Մարոկոյի թագավոր Մոհամեդ 6-րդը, ի տարբերություն իր պապերի եւ հոր, մարոկացի կանանց ազատել է մտրակների հարվածներից:
Մարոկոյի սոցապ նախարարը աշխատասենյակում նստողներից չէ:
Մարոկացի կանայք ազատվել են մտրակի հարվածներից:
«Ես այն նախարարներից չեմ, որոնք նստում են օդափոխիչով եւ գորգերով զարդարված աշխատասենյակում: Ես պարբերաբար շրջում եմ, հանդիպում ընտանիքներին, կանանց եւ հարցուփորձ անում, ծանոթանում նրանց հուզող խնդիրներին»,- հոկտեմբերի 29-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն այսպես ներկայացրեց Մարոկոյի ընտանիքի եւ սոցիալական հարցերի նախարար, այդ երկրի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Նուզա Սկալին: Տասն անգամ առաջադրվելուց եւ պարտություն կրելուց հետո տիկին Սկալիին միայն 2002 թվականին է հաջողվել անցնել Մարոկոյի խորհրդարան: Մարոկոյում ընթացող բարեփոխումների արդյունքում այսօր այդ երկրի խորհրդարանում արդեն 35 կին մանդատ ունի, իսկ ընդհանուր առմամբ իշխանական օղակներում 3428 կին է աշխատում, 10 կին էլ Մարոկոյի դեսպան է՝ տարբեր երկրներում, ինչը, Ն. Սկալիի կարծիքով, իրենց նման երկրների համար, որտեղ կանանց իրավունքները խիստ սահմանափակ են, մեծ ձեռքբերում է: Ներկայումս Մարոկոյի մշակույթի, սպորտի եւ առողջապահության, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի, ընտանիքի եւ սոցիալական հարցերի նախարարները կին են:
Մարոկոյի սոցապ նախարարին լրագրողները հանդիպեցին մայրաքաղաք Ռաբատում: Նշենք, որ Կովկասի լրագրողների այցը Մարոկո՝ «Եվրոպական հարեւանության լրագրողական ցանց» կազմակերպության նախաձեռնությամբ էր: Հոկտեմբերի 25-30-ը լրագրողները հանդիպումներ ունեցան այդ երկրի մարդու իրավունքների խորհրդի, կանանց իրավունքները պաշտպանող հ/կ-ների ղեկավարների, 1970-80-ական թվականներին Մարոկոյում հեղաշրջման փորձեր կատարած եւ ձերբակալված նախկին քաղբանտարկյալների եւ այդ երկրում գործող Եվրամիության ներկայացուցիչների հետ:
Տիկին Սկալին ինքն էլ տարիներ շարունակ պայքարել է մարոկացի կանանց իրավունքների համար: Նրա հավաստմամբ, այս տարիների ընթացքում խորհրդարան անցած կին պատգամավորները հասել են նրան, որ երկրում կանանց իրավունքների մասով լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել: Իսկ մինչ այդ, Մարոկոյում որեւէ կին իրավունք չի ունեցել որեւէ որոշում կայացնելու: Տիկին Սկալին չմոռացավ ընդգծել, որ այսօր Մարոկոյում ընթացող բոլոր բարեփոխումները տեղի են ունենում թագավոր Մոհամեդ 6-րդի բարձր հովանո ներքո, որը նաեւ վերջերս ընդունված Ընտանեկան օրենսգրքի հեղինակներից է: Ընդհանրապես այդ երկրի բարձր ատյաններում քննարկվող ցանկացած հարց առանց թագավորի գիտության կամ նրա վերջնական որոշման տեղի չի ունենում:
Մինչ Մոհամեդ 6-րդի գահ բարձրանալը՝ մարոկացի կանանց իրավունքները, մեղմ ասած, ոտնահարված են եղել. ամուսնու կողմից մտրակի հարվածների արժանանալը, անչափահաս աղջկան հակառակ նրա կամքի կնության վերցնելը, առանց կնոջ կամքը հարցնելու միաժամանակ մի քանի կին ունենալը Մարոկոյում օրենքի սահմաններում է եղել, եւ դրա համար տղամարդուն որեւէ մեկը չի դատապարտել, սակայն թագավորի միջամտությունից հետո հօգուտ կանանց մի շարք փոփոխություններ են եղել:
Ընտանեկան նոր օրենսգրքով Մարոկոյում այլեւս արգելվում է 18 տարին չլրացած անձանց ամուսնությունը: Այս երկրում ցանկացած զույգի ամուսնություն ենթակա է պարտադիր գրանցման: Եթե նախկինում կինն իրավունք չի ունեցել տղամարդուց բաժանվել, ապա այժմ մարոկացի կինը ոչ միայն կարող է դիմել դատարան ու ապահարզան պահանջել, այլեւ, երեխաներ ունենալու դեպքում, ամուսինը պարտավոր է բնակարանը թողնել կնոջը: Ճիշտ է, բազմակնությունը այս երկրի օրենքներով չի արգելվում, բայց տղամարդը կարող է 2-րդ, 3-րդ կին ունենալ միայն առաջին կնոջ համաձայնությունը ստանալուց հետո: Նախարարը ընտանիքների հետ պարբերաբար հանդիպումներ ունենալուց ու կանանց հարցուփորձ անելուց հետո պարզել է, որ բարեփոխումներից հետո ամուսնական զույգերի փոխհարաբերություններն էլ են փոխվել. «Ամուսիններն արդեն իրար նկատմամբ հարգանքով են վերաբերվում, կանայք ամուսինների կողմից ավելի քիչ են բռնության ենթարկվում»:
Եթե բռնության դեպքեր էլ արձանագրվում են, ապա նման կանանց համար այսօր Մարոկոյում գործում են 350 գրասենյակներ, որոնք ընդունում եւ հոգեբանական աջակցություն են ցուցաբերում նրանց:
Հաշվի առնելով, թե մարոկացիներն ինչ արագությամբ են բազմանում (28 տարվա ընթացքում 8 միլիոնից դարձել են 31 միլիոն), միգրացիայի խնդիրը Մարոկոյի իշխանություններին առանձնապես չի մտահոգում: «Առավոտի» հարցին, թե տարեկան քանի՞ մարդ է երկրից արտագաղթում եւ հիմնականում ի՞նչ պատճառներով, տիկին Սկալին ասաց, որ տարեկան կտրվածքով վիճակագրություն չունեն եւ միայն գիտեն, որ արտերկրում բնակվում է 3 միլոն 200 հազար մարոկացի: Նախարարի խոսքերով, երկրից գնում են սոցիալական խնդիրների պատճառով, քանի որ մարդիկ ուզում են ավելի բարեկեցիկ ապրել: Միջին աշխատավարձն այդ երկրում 300 եվրո է, նվազագույնը՝ 160: Մարոկացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, կաշեգործությունն ու առեւտուրը: