Էստոնիայի հայ համայնքը շատ փոքր է, պակաս ձեւավորված, քան հայահոծ երկրների համայնքներ: Նախկին խորհրդային այս երկրում ապրում է հազիվ 1500 հայ: Չնայած սրան, այստեղ կան «Արարատ», «Աղթամար», «Երեւան» ֆուտբոլային ակումբներ, «Նուռ» պարային խումբ, Էստոնիայի հայ երիտասարդների միություն, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոց:
Ավետիս Հարությունյանն ու Հովհաննես Հալաջյանը մտադիր են ակտիվացնել Հայաստանի եւ այլ երկրների հայերի հետ շփումները:
Էստոնիայի հայ երիտասարդական միության նախագահ Ավետիս Հարությունյանը եւ միության վարչության անդամ Հովհաննես Հալաջյանը մեզ հետ զրույցում ասացին, որ Էստոնիայում հայերին առաջին հերթին ճանաչում են Խաչատուր Աբովյանով: Նախկին Դորպատ, ներկայիս Տարտու քաղաքի համալսարանում ներկայումս էլ կա Աբովյանի անունով լսարան: Համայնքն էլ ձեւավորվել է հենց այս համալսարան սովորելու եկած հայերից: Էստոնիայի հայերի կեսից ավելին՝ մոտ 800 հոգի, ապրում է մայրաքաղաք Տալլինում: Մայրաքաղաքում եւ Տարտուում կան հայկական կիրակնօրյա դպրոցներ, Տալլինում՝ գործող, բայց առանց հոգեւորականի եկեղեցի: Եկեղեցին 17-րդ դարի բողոքական եկեղեցի է: Էստոնիայի կառավարությունը եկեղեցին հայերին է հանձնել մեկ պայմանով՝ շինության արտաքին տեսքում ոչ մի փոփոխություն չպետք է լինի: Ըստ Ավետիս Հարությունյանի, 1991 թվականից գործող եկեղեցում վերջին երկու տարին է՝ ինչ հոգեւորական չկա: Տեր հոր բացը լրացնում է հարեւան Լատվիայի հայերի հոգեւոր առաջնորդ տեր Խոսրովը, ով պարբերաբար այցելում է Էստոնիա, պատարագ մատուցում, շփվում տեղի հայերի հետ:
Հովհաննես Հալաջյանը ասաց, որ Էստոնիայի հայերը երկրի գրեթե բոլոր ոլորտներում են՝ գիտություն, կրթություն, արվեստ, առողջապահություն, սպորտ, առեւտուր, փոքր ու միջին բիզնես, բացի քաղաքականությունից: «Կան երիտասարդներ, որ նոր-նոր քաղաքականություն են մտնում, միգուցե տարիներ անց կունենանք հայ խորհրդարանականներ, նախարարներ, քաղաքապետեր»,- ասաց Հովհաննեսը: Էստոնիայում աչքի ընկած եւ հանրապետության կյանքում դեր ու կշիռ ունեցող հայեր արդեն կան: Մեկը պատմական գիտությունների դոկտոր Ռաֆայել Գրիգորյանն է: Ըստ մեր զրուցակիցների, Տարտուի համալսարանում երկար տարիներ դասավանդած պրոֆեսորը հիմնադրել է Հարավէստոնական մշակութային ընկերությունը, Էստոնիայի ազգային փոքրամասնությունների պալատի համահիմնադիրներից է եւ գործող նախագահն ու շատ ակտիվ զբաղվում է ազգային փոքրամասնությունների հարցերով: Պալատում ներկայացված է ավելի քան 40 ազգային փոքրամասնություն եւ այս բոլորի շահերը պետական ու եվրոպական կառույցներին ներկայացնում է հենց Ռաֆայել Գրիգորյանը:
Էստոնիայի նկարիչների միջազգային միության ղեկավարն էլ է հայ՝ Արսեն Կլյան, ով սերտ կապեր ունի հայաստանցի նկարիչների հետ: Էստոնիայի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էլ է հայ՝ Վլադիմիր Ստեփանյան: Էստոնիայի մայրաքաղաքում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոց, հիմնադիրը Գրիգոր Հայրապետյանն է, ում սաները միջազգային մրցաշարերում հաղթանակներ են տոնել եւ տոնում: Գրիգորի եղբայր Ավետիքը հիմնադրել է ֆուտբոլի «Աղթամար» թիմը, որը այս տարի վերանվանվել է «Երեւան» եւ հաղթել Էստոնիայի ազգային փոքրամասնությունների առաջնությունում:
Էստոնիայում կա նաեւ «Արարատ» ֆուտբոլային ակումբ: Ըստ Ավետիս Հարությունյանի, 2001 թվականին ձեւավորված թիմը մինչեւ 2005 թվականը կոչվում էր «Ինտերնացիոնալ»: 2005-ից՝ «Արարատ» դառնալուց այսկողմ թիմը երեք անգամ նվաճել է Էստոնիայի փոքր գավաթը եւ բացի ֆուտբոլ խաղալուց, նաեւ մարզական միջոցառումներ եւ փառատոներ է կազմակերպում՝ ինչպես հայկական, այնպես էլ էստոնական տոների առիթներով: Թիմում խաղում են նաեւ ազգությամբ ոչ հայ մարզիկներ, գլխավոր մարզիչը հենց Ավետիս Հարությունյանն է եւ մտադիր է իր թիմը հասցնել Էստոնիայի պրոֆեսիոնալ մրցաշար:
Մեր զրուցակիցներն ասացին, որ էստոնահայերը բնականաբար կապ ունեն Հայաստանում ապրող իրենց հարազատների հետ, իսկ համայնք-Հայաստան կապը առավելապես հայ եկեղեցու միջոցով է: «Վերջերս կապեր ենք հաստատել ՀՀ Սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների հետ: Երբ Հայաստանից որեւէ պաշտոնյա գալիս է Էստոնիա, համայնքը դիմավորում է, հանդիպում, պատմում կարիքների ու նաեւ ձեռքբերումների, նվաճումների մասին: Եթե մեզ տեղեկացնում են, մենք անպայման հանդիպում ենք: Լինում են պաշտոնյաներ, որ մեզ հետ հանդիպել չեն ուզում»,- ասացին Էստոնիայի հայ երիտասարդների միության ներկայացուցիչները:
Ինչպես օտար երկրում ապրող ցանկացած այլ ազգության պարագայում, մեր դեպքում եւս՝ անխուսափելի են խառը ամուսնությունները: Երիտասարդ էստոնահայերը ասացին, որ մերձբալթյան այս հանրապետությունում ավելի շատ հայ տղաներն են օտար աղջիկ կնության առնում, քան հայ աղջիկներն են համաձայնում իրենց սիրտն ու ձեռքը վստահել օտարին:
Ի տարբերություն Էստոնիայի, հարեւաններ Լիտվայում եւ հատկապես Լատվիայում հայ համայնքներն ավելի մեծ են ու կազմակերպված: Օրինակ, Լատվիայի մայրաքաղաքում հայկական եկեղեցի է կառուցվել, գործում է մշակութային կենտրոն, «Արարատ» անունով թերթ է հրատարակվում: Էստոնահայերը ասացին, որ փորձում են ընդօրինակել նրանց փորձը եւ նաեւ մերձբալթյան երեք հանրապետությունների հայ համայնքների համար ընդհանուր ծրագրեր իրականացնել, օրինակ՝ ամսագիր հրատարակել: Խանգարել է ճգնաժամը: