Լրահոս
Օրվա լրահոսը

101 ջրօգտագործող թույլտվություն չունի

Նոյեմբեր 03,2010 00:00

Սյունիքի մարզում կա 179 փաստացի ջրօգտագործող, որից 101-ը չունի ջրօգտագործման թույլտվություն, դրա գերակշիռ մասը՝ 91-ը, գյուղական համայնքներն են: ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Արամ Գրիգորյանի խոսքով՝ գյուղական համայնքների ջրօգտագործման թույլտվություն չունենալը հիմնականում պայմանավորված է այդ բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման համակարգի բացակայությամբ: «Խմելու նպատակով այդ համայնքները ջուր օգտագործում են աղբյուրներից, որոնցից շատերի որակը չի բավարարում խմելու ջրի չափանիշներին: Եթե հայտ ներկայացնեն եւ տրվի թույլտվություն, ապա պետք է ջուրը քլորացվի, մաքրվի, հսկողություն սահմանվի եւ այլն, ինչը ֆինանսական միջոցներ է պահանջում»,- ասում է բաժնի պետը: Սյունիքի 102 գյուղական համայնքից 11-ն է ջրօգտագործման թույլտվություն ստացել, ներկայումս 9 համայնք էլ հայտ է ներկայացրել այն ձեռք բերելու համար: Քաղաքային համայնքներին մոտ մի քանի գյուղերի էլ սպասարկում է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը:

Ընդհանուր առմամբ մարզում վերջին տարիներին ավելի շատ հիդրոէներգետիկ նպատակներով են ջուրն օգտագործում: Աստիճանաբար ավելանում է նաեւ ձկնաբուծական տնտեսություններ հիմնել ցանկացողների թիվը: Սյունիքում հիմնական ջրօգտագործողներն արդեն ստացել են դրա թույլտվությունը: 78 կազմակերպությունների եւ համայնքների տրված է 120 ջրօգտագործման թույլտվություն. 21-ը՝ խմելու, կենցաղային, 26-ը՝ ոռոգման, 6-ը՝ ձկնաբուծական, 10-ը՝ արտադրական եւ 57-ը՝ հիդրոէներգետիկ նպատակներով:

«2010-ի առաջին կիսամյակում մարզում 19 կազմակերպության տրվել է ջրօգտագործման թույլտվություն՝ 1-ը ջուրը խմելու նպատակով է օգտագործում, 13-ը՝ ոռոգման եւ 5-ը՝ հիդրոէներգետիկ նպատակով: Հայտնաբերվել եւ իրավական դաշտ է բերվել 5 ապօրինի ջրօգտագործող: Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժինը հիմնականում հայտեր է ընդունում ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու համար, տրված թույլտվությունների պայմանների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնում, ապօրինի ջրօգտագործողների հայտնաբերում եւ ջրային ռեսուրսների կառավարումը ճիշտ իրականացնելու համար ջրային ռեսուրսների պլանավորման աշխատանքներ իրականացնում»,- ավելացնում է Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Արամ Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել