Պետությունը, կարծես, որոշել է ծնելիության աճի դեմն առնել
ՀՀ ԱԺ-ն հոկտեմբերի 27-ին երրորդ ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ նոր օրենք)՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստները նվազեցնելու մասին, որը, հուսով եմ, այդ հակասահմանադրական խմբագրությամբ նախագահի կողմից չի ստորագրվի:
Նոր օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվելու «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ հին օրենք):
Ո՞րն է այս երկու օրենքների տարբերությունը եւ բնակչության ո՞ր խավն է առավել խոցելի դառնալու նոր օրենքի արդյունքում:
Մինչեւ հարցին պատասխանելը նշեմ, որ Սահմանադրության 1 հոդվածի համաձայն՝ ՀՀ-ն… սոցիալական, իրավական պետություն է, իսկ 35 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի…… իրավունք:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172 հոդվածի համաձայն՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի տեւողությունը 140 օր է. 70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության, եւ այդ արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 169 հոդվածի համաձայն՝ արձակուրդի վճարը հավասար է միջին աշխատավարձին:
Վերը նշվածից հետեւում է, որ վարձու աշխատող կինն իրավունք ունի հղիության եւ ծննդաբերության 140-օրյա արձակուրդի, որի վճարի չափը պետք է համապատասխանի իր միջին աշխատավարձին:
Այժմ վերը նշված հարցի պատասխանը:
Նոր ընդունված օրենքն առաջին հերթին անբարենպաստ հետեւանքներ է առաջացնելու միջին եկամտով վարձու աշխատող հղի կանանց համար, որոնք եթե նախկին օրենքով հղիության ու ծննդաբերության արձակուրդի համար ստանում էին իրենց աշխատավարձի չափով նպաստ, որպես արձակուրդի վճար, ինչը համահունչ էր Սահմանադրության ու Աշխատանքային օրենսգրքի վերը մեջբերված պահանջներին, ապա նոր օրենքով այդպես չի լինի եւ նման կանայք իրենց աշխատավարձից 2-3 եւ ավելի անգամ պակաս արձակուրդային կստանան:
Եվ սա դեռ բոլորը չէ. եթե նախկինում այդ վճարը չէր հարկվում, ապա հիմա հարկվելու է:
Այսպես, ամիսը 300 000 դրամ աշխատավարձ ստացող կինը (որը, ի դեպ, ամեն ամիս մոտ 60 000 դրամ սոցվճար ու եկամտահարկ է վճարում պետբյուջե) հղիության եւ ծննդաբերության 140-օրյա արձակուրդի համար նոր օրենքով կստանա նվազագույն աշխատավարձի 5-ապատիկի չափով նպաստ, որից էլ պետք է պահումներ արվեն, այսինքն՝ նա իր աշխատավարձից ավելի քան 2 անգամ պակաս հղիության եւ ծննդաբերության արձակուրդի վճար կստանա:
Փաստորեն, թեեւ Սահմանադրությամբ խոսք է գնում հղիության եւ ծննդաբերության վճարովի արձակուրդի եւ նման արձակուրդի իրավունքի մասին, նոր օրենքի հիմքում դրվել է այլ փիլիսոփայություն, ըստ որի՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի վճարը նպաստ է, եւ հետեւաբար պետությունն ինչքան ցանկանա, այդքան կվճարի, իսկ աշխատող կնոջ միջին աշխատավարձը դրա հետ ըստ էության կապ չունի:
Նման մոտեցումն ակնհայտորեն հակասահմանադրական է: Բայց սա էլ ամենը չէ:
Նոր օրենքով սահմանվել է, որ այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրից եւ տարածվելու է ուժի մեջ մտնելուց հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:
Այժմ եկեք պատկերացնենք ամիսը 300 000 դրամ աշխատավարձ ստացող ու դրա մոտ 60 000 դրամը որպես հարկ ու սոցվճար՝ պետբյուջե վճարող այն երիտասարդ կնոջ վիճակը, որը վարկով տուն կամ ավտոմեքենա է ձեռք բերել ու ամեն ամիս 200 000 դրամ վարկի գումար է մարում: Նա իր սահմանադրական իրավունքին ու հին օրենքին ծանոթ լինելով հղիացել է, վստահ լինելով, որ ստացվող արձակուրդայինից վարկը կմարի:
Պատկերացնո՞ւմ եք պետությունից նման անակնկալ «նվեր» ստացած 1, 2, 3, 4, 5 կամ 6 ամսական հղիության մեջ գտնվող այդ կնոջ վիճակն ու ապրումները, որը չի իմանում, թե 300 000-ի փոխարեն ստացվելիք 130 000 դրամով ինչպես է մարելու բանկի 200 000 դրամ վարկը, սնվելու ու պահելու իր նորածին երեխային, որը կամուկացի մեջ է՝ շարունակի՞ հղիությունը, թե՞ հրաժարվի…
Նման մի կնոջ ես ճանաչում եմ ու նրա մոտ խաբվածի ատելություն տեսա դեպի իշխանությունը, ինչն էլ ինձ ստիպեց գրել այս նյութը, հույս ունենալով, որ սխալը կուղղվի: Հայտարարում եմ նաեւ, որ եթե սխալը չուղղվի, ապա պատրաստ եմ իմ մասնագիտական գիտելիքներով նպաստելու նման վիճակում հայտնված կանանց խախտված իրավունքների վերականգնմանը:
Հ. Գ. Վերոնշյալ նոր օրենքի հիմնավորումներում ֆինանսական ճգնաժամի հետեւանքների ու պետության անվճարունակության մասին խոսք չի գնում: Ավելին, ամեն օր թմբկահարվում է բյուջեի գերակատարումը: Հետեւաբար հարց է ծագում, այդ դեպքում ի՞նչը ստիպեց ԱԺ-ին գնալու նման հակասահմանադրական ու ոչ պոպուլյար քայլի: Ակամայից հիշեցի օրեր առաջ հեռարձակված այն լուրը, որ ծնելիությունը հանրապետությունում աճում է: Միգուցե դրա՞ դեմն են որոշել առնել՝ ընդհուպ հակասահմանադրական օրենք ընդունելով: Չեմ բացառում: