենքի նախագիծը հանված է փաթեթից: Նախագծում պահպանվել է միայն իրավական տեխնիկայի կանոններով պայմանավորված մի ձեւակերպում: Սա նաեւ արձագանք էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի վերջին հայտարարություններից մեկին, որտեղ իրենք են իսկ մատնանշում, թե առանց այդ նախագծի՝ «Հանրակրթության մասին» օրենքով այս խնդիրը չի կարող կարգավորվել: Մենք արձագանքել եւ ունկնդիր ենք եղել այդ դիտողությանը»:

Հիշենք։ Կառավարության եւ իշխող կուսակցության առաջին դեմքերը խոստացան, որ «Լեզվի մասին» օրենքը այլեւս չեն փոփոխի, բայց՝ փոփոխում են։ «Չի փոփոխվի» նշանակում է «չի փոփոխվի». իսկ «իրավական տեխնիկայի կանոններով պայմանավորված մի ձեւակերպում» ավելացնել, նշանակում է՝ փոփոխել։ Վերջ։ Ուրեմն ունենք. իշխանությունը հայտարարեց ու չկատարեց։ Ինչպե՞ս է կոչվում մարդը (եւ կազմակերպությունը), որն իր խոսքի տերը չէ…

Ինչ վերաբերում է պնդմանը, թե իրենք (կառավարությունը) «ունկնդիր են եղել», ապա դա կասկածից վեր է։ Հարցն այն է միայն, թե ո՞ւմ։ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման կողմնակիցները պարզապես նկատել էին, որ եթե օրենսդրական փոփոխություններ կատարելիս կառավարությունը առաջնորդվում է բարի նպատակներով՝ բարձրացնելու համար օտար լեզուների դասավանդման որակը, ապա դա կարելի է անել եւ առանց «Լեզվի մասին» օրենքի փոփոխման, իսկ եթե նպատակը չար է՝ ստեղծել Հայաստանում հայալեզու կրթությանը զուգահեռ այլալեզու (ռուսալեզու) համակարգ, որը հեռանկարում պիտի կլանի հայալեզու դպրոցը, ապա կառավարությունը չի կարողանա բավարավել միայն «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխմամբ, այլ ստիպված կլինի «Լեզվի մասին» օրենքը նույնպես փոխել. այլապես նման փոփոխությունները իրավաբանորեն խոցելի կլինեն։ Երկուսից մեկը. կամ իշխանության առաջնորդները որոշել էին հակառակորդների գլխի տակ փափուկ բարձ դնել (ամենահավանական տարբերակը), կամ գուցե նույնիսկ նախապես դա չէին էլ գիտակցել (նույնպես հնարավոր տարբերակ), եւ միայն իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո էին հասկացել, որ գոնե մի «տեխնիկական» կարկատան անհրաժեշտ է։

Սակայն, ինչպես հեքիաթում է ասված. «Լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրեւ թափվեց»։ Նույնն էլ այստեղ է։ «Կարկատած» օրենքում «ծակեր» էլի են մնացել։ Շարժման ներկայացուցիչները դեռ հատուկ կանդրադառնան դրանց մեկ առ մեկ։ Նկատենք միայն, որ դրանք «անկարկատելի են», քանի որ իշխանությունների կողմից օրենքների փոփոխման բուն նպատակը հակասում է նույնիսկ ոչ թե մեր Սահմանադրությանը (որը նույնպես իշխանությունների ձեռքում է. պետք լինի՝ «իրավական տեխնիկայի կանոններով» մի կարկատան էլ այնտեղ կդնեն, հանրաքվեով էլ կանցկացնեն), այլ ամենահիմնարար փաստին, որն իրենց ուղեղների մեջ չի տեղավորվում. դա մեր ազգի գոյության փաստն է, որը թույլ չի տա, որ դավադիր օրինագիծը կյանք մտնի, եթե նույնիսկ ձեւականորեն անցնի խորհրդարանով ու նախագահի կողմից էլ՝ ստորագրվի։

Հետեւապես, կառավարությունը բոլորովին այլ աղբյուրի է ունկնդիր եղել։ Հասկանալու համար թե ո՞ր, հիշենք, օրինակ, Ռուսաստանի դեսպան Պավլովի անցած տարվա հայտարարությունը՝ «Լեզվի մասին» օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտության մասին, որը ոչ այլ ինչ է, քան անկախ երկրի ներքին գործերին միջամտելու փաստ։ Իր ազգը հարգող ցանկացած կառավարություն պիտի այդ լկտի անձնավորությանը հայտարարեր «պերսոնա նոն գրատա», սակայն մեր կառավարությունը որոշեց «ունկնդիր լինել» ոչ թե հայ մտավորականների շարժմանը, «Հանրային խորհրդին», այլ հենց այդ «գեներալ-գուբերնատորի» խոսքին եւ օրենսդրական հիմքեր ստեղծել ռուսական դպրոցներ բացելու համար եւ «վ մոռգ» ուղարկել հայալեզու դպրոցը։ Այո, պետք է, վերջապես, իրերն իրենց անունով կոչել։ Անգլիացիները կամ ֆրանսիացիները կարիք չունեն իրենց լեզուն որեւէ մեկին պարտադրելու։ Խոսքը հենց ռուսական դպրոցների մասին է, որոնք (թվով՝ 40-ը!!!) արդեն իսկ գործում են անօրինական, ընդհատակյա կերպով՝ ազգային փոքրամասնությունների համար բացված դասարանների անվան տակ։ Հայաստանաբնակ եզդին կամ ասորին պիտի հաճախեն իրենց ազգային կամ հայկական դպրոցներ, այլ ոչ թե՝ ռուսական։ Իսկ այդ ռուսական դպրոցներում հիմնականում սովորում են Հայաստանն իրենց համար ժամանակավոր ապաստան համարողների զավակները։ Պարզապես Պավլովը հրամայել է օրինականացնել դրանք։

Իսկ հրամանները պետք է կատարել, թե չէ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել