ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 16 շահումով խաղի եւ 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 21 շահումով խաղի եւ 4 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից՝ ընթացիկ տարվա տասը ամիսների տվյալներով՝ շահումով խաղի, խաղատան եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք՝ համապատասխանաբար 12 մլն 400 հազ., 15 մլն 900 հազ. եւ 700 հազ. դրամի չափով: Նույն ժամանակահատվածում 20 շահումով խաղի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: 2010թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 685 մլն դրամի չափով պետական տուրք, որից 360 մլն դրամը՝ շահումով խաղերի, 225 մլն դրամը՝ խաղատների, 100 մլն դրամը վիճակախաղերի գծով: 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 11 խաղատան եւ 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: