Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Նոյեմբեր 03,2010 00:00

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն այս տարվա 10 ամիսներին ստացել է 527 բողոք։ Դրանք հիմնականում ուղղված են եղել բանկերի դեմ եւ վերաբերել են վճարահաշվարկային, վարկային, ավանդային գործառնություններին։ Այս մասին, ըստ tert.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ նշելով, որ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի դիմում-բողոքներն աճել են 120%-ով։ Բացի բանկերից, բողոքներն ուղղված են եղել նաեւ գրավատների, ապահովագրական եւ վարկային կազմակերպությունների դեմ։ Ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված պահանջները վերաբերել են հիմնականում տրանսպորտային միջոցների, բժշկական, ինչպես նաեւ զբոսաշրջային ապահովագրությանը: Գրավատների դեմ բողոքները վերաբերել են առանց հաճախորդին ծանուցելու գրավադրված իրերի իրացմանը:

Այս տարվա 10 ամիսներին հաշտարարի գրասենյակի քննած գործերի 55%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի: Ամենախոշոր հատուցումը եղել է 5,1 մլն, ամենաքիչը՝ 1000 դրամ։ Ընդհանուր առմամբ, բանկերը հաճախորդներին փոխհատուցել են 18 393 371, ապահովագրական ընկերությունները՝ 2 542 510 դրամ: Պահանջների մեծ մասը բավարարվել է կողմերի հաշտեցման միջոցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել