«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը գիտի, բայց չի ասում
ԼՂ ճանաչման գործընթացը պետք է ավելի վաղ սկսվեր, այժմ ճանաչումը որակական փոփոխություն չի բերելու, որովհետեւ քաղաքական կոնյունկտուրան այնպիսին է, որ Հայաստանից հետո որեւէ երկիր չի ճանաչելու այդ անկախությունը: Այս պահին ԼՂ անկախության ճանաչումը տարածաշրջանում կհանգեցնի ապակայունացման, եթե ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծը Աստանայում կայանալիք նախագահների հանդիպումից հետո էլ դրվի քվեարկության, կնշանակի հայկական կողմը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը, իսկ դա լավ բանի չի հանգեցնի, երեկ «Հայելի» ակումբում հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը եւ հավելել, որ միջազգային հանրությունը չնայած իրարամերժ ձգտումներ ունի, բայց նպատակաուղղված է լուծելու ԼՂ թնջուկը «Հողեր՝ ժամանակավոր կարգավիճակի դիմաց» տրամաբանությամբ, եւ բացելու հայ-թուրքական սահմանը: Իսկ Արտակ Զաքարյանը հիշեցրել է, որ իր կուսակցությունը դեմ է ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին այն պատճառով, որ չի ցանկանում՝ խաթարվի բանակցային ձեւաչափը։ «Այս պահին չկան նախադրյալներ, որոնք թույլ կտան ասել, որ Աստանայում կլինի ճանապարհային քարտեզ, փաստաթուղթ, որի տակ կդրվի ստորագրություն»,- նկատել է Արտակ Զաքարյանը:
Խոսելով ներհայաստանյան իրողություններից ու առաջիկա ընտրություններից՝ ՆԺԿ նախագահը նկատել է՝ «իշխանությունն ունի մի դեմք: Դա Սերժ Սարգսյանն է, ինչ-որ տեղ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ այդ բուրգից ներքեւ գտնվում են քաղաքական կուսակցություններ, որոնք արտահայտում են այսօրվա իշխանության տեսակետները: ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անելու է, որ Հայաստանում առկա բոլոր ռեսուրսները՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, լրատվական, պատկանեն միայն Հանրապետական կուսակցությանը: Դա դասական քաղաքական օլիգոպոլիայի միջոցով իշխանությունը գրավելու ձեւ է»:
Արամ Կարապետյանը ասել է նաեւ, որ իրեն հայտնի է, թե ինչ է լինելու 2013-ի ՀՀ նախագահի ընտրությանը՝ «Սերժ Սարգսյանն ուզում է երկրորդ անգամ դառնալ նախագահ, Արամ Կարապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը չեն գրանցվելու կամ չեն լինելու նախագահի թեկնածուներ: Ես գիտեմ այդ մարդու անունը, բայց չեմ ասում: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ, Ռոբերտ Քոչարյանը չէ, Արթուր Բաղդասարյանը չէ: Քաղաքական դաշտում հին, որպես ընդդիմության ներկայացուցիչ անջատվելու է եւ «հաղթելու» է Սերժ Սարգսյանին»: